Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մայիս 26,2009 00:00

Թուրք-ադրբեջանական եղբայրությունը վտանգված է

Օրեր առաջ ավարտվեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան: Առաջին հայացքից Թուրքիայի վարչապետի այցի նպատակն առավել քան ակնառու է: Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումից, առավել քան ագրեսիվ՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից: Պաշտոնական Բաքուն բացատրություն է պահանջել Անկարայից, վերջինին մեղադրել դավաճանության մեջ, երբեմն էլ հակաթուրքական տրամադրություններ տարածել երկրի ներսում: Աղմուկ-աղաղակին զուգահեռ, Բաքուն նաեւ սպառնացել է մեծ եղբորը՝ բարձրացնել նրան վաճառվող բնական գազի գինը, անգամ դադարեցնել Թուրքիա առաքվող գազը (թեեւ թուրքերը պաշտոնապես հերքեցին ադրբեջանական գազի թանկացման մասին լուրերը՝ պատճառաբանելով, որ գործող պայմանագրերը թանկացում թույլ չեն տալիս): Թուրք-ադրբեջանական հարաբերությունները հատկապես սրվեցին Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ հայտարարության արդյունքում, որում մասնավորապես նշված է, որ «երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում, համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ՝ երկու կողմերին գոհացնող կերպով»: Այս հանգամանքներում թուրք պաշտոնյաները վարչապետ Էրդողանի գլխավորությամբ շտապեցին Բաքու՝ տեղում կրքերը հանդարտեցնելու: Վարչապետի պատվիրակության կազմում էին պետնախարարը, արտաքին գործերի, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ: «Ադրբեջան է ժամանել եղբայրական եւ բարեկամական երկրի կառավարության ղեկավարը»,- նման ճառով սկսվեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարանի) արտահերթ նիստը, որին մասնակցելու էր եկել Թուրքիայի վարչապետը: Էրդողանն ադրբեջանցի խորհրդարանականներին հավաստիացրեց, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին: «Մեր հարաբերություններն ամուր են՝ հիմնված եղբայրական մշակույթի վրա»,- ընդգծել է Էրդողանը: Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հետեւանքով թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը գերազանցապես պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ, ինչը, Ադրբեջանի պատկերացմամբ, հակասում է իր շահերին: Կարելի է ասել՝ հայ-թուրքական հարաբերություններն ընթանում են առանց նախապայմանների, ուստի եւ ղարաբաղյան հարցը չի առնչվում հայ-թուրքական հարաբերություններին: Պատահական չէ, որ Էրդողանի՝ Բաքվի այցի առաջին խնդիրներից էր թե՛ Ադրբեջանի նախագահին, թե՛ խորհրդարանի պատգամավորներին եւ թե՛ ընդհանրապես Ադրբեջանի հանրությանը վստահեցնել, որ Թուրքիան Ադրբեջանին միայնակ չի թողնի Ղարաբաղի հարցում: «Քանի դեռ Հայաստանը չի դադարեցրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը: Թուրքիան շարունակելու է սատար կանգնել Ադրբեջանին»,- հայտարարել է Էրդողանը եւ հավելել, որ Ադրբեջանի շահերը շարունակելու են առաջնային համարվել Անկարայի համար: Ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ Բաքվի այցից հետո Թուրքիայի վարչապետը մեկնեց Ռուսաստան՝ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու: Եվ հատկանշական է, որ երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Թուրքական մամուլն ի սկզբանե գրում էր, որ Էրդողանի այցը Բաքու՝ «Ադրբեջանի սիրտը շահելու», «Ադրբեջանում դժգոհությունն ու լարվածությունը վերացնելու» նպատակ էր հետապնդում, եւ Էրդողանի հայտարարությունները գրեթե պարտադրված բնույթ էին կրում: Այս նույն ոգին թուրքական մամուլը պահպանեց Էրդողանի վերադառնալուց հետո էլ՝ ունենալով մեկ խնդիր՝ «այսօր համոզենք՝ ճշմարտության օրը միգուցե կգա»: Իր հերթին ադրբեջանական մամուլը, ամփոփելով Էրդողանի այցի արդյունքները, նկատում է, որ Թուրքիայի վարչապետն ընդամենը հանգստացրել է Բաքվին: Կարելի է ասել, որ կարճաժամկետ հատվածում ադրբեջանական կրքերը կարծես թե հանդարտվել են, սակայն թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Ադրբեջանը գիտակցում է, որ Թուրքիայի նախապայմանային քաղաքականությունը չեզոքացվում է Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությամբ, որտեղ որեւէ խոսք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի ներգրավվածության մասին չկա: Քանի դեռ վերոնշյալ փաստաթուղթը գաղտնազերծված չէ, Թուրքիայի կեցվածքն առավել քան հասկանալի է: Ավելին՝ ներքաղաքական պայքարում Էրդողանի կառավարությանն անհրաժեշտ է «պաշտպանել Ադրբեջանի շահերը», քանի որ Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, այդ թվում եւ նախագահին, վարչապետին՝ «եղբայրական Ադրբեջանի» շահերին հակառակ քաղաքականություն վարելու մեջ, եւ ջանում ամեն կերպ հարված հասցնել իշխանություններին: Այսօր նախագահ Գյուլին մեղադրում են նաեւ ժամանակին իշխանության գլուխ եկած «Բարօրություն» կուսակցության հաշիվներից «կորած տրիլիոնի» համար: Բացառված չէ, որ Գյուլը կարող է կանգնել դատարանի առաջ, չնայած որ Թուրքիայի սահմանադրությամբ երկրի նախագահը դատարանի առջեւ պատասխանատու է միայն հայրենիքի դավաճանության համար: Ինչ վերաբերում է Հայաստանի վարքագծին, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը հետեւողական լինի իր իսկ հայտարարած դրույթների իրականացման գործում: Իսկ նշված հետեւողականությունը գոնե կասկածի տեղիք չի տալիս. հիշենք միայն Պրահայում Գյուլի հետ հանդիպումից անմիջապես հետո նախագահ Սարգսյանի հնչեցրած խոսքերը. «Մենք պայմանավորվեցինք հարգել մեր պայմանավորվածությունները»: ՀՀ նախագահը վերստին հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմանները բացառված են: Այս ամենը եւս մեկ անգամ հստակեցվում է նախագահ Սարգսյանի հայտարարությամբ՝ օրերս պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ «հայ-թուրքական հարաբերություններն այլ բանակցություններ են, հայ-ադրբեջանական կամ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները՝ այլ»: Նրա համոզմամբ, Թուրքիան դեռեւս մեծ հնարավորություն ունի համաշխարհային հանրությանը եւ Հայաստանի քաղաքացիներին համոզելու, որ ժամանակակից երկիր է, ղեկավարվում է արդի չափանիշներով, միջազգային իրավունքի սկզբունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել