ԵԽԽՎ ամառային նստաշրջանում համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն կներկայացնեն՝ ինչպես են Հայաստանում գործում ժողովրդավարական հաստատությունները:
Հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում նախատեսված են Հայաստանի վերաբերյալ քննարկումներ: Առայժմ դեռ շրջանառության մեջ չէ քննարկվելիք փաստաթուղթը: Այն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո: Նիստը նախատեսվում է հունիսի սկզբին:
Հայաստանի վերաբերյալ քննարկման նախօրեին՝ հունիսի 23-ին, ԵԽԽՎ պատվիրակները կընտրեն Եվրոպայի խորհրդի նոր քարտուղար: Նստաշրջանի առաջին օրը Վեհաժողովի բյուրոյի անունից ելույթ է ունենալու հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ, ԵԽԽՎ պատվիրակների կողմից մեկ շաբաթ է՝ շրջանառվում է մի փաստաթուղթ, որով առաջարկում է սահմանել «քաղբանտարկյալի» հստակ ձեւակերպումը:
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ներկայումս կան մտահոգություններ, որ գոյություն չունեն «քաղբանտարկյալ» ձեւակերպման հստակ չափանիշները: Նրանք առաջարկում են ԵԽԽՎ-ին նշանակել այս հարցով հատուկ զեկուցող, որի զեկույցը պետք է հստակ սահմանի այն չափանիշները, որոնք որոշում են՝ ով է իրականում քաղբանտարկյալ:
«Այս հարցով զեկուցողի նշանակումը հրատապ է եւ բխում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների շահերից,- հայտարարում են նախաձեռնության հեղինակները, որոնք նաեւ շեշտում են:- Մեր խնդրանքն է նաեւ, որ Վեհաժողովի կողմից զեկույցը ընդունվի նախքան Ադրբեջանում, Հայաստանում, Մոլդովայում կամ որեւէ այլ երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի պատրաստումը»:
Փաստաթղթի տակ ստորագրել են ԵԽԽՎ 25 պատգամավորներ, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը: Ստորագրողների ցանկում չկան հայ պատվիրակներ: