Վստահեցնում է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող մագիստրոս, իրավաբան Պապին Թոխյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, ընտրողները ինչպե՞ս են ընդունում ՕԵԿ անդամներին:
– «Օրինաց երկիրը» Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է բավականին ակտիվ, քանի որ մենք ընտրողներին ասելիք ունենք, շատ լավ պատկերացնում ենք քաղաքի խնդիրները եւ գիտենք դրանց լուծման ուղիները: Ես հետեւում եմ քարոզարշավին եւ տեսնում եմ, որ մրցակցող քաղաքական ուժերը եւս պատկերացնում են Երեւանն առողջացնելու ուղիները: Վերջնական պատասխանը, իհարկե, տալու են երեւանցիները: Մենք մեր ընտրողներին խոստանում ենք մոտեցնել քաղաքապետարանը երեւանցիներին, ստեղծել իրավիճակ, որ քաղաքապետարանը ծառայի երեւանցուն եւ ոչ թե դառնա գլխացավանք Երեւանի բնակիչների համար: Մարդիկ պետք է կարողանան իրենց առջեւ ծառացած խնդիրների լուծումը ստանալ Երեւանի ավագանիում եւ հավատան, որ ավագանին իրենց իշխանությունն է քաղաքապետարանում: ՕԵԿ-ի նախընտրական խոստումներում լուրջ տեղ է գրավում աշխատատեղերով մարդկանց ապահովելու հարցը: Ես գրեթե ամեն օր շրջում եմ Դավիթաշեն համայնքում, որտեղ ապրում են իմ ընտրողները, եւ միակ բանը, որ ինձնից մարդիկ ակնկալում են ընտրվելու դեպքում, այն է՝ ստեղծել հնարավորություն, որ իրենց քրտինքով վաստակեն իրենց երեխաների ապրուստը: Կարեւոր եմ համարում նաեւ, որ Երեւան քաղաքի բյուջեն օգտագործվի արդյունավետ: Չմոռանանք, որ ցանկացած մասնավոր ձեռնարկության տնօրեն իր գումարները հենց այնպես չի ծախսում, դողում է դրանց վրա, նույն վերաբերմունքը մենք պետք է դրսեւորենք նաեւ Երեւան քաղաքի բյուջեի հանդեպ: Այդ բյուջեն պետք է ծախսել ամենայն պատասխանատվությամբ: Քանի որ Երեւան քաղաքի ավագանին է վերահսկելու թե՛ քաղաքապետին, թե՛ վարչատարածքային կառույցների ղեկավարներին, ուրեմն պետք է հետեւի, որ բյուջեի ծախսերը լինեն նպատակային եւ արդյունավետ՝ հանուն երեւանցիների:
– Հանդիպումների ընթացքում ուրիշ ի՞նչ խնդիրներ են մարդիկ բարձրացնում ՕԵԿ-ի առաջ: Չե՞ն պահանջում ասֆալտ անել կամ ընտրակաշառք բաժանել:
– «Օրինաց երկիրն» իր 12-ամյա պատմության ողջ ընթացքում երբեք չի առաջնորդվել այդ մեթոդներով, ինքս արդեն հինգ տարի կուսակցության անդամ եմ, եւ չի եղել դեպք, երբ մեր կուսակցության որեւէ անդամ ընտրակաշառքի խոստում տված լինի կամ մարդկանց ձայները փորձի շահել ինչ-ինչ նվերներով: Մենք մարդկանց համար գրավիչ ենք մեր սկզբունքներով, գաղափարներով եւ կենսագրությամբ։ Մեր կուսակցությունը գաղափարական կուսակցություն է, մենք չենք գնում մարդկանց կաշառելու ուղիով, քանի որ եթե ընտրությունների ժամանակ կուսակցությունն ընտրողին 5 000 դրամ է տալիս, հետո ինքը, կներեք, թքած ունի ընտրողի վրա, երեսին էլ ասում է՝ ի՞նչ եք ուզում, փողը տվել եմ, ընտրել եք: Մենք նման մեթոդներ չունենք:
– Արդյոք չի՞ ընկել ՕԵԿ-ի վարկանիշը, մարդիկ դեռ հավատո՞ւմ են ՕԵԿ-ին:
– ՕԵԿ-ի վարկանիշը չի ընկել, եւ քարոզարշավի ընթացքում ամեն օր, ամեն ժամ համոզվում ենք, որ հակառակը՝ մեր կուսակցության վարկանիշը աճում է, նոր մարդիկ են գալիս մեր ետեւից. դա ցույց է տվել նաեւ մեր պատմությունը: Բոլոր համապետական ընտրություններում մենք հաղթել ենք, նախագահական ընտրություններում շատ արժանապատիվ քվե ենք ստացել: Չի եղել մեր պատմության մեջ դեպք, երբ մենք հաղթանակած դուրս չգանք: Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ մեր կուսակցության վարկանիշը օրեցօր աճում է: Մեր թիմը ներկայանում է որպես շատ մարտունակ, մրցունակ, գյուտարար եւ կրթված թիմ, եւ հենց այսպիսի մարդկանցով ենք գնում ընտրությունների:
– Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը Երեւանի ավագանու կազմում:
– Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, արդեն մի քանի տարի դասավանդում եմ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում եւ իմ գիտելիքները պետք է օգտագործեմ առաջին հերթին Երեւանի օրենսդրությունը բարելավելու համար: Մեր քաղաքում կիշխի օրենքը եւ ոչ թե փողն ու զոռբայությունը կամ՝ ուժի ցուցադրումը, որը այժմ գրեթե ամեն օր տեսնում ենք: Ինքս, դառնալով ավագանու անդամ, ջանք չեմ խնայելու երեւանցիների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: Երեւանը պետք է ունենա արդար ընտրություններում ընտրված ազնիվ, թափանցիկ եւ պատասխանատու իշխանություն: Առաջին հերթին Երեւանը պետք է դառնա քաղաք՝ առանց աղքատության, մրցունակ, մաքուր եւ բարեկարգ: Պետք է ձգտենք ունենալ համաչափ զարգացող Երեւան: Օրինակ, ինչո՞ւ Դավիթաշեն համայնքում չպետք է ունենանք Զագսի կամ նոտարական բաժանմունք, ամեն ինչ պետք է կենտրոնացած չլինի կենտրոնում: Գնում ենք Սարի թաղ կամ Էրեբունի, բոլորովին այլ վիճակ է, քան կենտրոնում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մայրաքաղաքը համաչափ զարգանա: ՕԵԿ-ի ծրագիրը բավականին հավակնոտ է, եւ մեր ծրագրերի իրականացումը ակնկալում է ծանրակշիռ արդյունք:
– Այս իրավիճակում ՕԵԿ-ը որքա՞ն ձայն կհավաքի:
– Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում, բայց մեկ բան հաստատ գիտեմ՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը բավականին ծանրակշիռ տեղ կունենա Երեւանի ավագանիում: