«Առավոտը» տեղեկացրել է, որ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբաղվող համայնքների ղեկավարներին եւ խոստացել նախատեսվածից 500 տոննա ավելի խաղող մթերել: Անցած հանգստյան օրերին գործարանի տնօրեն Վահե Գրիգորյանը համանման հանդիպում է ունեցել Տավուշի մարզում: Ուսումնասիրվել են Բերդավանի գինու գործարանի արտադրական տարածքը, հնարավորությունները, այս ձեռնարկության միջոցով ընթացիկ տարում տարածաշրջանի այգեգործներից խաղող ընդունելու հնարավորությունները: Ինչպես հայտնեց Տավուշի մարզպետարանի տարածքային բաժնի մասնագետ Գրիշա Մարալչյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանում տարեկան շուրջ 3650 տոննա խաղող է մթերվում: Բերդավանի գինու գործարանը վերջին մի քանի տարում տեղի խաղողագործների բերքը չի ընդունել, իսկ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի խաղողի ընդունման կետն էլ ընդունված հումքի դիմաց վճարումները ձգձգումներով է կատարում: Ուստի տեղի խաղողագործների ցանկությունն է, որ Երեւանի կոնյակի գործարանը Նոյեմբերյանի տարածաշրջանում խաղողի ընդունման կետ բացի: Սա կխթանի մրցակցությունը խաղող ընդունող եւ վերամշակող ձեռնարկությունների միջեւ, ինչից կշահեն այգեգործները: ԵԿԳ-ի՝ խաղողի ընդունման կետի բացման նպատակահարմարությունը կորոշվի առաջիկայում, գործարանի մասնագիտական հանձնախմբի Բերդավան այցից հետո:
Ի դեպ, մայիսի 24-ի ժամը 17-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքում եւ հարակից բնակավայրերում շուրջ 20 րոպե տեղացած կարկուտն ու տեղատարափ անձրեւը վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Աղավնու ձվի չափ ունեցող կարկտից ամենաշատը վնասվել են խաղողի վազերը: