Սյունիքի մարզի անտառների վերականգնման, ապօրինի անտառահատումների բացը լրացնելու համար մարզի բոլոր տարածաշրջանների անտառտնտեսությունները անցած տարի ծառատունկ են կազմակերպել անտառներում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառային տնտեսությունը 27 հեկտարի վրա 120 հազար սոճի է տնկել: Գորիսի անտառտնտեսությունը 125 հազար ծառ է տնկել: 25 հետկար տարածության վրա, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հացենի, սոճի, կաղնի է աճում: 8 հազար ծառ էլ՝ սոճի եւ ընկուզենի, տնկվել է Մեղրու անտառտնտեսությունում՝ 3 հեկտարի վրա: Կապանի անտառային տնտեսությունում էլ նախընտրել են 15 հեկտարի վրա աճեցնել սոճի, կաղնի եւ հացենի՝ ընդհանուր առմամբ տնկվել է 30 հազար ծառ:
Անտառային ֆոնդի հարստացման համար այս տարի շարունակվում են ծառատունկերը, իսկ ապօրինի հատումների դեպքերը նվազում են՝ ի տարբերություն անցած երկու տարիների: 2006 թվականին 47 նման դեպք է արձանագրվել, պատճառված վնասը՝ 12 միլիոն դրամ: 2007-ին գրանցվել է 53 դեպք եւ 3.9 միլիոն դրամի վնաս: 2008-ին՝ 18 դեպք, 3.737 միլիոնի վնաս: Բոլոր դեպքերում էլ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչությունը տուգանքներ է կիրառել: