Սա մի մեջբերում է թիվ 100 դպրոցի 11 «բ» դասարանի «վերջին զանգի» երեկվա հանդեսից
Երեկ Տիկնիկային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, գեղեցիկ ձեւավորված բեմի վրա կայացավ թիվ 100 դպրոցի 11 «բ» դասարանի «վերջին զանգի» հանդիսությունը: Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը՝ «Կարծես հեքիաթն ավարտվում է, եւ սկսելու ենք նոր հեքիաթ: Ես հաստատ վստահ եմ, որ նոր հեքիաթ է սկսվելու նրանց համար: Ինչո՞ւ, որովհետեւ մենք մեր դպրոցում ստեղծելով ուսումնադաստիարակչական լավ, ջերմ մթնոլորտ, ցուցաբերելով աշակերտակենտրոն մոտեցում՝ կարողացել ենք դաստիարակել այնպիսի երեխաների, որոնց մասին արձագանքը դուք կլսեք մի փոքր ուշ»: Տնօրենի հորդորով՝ դահլիճը ծափահարեց 11 «բ»-ին դասավանդած ուսուցիչներին, որոնք կարողացել էին կրթել մի այնպիսի դասարան, որի 28 աշակերտներից 24-ը գերազանցիկներ են. «Դասարան, որը համենայնդեպս՝ վերջին 3 տարվա ընթացքում, մեր դպրոցի պատիվը բարձր է պահել բոլո՛ր տեսակի մրցույթներում եւ օլիմպիադաներում,- ասաց Արեգա Օհանյանը:- Մանկավարժներ, որոնք հաճույքով են մտել այս դասարան, եւ իրենց գիտելիքները երբեւէ չեն խնայել տալ այս բալիկներին»:
11 «բ» դասարանի դասղեկ Անահիտ Պողոսյանը, որը նաեւ թիվ 100 դպրոցի ուսմասվարն է՝ հուզված էր այնքան, որ գերադասեց խոսքն ասել գրավոր. «Երջանիկ զուգադիպությամբ ինձ բախտ վիճակվեց լինել դասղեկն այն դասարանի, որտեղ սովորում էր նաեւ որդիս: Տարիների համատեղ աշխատանքի ընթացքում այս դասարանում սովորող բոլոր աշակերտները՝ ուսման հանդեպ ցուցաբերած իրենց հետաքրքրությամբ, գերազանց վարքով ու աշխատասիրությամբ, դարձան ինձ համար թանկ, սիրելի եւ որդուս պես հարազատ»: Անահիտ Պողոսյանը նաեւ ասաց. «Այն ամենը, ինչ արել եմ ձեզ համար՝ արել եմ նվիրումով, անհուն սիրով, անշահախնդիր: Սիրելիներս, դուք արժանի եք եղել, քանի որ արդարացրել եք իմ հույսերն ու սպասումները»:
Տնօրենը շնորհակալագրեր հանձնեց այս դասարանի առաջին դասվարին, դասղեկին եւ ուսուցիչներից մեկին: Հետո էլ երեխաները շնորհակալագրեր տվեցին իրենց բոլոր ուսուցիչներին: Սակայն փոխադարձ երախտագիտության խոսքերից բացի՝ աշակերտներն իրենց դասղեկի ղեկավարությամբ նաեւ պատրաստել էին գեղեցիկ մի հանդես: Այստեղ ե՛ւ բանաստեղծական խոսք կար, ե՛ւ հիթային երգերի դպրոցական ռեմիքս, ե՛ւ հումոր: Վերջինիս «32 ատամի» «Բողոքողները» շարքի նմանությամբ արվածը հատկապես արժանացավ ծիծաղի ու ծափերի: Մի քանի օրինակներ մեջբերենք. «Իմ գրիչը էնքա՜ն վատն ա, որ քաղմասում իմ գրիչով են գրում», «Իմ գրիչը էնքա՜ն վատն ա, որ սաղ դասարանի «2»-ներն իմ գրիչով են դնում», «Իմ օրագիրն էնքա՜ն վատն ա, որ սաղ դասարանի բացականերն իմ օրագրի մեջ են դրված», «Բա իմ օրագիրն էնքա՜ն վատն ա, որ դասարանում բլոտ խաղալիս՝ հաշիվն իմ օրագրի մեջ են գրում», «Իմ օրագիրն էնքա՜ն վատն ա, որ մեջն ազատ տեղ կա ու գրված է՝ այստեղ կարող է լինել ձեր գովազդը», «Իմ օրագիրն էնքա՜ն վատն ա, որ պատուհանից շպրտում եմ՝ հետ են շպրտում»:
Հուզիչ էր հանդեսի ավարտը, երբ աշակերտներն իրենց դասղեկին խորհրդանշական սրտիկներ նվիրեցին, իսկ Անահիտ Պողոսյանն էլ նրանց մայրական օրհնանք տվեց ու մաղթեց բարի երթ: