Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻՆ

Մայիս 26,2009 00:00

Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված տնտեսագետները հայ մասնագետների հետ երեկ Երեւանում քննարկել են համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու եւ դրա ազդեցությունը մեղմելուն ուղղված հարցեր: «Հայաստան, դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումը նախաձեռնել է «Policy Forum Armenia» միջազգային կազմակերպությունը: Քննարկման մասնակիցները՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների տնտեսագետներն ու ֆինանսական ոլորտի մասնագետները մասնավորապես քննարկել են, թե ճգնաժամը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա եւ առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, տեսակամուրջի միջոցով իր խոսքը փոխանցելով ներկաներին, նշել է. «Ճգնաժամը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր պետության, ընկերության եւ նույնիսկ մարդու: Այսինքն, ճգնաժամային պայմաններում ապրում է ուժեղագույնը: Եվ այդ վիճակից կարելի է դուրս գալ ամրապնդված դիրքերով: Դրա համար հարկավոր է օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է ճգնաժամը»: Տնտեսագետը նշել է նաեւ, որ ամենավատը ճգնաժամի անորոշությունն ու մռայլ կանխատեսումներն են: «Ամիս ամսվա վրա կանխատեսումները կամ ներկայացրած ցուցանիշներն ավելի մռայլ են դառնում՝ գործազրկության աճ, տնտեսական ցուցանիշների նվազում: Այդ ցուցանիշները ցույց են տալիս, որ դեռ այս վիճակից շուտ դուրս չենք գալու: Բնականաբար, ի վերջո, ավարտվելու է ճգնաժամը, հույսը չպետք է կորցնել, բայց նաեւ պետք է պատրաստ լինել վատթարագույնին»:

Քննարկմանը ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Ֆաթիհ Օրաթայը: Խոսելով այն մասին, թե հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական առումով որքանով է դրական եւ արդարացված, Ֆ. Օրաթայը նշել է, որ կավելանան առեւտրաշրջանառության ծավալները, սակայն, ըստ նրա, անկախ ամեն ինչից, առաջին հերթին սահմանը պետք է բացվի՝ ելնելով մարդասիրական նկատառումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել