Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻ ԱՐԱՄ ԻԼՅԻՉԻՑ

Մայիս 26,2009 00:00

Անկեղծանում է ալտահար Մաքսիմ Նովիկովը

Ալտահար Մաքսիմ Նովիկովը կրկին Երեւանում է: Անցյալ տարի հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ այստեղ իրեն շատ լավ է զգում, որովհետեւ կան ստեղծագործելու բոլոր պայմանները: Հավելենք, որ Մաքսիմը Երեւանում համագործակցում է Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի կազմում ընդգրկված երաժիշտների հետ (Արմինե Գրիգորյան, Կարեն Շահգալդյան, Կարեն Քոչարյան): Տրիոն դասական երաժշտության սիրահարներին օրերս անակնկալ մատուցեց նախ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան տարեդարձին նվիրված համերգով, ապա «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնին՝ մասնակցությամբ:

Զրույցի ընթացքում Մ. Նովիկովն ասաց, որ երաժշտի իր մասնագիտությունը ծնողներն են ընտրել. «Չնայած նրանք անպայման կասեն, որ մասնագիտությանս ընտրությունը ես եմ կատարել»: Մաքսիմի մայրը ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրը աշխատում է բանկում: «Տանել չէի կարողանում հանրակրթական դպրոցը, ֆիզիկա եւ քիմիա առարկաները: Մաթեմատիկայից գոնե գլուխ էի հանում: Երբեմն պատասխանները ուսուցչից արագ էի տալիս,- պատմում է Մաքսիմը ու հավելում,- դպրոց այցելելը ինձ համար դժոխքի նման մի բան էր: Միակ սիրելի վայրը, որտեղ աստղ էի զգում, երաժշտական դպրոցն էր»: 1993-ին, Մոսկվայի պետկոնսերվատորիային կից Ակադեմիական երաժշտական ուսումնարանն ավարտելով, Մաքսիմն ընդունվում է կոնսերվատորիա՝ Յուրի Բաշմետի դասարան, որտեղ ավարտում է նաեւ ասպիրանտուրան: «Բաշմետը միշտ իմ կուռքն է եղել: Դեռ երաժշտական դպրոցում սովորելիս երազում էի ուսումս շարունակել նրա դասարանում: Այդպես էլ եղավ»,- ասաց Մաքսիմը: Նա նշեց, որ իրեն դուր չի գալիս, երբ մամուլում անվան կողքին հայտնվում է, ասենք, հայտնի, ճանաչված պիտակը: Մաքսիմը սնահավատ չէ, բայց թալիսման ունի. վերջին երեւանյան համերգի ժամանակ մի փոքրիկ տղա իրեն նվիրել է խաղալիք ավտոմեքենա. «Որոշել եմ այսուհետեւ այդ նվերը պահել գործիքիս պատյանում, համոզված եմ, որ այն ինձ անպայման հաջողություն կբերի»: Մոտ 9 տարի Մաքսիմը ապրել է Չինաստանում, այնտեղ աշխատել է որպես ալտահարների կոնցերտմայստեր՝ Շենչժենի սիմֆոնիկ նվագախմբում: Ասում է, որ քիչ թե շատ յուրացրել է չինարենը՝ ի տարբերություն հայերենի: Հայերենի իմացությունը սահմանափակվել է հաճախ դրսում հանդիպող ժարգոնից մի քանի արտահայտություններով. «Ապե, բան ա ըլե…»… Ի դեպ, Նովիկովին չեն գոհացնում հայկական ձայներով «աստղիկների» «6/8-անոց» կատարումները: «Տանել չեմ կարողանում փոփ երաժշտությունը, դրա համար երբեք չեմ հետեւում «Եվրատեսիլին»,- խոստովանում է երաժիշտը,- Ռուսաստանում եւս երիտասարդները նման երաժշտություն են լսում, եւ ինչ-որ բան փոխելը նրանց ճաշակում գրեթե անհնար է»:

Հարցրինք, թե որքան ժամանակ են իրենից խլում համերգի նախապատրաստական աշխատանքները: «Օրը գիտի, եթե ներում է առողջությունս, լուծված են սննդի հետ կապված հարցերը, չկան խանգարող հեռախոսազանգեր, ապա անսահմանափակ կարող եմ պարապել»,- ասում է Մաքսիմը: Նա հայ կոմպոզիտորներից մեծ տեղ է տալիս Արամ Խաչատրյանի գործերին: Խոսելով իր համար նախընտրելի խաչատրյանական Երգ-սոնատի մասին՝ երաժիշտն ասաց. «Բավական հետաքրքիր ու բարդ գործ է: Երբեք չեմ մոռանա նախապատրաստական փորձերս: Կար մի հատված, որ ոչ մի կերպ չէր ստացվում: Նույնիսկ զայրացա հեղինակի վրա, որից հետո երեք օր ծանր հիվանդացա: Բուժվելու ելքը գիտեի: Եկա թանգարան. նախ ներողություն խնդրեցի Արամ Իլյիչի կիսանդրուց, հետո համբուրեցի նրա քիթը: Պատկերացրեք, հաջորդ օրն իսկ առողջ էի…»: Հայ ժամանակակից կոմպոզիտորներից էլ Մաքսիմն առանձնացրեց Վաչե Շարաֆյանի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել