ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը՝ հմայիչ եւ ինքնաբավ
Ժենյա Ավետիսյանը վերջին 15 տարում ընդամենը 3 դեր է ստացել:
Մենք չսպասեցինք մինչեւ մայիսի 29-ը՝ սայաթնովյան վարդատոնի առիթով ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ կայանալիք գրական-երաժշտական երեկոյից հետո սիրված դերասանուհու հետ հարցազրույց վարելու պահին: Ցանկացած դեպքում հաճելի է զրուցել մի արվեստագետի հետ, որը տոհմիկ սունդուկյանցի է, հպարտանում է, որ եղել է մեծանուն բեմադրիչ Արմեն Գուլակյանի ուսանողուհին, իսկ բարձր տրամադրության դեպքում ցույց է տալիս Սփյուռքում տեղի ունեցած բազմաթիվ գրական համերգների իր տեսագրություններն ու դրանք ներկայացնող մամուլի հրապարակումները: Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին դերասանուհուն կոչել է հայ բանաստեղծության դեսպան, նշելով, որ արտիստուհին մեծ ներշնչանքով ու սիրով է ներկայացնում հայ դասական ու ժամանակակից քնարերգության լավագույն նմուշները՝ զուգակցելով երգային իր կատարումներով:
45 տարի է՝ ինչ Ժ. Ավետիսյանը Մայր թատրոնում է: Դերացանկը 50-ից ավելի բեմական կերպար է ընդգրկում, որոնց մեջ կան սունդուկյանական, պարոնյանական, շեքսպիրյան եւ այլ հերոսուհիներ: Տիկին Ժենյան հաճույքով է պատմում, որ բեմում է եղել Գուրգեն Ջանիբեկյանի, Ավետ Ավետիսյանի, Դավիթ Մալյանի, Արուս Ասրյանի եւ այլ երեւելիների հետ, եղել Խորեն Աբրահամյանի Պիանքան:
Ժ. Ավետիսյանի ստեղծագործական կյանքը գնահատվել է ըստ արժանվույն: Նա անկախ Հայաստանում առաջին դերասանուհին էր, որը 2002թ. արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստուհու կոչման: Հրատարակվել են արվեստաբան Սերգեյ Առաքելյանի ալբոմ-ժողովածուն եւ թատերագետ Լեւոն Մութաֆյանի մենագրությունը՝ դերասանուհու մասին: Տիկին Ժենյան նաեւ մարդկային երջանիկ ճակատագիր է ունեցել՝ երկար տարիներ ապրելով ու ստեղծագործելով ճանաչված դերասան Յուրի Ամիրյանի հետ: Ամուսինները ստեղծել են բազմաթիվ մանրապատումներ, որոնք սիրով են ընդունվել Հայաստանում եւ արտերկրում: Տիկին Ժենյան հետաքրքիր աշխատանքներ է ստեղծել նաեւ կինոյում (հիշենք նրա Նատոն՝ «Գիքորում»…), իսկ նրա բազմաթիվ կրկնօրինակումները ֆիլմերում արժանացել են բարձր գնահատականների: Գրականագետ Ավիկ Իսահակյանը մի առիթով ասել է. «Ժենյան հայ թատրոնի հմայիչ դերասանուհիներից մեկն է, որի՝ բեմում միայն հայտնվելն արդեն հաճույք է հանդիսատեսի համար»:
Վերջին տարիներին Ժ. Ավետիսյանը քիչ է խաղում, ինչն իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ունի: Դերասանուհին իրավացիորեն դժգոհում է, որովհետեւ ինքն ասելիք ունի եւ շատ է ուզում խաղալ հատկապես Օստրովսկու եւ Սունդուկյանի պիեսներում: Վերջին 15 տարում Մայր թատրոնում նա ընդամենը 3 դեր է խաղացել՝ Սունդուկյանի «Կտակ», «Էլի մեկ զոհ» եւ Օլբիի «Սեր, փող եւ սատանա» բեմադրություններում: Սա արդյո՞ք քիչ չէ մեծ տեմպերամենտի եւ հետաքրքիր նկարագրի տեր դերասանուհու համար: Միանշանակ՝ այո: Ու երեւի դերերի սակավությունն է պատճառը, որ վերջին ժամանակներում արտիստուհին ավելի հաճախ է մղվում էստրադա, այսպես փորձելով հագեցնել քաղցը ոչ միայն բեմի, այլեւ իր հանդիսատեսի նկատմամբ: