Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակներ եւ կորուստներ

Մայիս 26,2009 00:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց

\"\"սիրողական բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:

Տասներեք քաշային կարգերի հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար ՄՀՀ-ի մարզասրահում տեղադրված օլիմպիական երկու ռինգերում պայքարում են աշխարհի 42 երկրների 301 մարզիկներ: Առաջնության բացման արարողությունը, ինչպես սպասվում էր, կազմակերպված էր բարձր մակարդակով, ինչի մասին իրենց հիացմունքն են արտահայտել ինչպես ԱԻԲԱ-ի ընտանիքի, այնպես էլ բոլոր պատվիրակությունների ղեկավարներն ու անդամները:

Հայաստանն իր ներկայացուցիչներն ունի բոլոր քաշային կարգերում եւ դասվում է լիարժեք թիմ ունեցող երկրների շարքը:

Առաջնության մեկնարկը տրվեց շաբաթ օրը: Մեր հավաքականից այդ օրը ռինգ մտավ չորս հոգի, որոնցից երկուսը հենց առաջին մենամարտից հետո վերածվեց հանդիսատեսի: Նրանք են՝ 50 կգ քաշային Աբգար Աբգարյանը, որը միավորների 2:5 տարբերությամբ զիջեց գերմանացի Օլիվեր Գոմանին, եւ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Խլոյանը: Նա ի վիճակի չեղավ արժանի դիմադրություն ցույց տալ հնդիկ Շիվա Թապային՝ պարտվելով 2:11 հաշվով:

Նրանց փոխարեն մարզասերներին ուրախացնում է Կորյուն Սողոմոնյանը (46 կգ), որը մեկնարկային մարտում 7:3 հաշվով առավելության հասավ Անգլիայի ներկայացուցիչ Չառլի Էդվարդսի նկատմամբ, իսկ երեկ բացահայտ առավելությամբ՝ 13:1, հաղթեց ղազախստանցի Ալմազ Տլեուբերգենովին ու մտավ քառորդ եզրափակիչ:

Առաջին օրը հաջող ստացվեց նաեւ 48 կգ քաշային Ազատ Խաչատրյանի համար, որին անձնատուր եղավ բելառուսցի Մաքսիմ Դրեման (10:3): Սակայն Ազատը իր երկրորդ մենամարտը համառ պայքարում 3:5 հաշվով տանուլ տվեց Հուսեյն Բայսանգուրովին (Ռուսաստան):

Հաջորդ օրը մեր թիմն ունեցավ եւս մեկ կորուստ: Դա Արայիկ Հարությունյանն է (57կգ քաշային կարգ), որը նույնպես միավորներով՝ 5:7, պարտվեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստի Ջոյսին: Սակայն իր թիմակցի համար «վրեժխնդիր» եղավ 54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը: Նա 11:1 հաշվով ջախջախեց ավստրիացի Գեորգ Կամբոսոսին եւ պայքարը 1/8 եզրափակիչում շարունակելու իրավունք վաստակեց:

Երեկ մեր հավաքականին հաղթանակներ պարգեւեցին նաեւ +80 կգ քաշային Գոռ Մարգարյանը եւ Սամվել Ոսկանյանը՝ 75 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել