Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շատ ժամանակ կպահանջի»

Մայիս 26,2009 00:00

Հարցազրույց «Մուսավաթ» կուսակցության Մեջլիսի նախագահ, Ատլանտյան համագործակցության ադրբեջանական ընկերակցության նախագահ Սուլհադդին Աքպերի հետ

\"\"– Ո՞ր երկիրը` Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։

– Կասկածից վեր է, որ երկու պետությունների միջեւ սահմանի բացումից ավելի կշահի Հայաստանը։ Այս դեպքում Հայաստանը, հակամարտության կարգավորման հարցում նույնիսկ կես քայլ չնահանջելով, կհասնի հետեւյալին.

ա) կձեւավորի քաղաքական-դիվանագիտական հարաբերություններ իր թշնամու դաշնակցի հետ, ինչպես նաեւ կհասնի նրան, որ Թուրքիան կփոխի երկկողմանի բանակցություններում ունեցած իր դիրքորոշումը եւ կհրաժարվի հակամարտությունը կարգավորելու եւ գրավյալ հողերը վերադարձնելու պահանջներից,

բ) տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգընթաց, Թուրքիան կչեզոքացվի, իսկ Ադրբեջանի տարածաշրջանային դիրքը կթուլանա, ուստի` Հայաստանը կամրապնդի սեփական դիրքերը բանակցային գործընթացում,

գ) Թուրքիայի հետ սահմանի բացումը օրակարգից կհանի Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատման հարցը եւ կհանի Հայաստանը տրանսպորտային եւ հաղորդակցական մեկուսացումից,

դ) ելքը դեպի այնպիսի շուկա, ինչպիսին Թուրքիան է, եւ դեպի Եվրոպա ճանապարհի բացումը կարող է տնտեսական առումով դրական ազդեցություն թողնել Հայաստանի վրա, ինչպես նաեւ նպաստել երկրի պաշտպանունակության մեծացմանը։

Անհրաժեշտ է ավելացնել, որ այս ամենը տեղի կունենա առանց Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից եւ ցեղասպանության հարցի վերաբերյալ ունեցած հավակնություններից հրաժարվելու։

Թուրքիայի կողմից միակողմանի զիջումները, դիվանագիտական հարաբերությունների ձեւավորումը եւ սահմանների բացումը կարող են նպաստել`

ա) ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ ժամանակավոր փոքրիկ մարտավարական, քաղաքական-դիվանագիտական դիվիդենդների ձեռքբերմանը,

բ) Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առեւտրատնտեսական ոլորտում,

գ) տարածաշրջանում քաղաքականության համեմատական ակտիվացմանը։

Սակայն առաջին՝ այդ դեպքում Թուրքիայի ձեռքբերումները կկրեն ժամանակավոր մարտավարական բնույթ եւ կունենան սահմանափակ մասշտաբ։ Երկրորդ՝ նման ձեւով համեմատաբար «չեզոքացնելով» Հայաստանը, Թուրքիան չի կարողանա չեզոքացնել հայկական լոբբին։ Երրորդ՝ Հայաստանը չի հրաժարվի Թուրքիային ներկայացվող իր ոչ մի պահանջից։ Չորրորդ՝ եթե Թուրքիան նույնիսկ լիովին չկորցնի իր բնական դաշնակից Ադրբեջանին, ապա կարող է կորցնել նրան որպես ռազմավարական գործընկերոջ։

– Ի՞նչը կարող է արմատապես փոխել կամ խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

– Առաջին՝ Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները եւ Կարսի պայմանագիրը, վերջ տա ցեղասպանության եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններին։ Երկրորդ՝ պետք է ազատվեն Ադրբեջանի բռնազավթված տարածքները, եւ Հայաստանը պետք է կառուցողական դիրք գրավի Ղարաբաղի հարցում։ Երրորդ՝ Հայաստանը պետք է ազատվի Ռուսաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցությունից։ Չորրորդ՝ Հայաստանը պետք է փոխի իր ռազմավարական կողմնորոշումը եւ ընտրի ժողովրդավարական զարգացման եւ եվրաատլանտյան տարածություն ինտեգրման ուղին։ Հինգերորդ՝ Թուրքիան պետք է արագացնի Եվրամիություն մտնելու հետ կապված բարեփոխումները, ինչպես նաեւ համաձայնեցնի իր տարածաշրջանային քաղաքականությունը ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Վեցերորդ՝ Թուրքիան չպետք է անտեսի իր բնական դաշնակից Ադրբեջանի ազգային շահերը, այլ կոորդինացնի Հարավային Կովկասի եւ Կասպիական տարածաշրջանի հետ կապված իր քաղաքականությունն Ադրբեջանի հետ։ Յոթերորդ՝ եթե ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը ցանկանում են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղ ճանապարհով, ոչ թե պետք է սատարեն Հայաստանին եւ «հոգ տանեն» նրա մասին, այլ ճնշում գործադրեն Հայաստանի վրա այդ երկրի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշումների միջազգային իրավական նորմերի շրջանակում կատարման հարցում։ Ութերորդ՝ Եվրամիությունը եւ հատկապես Ֆրանսիան ու Գերմանիան պետք է Թուրքիայի համար բացեն այդ կառույցի անդամության հեռանկարը։

– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչ այդ սկսված կամ մտահղացված հաղորդակցական, էներգետիկ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրա։

– Երկկողմանի հարաբերությունները հիմնականում կարող են զարգանալ Թուրքիայի կողմից կատարվող միակողմանի քայլերի հաշվին։ Այդ դեպքում առաջիկայում կարելի է սպասել հետեւյալը.

ա) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մեծ հաշվով կկորցնի հրատապությունը, հատկապես Թուրքիայի համար։

բ) Այդ պայմաններուն Nabukko նախագծի իրականացումը կբարդանա հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման մեջ կատարված փոփոխությունների հաշվին։
գ) Ամենայն հավանականությամբ, սպասվածին հակառակ, կասկածի տակ կհայտնվի անդրկասպիան խողովակաշարի նախագծի իրականացումը։ Հրատապ կդառնա Շահդենիզ հանքավայրից Ռուսաստանի տարածքով գազի տեղափոխման նախագիծը։ Ընդհանուր առմամբ, կբարդանա էներգապաշարների տեղափոխման՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրական ուղիների նախագծերի իրականացումը։
դ) Այս բացասական միտումների պայմաններում կմեծանա ԲԹՍ եւ ԲԹԱ խողովակաշարերի անվտանգության ռիսկը։
– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, եւ արդյոք տարբերվո՞ւմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապված շահերը։
– Առաջին՝ ներկա փուլում հայ-թուրքական հարաբերությունների լիակատար նորմալացումը թվում է խնդրահարույց։ Այդ բարդ գործընթացը շատ ժամանակ կպահանջի։ Երկրորդ՝ քանի որ Թուրքիան չի տեսնի իր կատարած քայլերի ադեկվատ պատասխանը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հավանական սրման, հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վրա դրական ազդեցության բացակայության պատճառով այդ գործընթացը չի կարող լինել տեւական եւ բացի այդ, կարող է ունենալ հակառակ ազդեցություն։ Երրորդ՝ երկկողմանի հարաբերությունների նորմալացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանը որքանով ի վիճակի կլինի վարել անկախ եւ կառուցողական քաղաքականություն, ինչպես նաեւ՝ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հավասարակշռված եւ ադեկվատ մոտեցումից։ Բացի այդ, հարաբերությունների նորմալացման հեռանկարը կախված է նաեւ Ռուսաստանից։ Չորրորդ՝ երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարը պահանջում է համալիր մոտեցում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության զուգահեռ կարգավորում։
Չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի մերձությանը, այդուհանդերձ, նրանք տարբեր պետություններ են եւ ունեն տարբեր ազգային շահեր։ Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ այս երկու բնական դաշնակից երկրների միջեւ չկա ոչ միայն ռազմաքաղաքական դաշնակցություն, այլեւ համաձայնություն ռազմաքաղաքական գործընկերության մասին։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական շահերը եւ հայացքները համընկնում են։ Այդուհանդերձ, ներկա պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի մարտավարական շահերն այս հարցում ոչ միայն տարբեր են, այլեւ՝ ինչ-որ իմաստով հակադիր։ Առկա պայմաններում Թուրքիայի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերվում է՝ հաշվի առնելով հետեւյալ գործոնները. «ոչ մի խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, ԱՄՆ-ի նոր վարչակարգի կողմից հայերի ցեղասպանության ճանաչման երկյուղը, վրացական իրադարձություններից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել