Այս մասին բարձրաձայնում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը
Դեռեւս մեկ տարի առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը Սպիտակում աշխատելու տարիներին (նա Սպիտակում եւս զբաղեցրել է նույն պաշտոնը) կեղծ տեղեկանք է տրամադրել «Ախթամար» արտադրական կոոպերատիվի սեփականատիրոջը, զրոյացնելով նրա՝ պետությանը ունեցած 9,5 մլն դրամի պարտքը: Կոոպերատիվի նախագահն էլ ռիսկով այն վաճառել է Համլետ Մխիթարյանին, որը կոոպերատիվը գնելուց անմիջապես հետո թաղվել է պարտքերի մեջ: Հարկայինը «բռնել է վերջինիս կոկորդից»՝ նրան դատի տվել ու հայտնել, որ պարտքերը երեք տարվա ընթացքում աճել են՝ դառնալով 12, 5 միլիոն դրամ: Ու քանի որ հարկայինը նախորդ տիրոջ պարտքը համառորեն փորձել Է բռնագանձել Համլետ Մխիթարյանից, վերջինս ճարահատյալ իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է լրագրողների օգնությանը: Ինչպես ներկայացրեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Համլետ Մխիթարյանից բողոք-նամակ ստանալուն պես՝ «Ասպարեզ» ակումբը 2008-ին բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին ու ՀՀ հարկային պետական ծառայությանը, որից քսան օր անց Մ. Զիլֆիմյանին Գյումրիի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են աշխատանքի՝ Ապարանի տարածքային հարկային տեսչություն: Սակայն կարճ ժամանակ անց նրան այս պաշտոնից եւս ազատել են: Լ. Բարսեղյանին ուղարկված պաշտոնական պատասխանի մեջ նշել են, որ ծառայողական քննություն է իրականացվել եւ հաստատվել է, որ Մ. Զիլֆիմյանը եւ նրա երկու ենթականերն իրենց պարտականությունները կատարելիս անպատասխանատու վարք են դրսեւորել եւ ստացել գրավոր նախազգուշացում, ապա 2008-ի նոյեմբերի 14-ին նա ազատվել է աշխատանքից: Այդ գրության մեջ միաժամանակ հաղորդվել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 205 հոդվածով, որը նախատեսում է պատիժ՝ հարկերը չարամտորեն թաքցնելու համար: «Այնինչ Քրեական օրենսգիրքը մի շարք հրաշալի հոդվածներ ունի՝ 308, 309, 314, 315, որոնք վերաբերում են պաշտոնյայի լիազորությունների չարաշահմանը, լիազորությունների անցմանը, պաշտոնեական անփութությանը, կեղծ փաստաթղթերի տրամադրմանը: Այս հոդվածներով քրեական գործ չի հարուցվել, թեեւ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողական քննությունն արդեն պարզել է, որ անփութության պատճառով, խեղաթյուրված տվյալներով կեղծ տեղեկանք է տրամադրվել տնտեսավարողին: Այս ձեւակերպումը լիովին համապատասխանում է Քրեական օրենսգրքի 314 հոդվածին»,- ասում է Լեւոն Բարսեղյանը: Վերջինս նոր նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, փորձելով պարզել, թե ինչո՞ւ է Մարտին Զիլֆիմյանը ազատվել աշխատանքից: Լ. Բարսեղյանի ներկայացմամբ. «Մեզ ուղարկված պատասխանում պարզապես նշված է, որ նա ազատվել է աշխատանքից, սակայն մեզ համար պարզ չէ՝ ինչո՞ւ: Դա չի կապվում որեւէ զանցանքի կամ հանցանքի հետ: Հանգամանքները մեզ համար պարզ չեն: Արդյոք հիշյալ քրեական գործում՝ խոսքը 305 հոդվածի մասին է, հարկերը չարամտորեն թաքցնելու համար, Սպիտակի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, նույն տեսչության սոցիալական վճարների եւ եկամտահարկի բաժնի պետ Արտակ Սարիբեկյանը եւ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման եւ հաշվառման բաժնի պետ Արմենուհի Զարգարյանը ներգրավվա՞ծ են որպես կասկածյալներ, թե՝ ոչ: Մեզ համար պարզ չէ, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 309 հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, 314-ի՝ պաշտոնեական կեղծիք հատկանիշներով, 315-ի՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով: Չէ՞ որ Պետեկամուտների կոմիտեի կողմից մեզ ուղղված պատասխանում նշված է, որ ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու եւ կատարվող աշխատանքների նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու արդյունքում է այդ կոոպերատիվին տեղեկանք տրվել, դա արդեն իրենք պարզել են: Եթե պարզել եք, ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել պաշտոնյաների դեմ: Եվ մի՞թե պետական եկամուտների քննչական վարչությունը աչքաթող չի արել այն հանգամանքը, որ Զիլֆիմյանը մեկ տարի շարունակ անգործության է մատնված եղել կոոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու հարցում: 2006-ի ապրիլի 7-ի՝ վերոնշյալ տեղեկանքի տրամադրումից հետո, նույն թվականի սեպտեմբերի 5-ին նույն կոոպերատիվին Զիլֆիմյանը նամակ է հղել, տեղեկացնելով, որ կոոպերատիվը պարտք է պետական բյուջեին 9 մլն 570 հազար 900 դրամ եւ մինչեւ Սպիտակի հարկային տեսչության պետի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը՝ մեկ տարի շարունակ չի դիմել դատարան այդ կոոպերատիվից պետբյուջեին ունեցած պարտքը բռնագանձելու պահանջով»: