Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵՑ

Մայիս 26,2009 00:00

\"\"Հայ պատանի ծանրորդները Թաիլանդից տուն են վերադառնում օլիմպիական երկու ուղեգրով եւ թիմային գավաթով

Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի անդրանիկ պատանեկան առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում էին 2010 թվականին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր:

ՄՕԿ-ի որոշմամբ Չանգ Մայի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն էր, որի ընթացքում ազգային ֆեդերացիաները հնարավորություն ունեին վաստակելու տղաների եւ աղջիկների առավելագույնը երկուական ուղեգիր: Հայաստանը մրցավայր մեկնել էր միայն տղաների թիմով ու իր առջեւ նպատակ դրել առաջին հերթին նվաճել խաղարկվող երկու ուղեգրերն էլ, ապա նաեւ՝ ձեռնունայն չմնալ մեդալներից: Եվ երկու խնդիրներն էլ նրանք պատվով կատարեցին:

Մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի նվաճած արծաթե մեդալի մասին արդեն տեղեկացրել ենք: Երեկ դեռ Թաիլանդում գտնվող մեր մարզական պատվիրակության ղեկավար, հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ հերթական հեռախոսազրույցից տեղեկացանք նաեւ, որ մեր հավաքականը թիմային պայքարում մասնակից 89 երկրների մեջ գրավել է երրորդ տեղը եւ ոչ միայն Սինգապուրի երկու ուղեգիր նվաճել, այլեւ արժանացել է հատուկ գավաթի: «Ուրախ եմ, որ մեկնելուց առաջ հայաստանցի մարզասերներին տված խոստումը կատարեցինք,- ասաց Սամվել Խաչատրյանը:- Տղաներն իրենց լավ դրսեւորեցին: Հիմնականում արեցին այն, ինչի ընդունակ էին: Դա որակյալ մարզումների արդյունք է, ինչը հնարավոր է դարձել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի նախարարության ու ֆեդերացիայի գործադրած ջանքերի եւ պահանջկոտության, մարզիչների լավ աշխատանքի շնորհիվ»:

Մեր բոլոր տղաներն էլ վարկանիշային միավորներ են բերել Հայաստանին, ինչը կայուն մրցելույթներ ունենալու վկայություն է: Ահա, թե նրանք ինչ տեղեր են զբաղեցրել իրենց քաշային կարգերում:

5. Վարդան Միլիտոսյան, Գյումրի, 50 կգ քաշային կարգ

2. Սմբատ Մարգարյան, Երեւան, 56 կգ

12. Վլադիկ Կարապետյան, Արարատ, 62 կգ

7. Ռաֆֆի Մելիքյան, Գյումրի, 69 կգ

7. Արեն Ներսիսյան, Վանաձոր, 77 կգ

7. Ազատ Սայադյան, Արարատ, 85 կգ

6. Հրաչ Ղարիբյան, Գյումրի, +94 կգ

8. Միշա Մուրադյան, Վեդի, +94 կգ:

Վաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կլինի Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել