Իշխանությունների մասին ասում է ՀՀ առաջին նախագահը
Եվս երկու օր, եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավային մարաթոնը կավարտվի: Հայ ազգային կոնգրեսն այս փուլը կավարտի եւս մեկ համայնքային հանդիպմամբ՝ Նոր Նորքի զանգվածում, եւ քարոզարշավը կեզրափակի մայիսի 29-ին՝ համապետական հանրահավաքով: Իսկ երեկ Կոնգրեսը հերթական բազմամարդ հանդիպումն ունեցավ՝ այս անգամ Էրեբունի համայնքի բնակիչների հետ, Ազատամարտիկների զբոսայգում: Միջոցառման մեկնարկից առաջ ՀԱԿ-ի առաջնորդները ծաղկեպսակ դրեցին արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարին: ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը, ով վարում էր այս հանդիպումը, հպանցիկ անդրադարձավ ընտրակաշառք բաժանելու մասին շրջանառվող տեղեկություններին եւ ասաց, թե կաշառք վերցնողները մեր ժողովրդի 3 տոկոսն են կազմում, իսկ ընդհանրապես, նրա համոզմամբ, մեր ժողովրդի նման ժողովուրդ ողջ տարածաշրջանում չկա. «Այն փաստը, որ դուք այստեղ եք, նաեւ 2008թ. նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը ծախվող ժողովուրդ չի: Այդ իրենք՝ իշխանություններն են ուզում այդպես ներկայացնել՝ համոզելու համար, թե իրենք թվեր նկարող չեն, այդ ժողովուրդն է ծախվել: Ո՛չ: Ժողովրդին գնելուց, վախեցնելուց, ծեծուջարդի ենթարկելուց հետո էլ էլի ընդդիմությունը միշտ հաղթել է, իսկ իշխանությունը պարզապես կեղծել է ընտրությունների արդյունքը: Սա է ողջ իրականությունը»:
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը նկատեց, թե Կոնգրեսն արդեն 7-8 հանդիպումներ է ունեցել, եւ հանդիպումից հանդիպում դրա մասնակիցների թիվը, հակառակ ընդդիմության մրցակիցների հանդիպումների, ձնագնդի պես մեծանում է, ինչը ոգեւորիչ է, որովհետեւ, նրա ձեւակերպմամբ՝ առաջիկա ընտրությունները պայքար են սեւի ու սպիտակի, արդարի եւ չարի, զոռբայության եւ արդարամտության միջեւ: Նրա ելույթի առանցքը էլի առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցությունն էր: Նա կոչ արեց բոլորին չալարել եւ գնալ քվեարկության՝ շեշտելով, որ չքվեարկողների հաշվին է, որ իշխանությունները հնարավորություն են ունենալու կեղծել ընտրությունները:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը փաստեց, որ հայ ժողովուրդը փոփոխություն է պահանջում, որովհետեւ չի համակերպվում երկրում տիրող անարդարության, անօրինականության հետ, չի հանդուրժում կեղծիքներն ու բռնությունները, բարոյական անկումը: Իրական փոփոխություններ կարող է իրականացնել ՀԱԿ-ը: «Այսօր այդ փոփոխությունների, բացասական երեւույթների մասին խոսում են նրանք, ովքեր իրենք են պատասխանատու այդ ամենի համար: Ընտրություններում հաղթելով՝ Կոնգրեսը հետամուտ է լինելու Երեւանում կուտակված խնդիրների լուծմանը, բայց նախեւառաջ սկսելու է օրինականության հաստատումից, վերջ է տրվելու ամենաթողությանը, անպատժելիությանը: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում հիմա. ով ինչ ուզում, որտեղ ուզում, ոնց ուզում կառուցում է: Ու հիմա այն մարդիկ, ովքեր այլանդակել են այս քաղաքը, գալիս, խոսում են Երեւանի խնդիրների մասին: ՀԱԿ-ը կիրականացնի մի շարք ծրագրեր՝ առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական եւ այլն»,- ասաց Ստ. Դեմիրճյանն ու իր հերթին կոչ արեց էրեբունցիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին՝ իրենց վճռորոշ քայլն անել մեր երկրում օրինականության եւ ժողովրդավարության հաստատման գործում:
Երեկվա հանդիպումը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Անցյալ տարվա ընտրություններում այս իշխանությանը հաջողվեց պահել իշխանությունը՝ բռնություններով, ընտրությունները կեղծելով, սպանություններով: Ժողովրդին սառնասրտորեն գնդակահարեցին Ռոբերտ Քոչարյանի անձնական հրամանով: Մեր ժողովրդի ազնվագույն զավակներին, արցախյան պատերազմի հերոսներին լցրեցին բանտերը: Արդար ընտրություններով ընտրված նախագահը կարիք չուներ այսպիսի բռնությունների: Եթե ոչինչ չլիներ, միայն մարտի 1-ի սպանդն ու հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը փաստում են, որ Սերժ Սարգսյանը այդ ընտրությունները ուղղակի գողացել է, իշխանությունը զավթել է: Ես սա ասում եմ այն բանի համար, որ կարեւոր չէ, թե դուք ում կընտրեք նախագահ, քաղաքապետ: Ինձ կընտրեք, թե ուրիշին՝ կարեւոր չէ: Կարեւոր է այն, որ այդ մարդը իշխանությունը ոչ թե բռնազավթի, այլ որ դուք նրան ընտրած լինեք: Եթե սխալվել եք՝ ոչինչ: Դուք ձեր սխալը ընտրությունների միջոցով ուղղելու հնարավորություն կունենաք: Մենք ուրիշ ոչինչ չենք ուզում: Ինձ կտրեք, լավ կաշխատեմ` լավ, չեմ աշխատի՝ ինձ էլ պիտի վռնդեք: Ժողովուրդը պետք է վռնդելու հնարավորություն ունենա: Այդ հնարավորությունը դուք ունեք: Մայիսի 31-ին դուք կարող եք լուծել այն հարցը, որ ձեզ չհաջողվեց լուծել 1998-ին, 2003-ին, 2008-ին: Հիմա դուք հնարավորություն ունեք այս անգամ հատուցում ստանալու նախորդ երեք կեղծված ընտրությունների համար: Շատ մեծ բան չի պահանջվում ձեզանից: Այո, այս իշխանությունները գազան են, բայց ամենակարող չեն: Նրանք չեն կարող վախեցնել մեր ժողովրդին: Ժողովրդին վախեցնում են միայն այն ժամանակ, երբ նա անտարբեր է, բաժան-բաժան է: Իսկ երբ ժողովուրդը համախմբված է իրեն առաջնորդող ուժի շուրջ, այդ ժողովրդին վախեցնել հնարավոր չէ»: ՀՀ առաջին նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը կոչ արեց երեւանցիներին անպայմանորեն մասնակցել առաջիկա ընտրություններին եւ տեղամասեր գնալ իրենց հարազատ-բարեկամների, հարեւանների հետ միասին:
Երեկվա հանդիպումը ավարտվեց ավանդական եւ բազմամարդ երթով: