Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻ ՓԱՍՏ

Մայիս 27,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի թիվ 1 հիվանդանոցին կից տարածքում երեկ բացվեց նոր պուրակ, որտեղ հետագայում տեղադրվելու է Մխիթար Հերացու կիսանդրին։ Թեեւ հանրապետականները պնդում էին, թե միջոցառումը քարոզարշավի շրջանակներից դուրս է, այդուհանդերձ հնչեցին ՀՀԿ-ի քարոզչական կարգախոսները:

Ըստ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի՝ 2010-ի հոկտեմբերին լրանում է բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակը, եւ այդ միջոցառումը եւս այդ շարքից է («Առավոտի» կողմից ուշադրություն հրավիրենք՝ 2009-ի մայիսին նշվել է 2010-ի հոկտեմբերի կապակցությամբ մի միջոցառում):

Գագիկ Բեգլարյանը ժամանեց Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ (որը ՀՀԿ-ի ցուցակում գրավում է երկրորդ հորիզոնականը)։ Քաղաքապետը կարճ ելույթով դիմեց ներկաներին, խոստանալով, որ այսուհետ պուրակները շատ կլինեն Երեւանում։ «Եվ մենք այսպես ճոխ բացում չենք անի: Դա մեզ համար կլինի առօրյա»,- հավաստիացրեց նա՝ հորդորելով հավաքված ուսանողներին ակտիվություն ցուցաբերել պուրակների պահպանման գործում։

Պուրակի բացումը տեղի ունեցավ ժամը 14։30-ի սահմաններում։ Միջոցառմանը ներկա ՀՀԿ մամուլի խոսնակ, կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե արդյոք միջոցառումը քարոզարշավի շրջանակներո՞ւմ չէ, պատասխանեց. «Ո՛չ: Քարոզչությունը Հանրապետական կուսակցությունն իրականացնում է ոչ աշխատանքային ժամերին՝ 6-ից հետո, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ բնականաբար, օրվա ընթացքում»: Այս խոսքերից հետո էր, երբ երաժշտության հնչյունների ներքո Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը բացականչեց «Քեզ համար Հայաստան, քեզ համար Երեւան, քեզ համար համալսարան»։ Հիշեցնենք, որ «Քեզ համար Երեւանը» մայիսի 31-ի ընտրությունների քարոզարշավում ՀՀԿ կարգախոսն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել