Ասում է ՀԺԱՄ խորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ հավելելով, որ դեմ է նաեւ ՀԱԿ-ի ցուցակին:
– Վերջերս կայացած համագումարում որոշում ընդունվեց Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում չսատարել որեւէ ուժի: Ինչո՞ւ, որեւէ մեկը ՀԺԱՄ-ականների «սրտովը չի՞»:
– Ընտրություններն ընթանում են համամասնական ընտրակարգով. սատարել որեւէ կուսակցության՝ կնշանակի պատրաստակամ լինել լուծարման կամ դաշինք կազմելու եղանակով միավորվել այդ ուժի հետ: ՀԺԱՄ-ում նման ցանկություն չկա, ոչ էլ համատեղ հանդես գալու առաջարկներ կան: Հետեւաբար, տրամաբանական էր որեւէ ուժին չսատարելը:
– Իբրեւ ընտրող, դիտարկելով քարոզարշավի փուլը, ի՞նչ տպավորություններ եք ստացել, ո՞ր ուժի մոտեցումներն են Ձեզ ավելի հոգեհարազատ:
– Ես չեմ քվեարկելու ՀԱԿ-ի ցուցակի օգտին, որովհետեւ այն մոտեցումները, որ իրենք ունեն, ինձ հոգեհարազատ չեն: Նաեւ՝ ինքս վեց տարի շարունակ գործել եմ ՀՀՇ-ական՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած իշխանության դեմ: Այդ իշխանությունը ես համարում եմ ՀՀ-ում ֆեոդալական հասարակարգի հիմնադիր: Այսօր դրա սաղմերն են մեծացել, տարածվել: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստան մտավ ֆեոդալական հասարակարգի մոդեռն մոդելը: Այսօր էլ նորից նույն մոտեցումն է՝ փողը տանք, քվեն ստանանք: Առաջիկա ընտրությունները, իմ համոզմամբ, լակմուսի դեր կկատարեն, եւ դրանց որակով պայմանավորված կլինեն հետագա շատ քայլեր: Ինչ վերաբերում է իմ նախասիրություններին՝ որեւէ ուժի անուն չեմ տա, պարզապես ընդգծեմ, որ հաճելի չէ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գզվռտոցը: Կոալիցիայի անդամները կռվում են իրար հետ, մինչդեռ իրենք պետք է նախապես պայմանավորվեին խաղի կանոնների մասին:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ընտրությունների արդյունքում էլ ցավալի իրադարձություններ ծավալվեն, ինչպես նախորդ նախագահականի ժամանակ էր:
– Ոչ: Կարծում եմ, որ ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը ողջամտության սահմանը չեն անցնի: Մարտի 1-ի իրադարձությունները մեզ համար մեծ դաս էին, եւ հակված եմ այն տեսակետին, որ ոչ ընդդիմությունն այդչափ ագրեսիվ կպահի իրեն, ոչ էլ իշխանությունը այդչափ անխոհեմ կգտնվի եւ զենք կօգտագործի: Ընտրություններից հետո միշտ էլ լինում են դժգոհներ, բայց միայն քաջ եւ խելամիտ մարդիկ է, որ ընդունում են պարտությունը եւ շնորհավորում են հաղթողին:
– Իսկ հավանական համարո՞ւմ եք մոտ ապագայում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
– Անցյալ սեպտեմբերին նախագահն ուղերձով հանդես եկավ, որում կային իր պատկերացումները, թե ինչպիսի հասարակություն պետք է լինի Հայաստանում: Մասնավորապես, ասում էր, որ կրթված եւ ուժեղ քաղաքացին պետք է լինի պետության հենարանը, որ մեր մանուկները պետք է երազեն առարկայական օլիմպիադայի հաղթողներ լինել, ոչ թե տենչան շքեղ մեքենաներ քշել եւ այլն: Այն ժամանակ մենք ասացինք, որ եթե նախագահն իր մտորումներում անկեղծ է, ուրեմն անպայման պետք է ցրի խորհրդարանը, որովհետեւ ներկայիս խորհրդարանն այդպիսի հասարակություն ստեղծելու ոչ ունակ, ոչ էլ պատրաստակամ է: ԱԺ-ում չկա այն ինտելեկտուալ ուժը, որն անի դա: ՀԺԱՄ-ը պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը. մենք հետեւում ենք նրա գործողություններին, կադրային քաղաքականությանը: Եթե բարձրաստիճան պետական պաշտոններում «մաֆիոզներ» են հայտնվում, արդեն կասկածի տակ է հայտնվում նախագահի ասածների անկեղծությունը: Կցանկանայինք, որ ցրվեր խորհրդարանը, քանի որ այսօր աշխարհը հիմնվում է ինտելեկտի, մշակույթի ու համամարդկային այլ արժեքների վրա: Հայաստանը շատ հետ է մնացել, խորհրդարանն էլ բնավ չի նպաստում այդ առաջընթացին:
– Օրերս կառավարությունը խորհրդարան է ներկայացրել հարկային բարեփոխումների նոր փաթեթ, որն առաջացրել է խորհրդարանում առկա խոշոր գործարարների վրդովմունքը: Իբրեւ մանր եւ միջին գործարարության շահերի պաշտպան՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ նոր առաջարկներին:
– Ես այդ փաթեթին մանրամասնորեն ծանոթ չեմ, ուստի ձեռնպահ կմնամ կոնկրետ կարծիք արտահայտելուց, միայն քաղաքական գնահատական կտամ. երբ տարիներ առաջ ՀԺԱՄ-ը սկսեց հանդես գալ փոքր եւ միջին գործարարության շահերի պաշտպանության տեսանկյունից՝ մենք մենակ էինք այդ կարգախոսը բարձրացնում: Ավելի ուշ այլ քաղաքական ուժեր դա վերցրին, իսկ վերջին շրջանում այդ մասին խոշոր օլիգարխներն են խոսում. մի կողմից լավ է, մյուս կողմից՝ կասկածելի: Եթե խոշոր գործարարը խոսում է մանր ու միջին բիզնեսը սատարելու մասին, ուրեմն ինքն իր խոշոր բիզնեսին հարակից մանր բիզնեսներ չպիտի հիմնադրի, այլ թողնի, որ դա ուրիշ մարդիկ անեն: Վարչապետը տարեսկզբին հայտարարեց, որ ճգնաժամի ծանրությունն իրենց վրա պետք է կրեն խոշոր գործարարները. հավանաբար նման խնդիրներ կան, ու իրենց անմիջական շահն է ոտնահարվում, դրա համար էլ այսօրվա մեծահարուստների խորհրդարանն ըմբոստանում է: