Վերջակետ է դրվել հանրահայտ երգչուհի Փինկի ու նրա ամուսին, մոտոարշավորդ Քերրի Հարթի ամուսնական կյանքի պատմությանը: Զույգերից յուրաքանչյուրն իր ներկայացուցչի միջոցով մամուլի համար հատուկ հայտարարություն է տարածել՝ կապված իրենց ամուսնալուծության հետ: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվել է. «Անկախ այն բանից, որ բաժանվում ենք, մեր միջեւ թշնամանք չկա, մենք շարունակելու ենք միմյանց հետ շփվել ու մնալ լավ ընկերներ: Ժամանակին միմյանց հանդեպ տածած սերն ամենագեղեցիկ բանն է եղել մեր համատեղ կյանքի ընթացքում ու հենց այդ սիրո շնորհիվ է, որ այսօր մեր միջեւ թշնամանք չկա»:
Զույգերի ամուսնական կյանքում ծագած հենց առաջին խնդիրը մամուլի միջոցով հայտնի է եղել բոլորին: Անցյալ տարի ամռանը, երբ նրանք համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ վիճել են, երգչուհին ամուսնու երեսին պարզ ասել է. «Ես արդեն մտածում եմ մեր ամուսնալուծության մասին»: Ամուսնալուծվող այս զույգերի հավաստմամբ, իրենց համար հեշտ չի եղել այդպիսի որոշում կայացնելը, որովհետեւ նրանց միջեւ իսկապես անկեղծ զգացմունքներ են եղել: Նրանք նաեւ ասել են, որ իրենք ամեն կերպ փորձել են պահպանել ընտանիքը, սակայն, ցավոք, դա տեւել է մինչեւ անցյալ տարվա հոկտեմբերը: Այժմ Փինկի ու Քերրի Հարթի հարաբերություններում ամեն ինչ ավարտված է, նրանք պարզապես ընկերներ են: