Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉ, ԴԻՎԱՆԱԳԵՏ, ԱՐԵՎԵԼԱԳԵՏ, ԶԻՆՎՈՐ

Մայիս 26,2009 00:00

Լոռու մարզում եւս 4000 երեխա հրաժեշտ տվեց դպրոցին

\"\"\"\"\"\"
\"\"\"\"

Լոռու մարզի 3723 շրջանավարտների հետ 2009 թվականին մեծ կյանք կմտնեն նաեւ Ալավերդի քաղաքի 10 հանրակրթական դպրոցների 207 շրջանավարտներ: Մայիսի 23-ին քաղաքի բոլոր դպրոցներում տոնական բարձր տրամադրությամբ, հրաժեշտի ջերմ խոսքերով անցավ «վերջին զանգ» արարողությունը: Միջոցառման բարձր տպավորության հետ ուրախացնող էին նաեւ շրջանավարտների՝ մեծ կյանքի նկատմամբ ունեցած ընկալումները, ակնկալվող դժվարություններն ու դրանց հաղթահարելու նրանց պատրաստակամությունը: Նրանցից շատերն արդեն ունեն կյանքում ինքնուրույն ապրելու իրենց ծրագրերը: Թիվ 12 միջնակարգ դպրոցին հրաժեշտ տվեց 28 շրջանավարտ, որոնց մասին նրանց դասղեկ Եվգինե Մխիթարյանն ասաց. «Արդեն 40 տարի աշխատում եմ մանկավարժ, դասավանդում եմ մաթեմատիկա: Երեւի 10 անգամ շրջանավարտներ եմ ճանապարհել: Ամեն անգամ այն զգացողությունն եմ ունենում, ասես հարազատիս հեռավոր երկիր եմ ճանապարհում, բայց մեծ սպասելիքներով եմ ուղարկում, մեծ համոզմունք ունեմ, որ նրանցից յուրաքանչյուրը մեր երկրի համար շատ լավ քաղաքացի է դառնալու, շատ լավ մարդ: Հարազատներիս ցրում եմ երկրով մեկ՝ նրանց բերք ու բարիքը տեսնելու ակնկալիքով: Այս տարվա շրջանավարտներիս ամենամեծ առավելությունը նրանց համերաշխությունն է: Բոլորն էլ բարձր որակի մարդիկ են»: Տարիների մեծ վաստակ ունեցող մանկավարժն այս անգամ էլ իր սաներին մաղթեց կանաչ ճանապարհ. «Կցանկանայի, որ այս հրաշալի երիտասարդները ապրեն իսկապես զարգացող երկրում, կցանկանայի, որ հայրենիքը նրանց համար հպարտություն լինի, համերաշխություն լինի ամբողջ երկրում»:

Եվգինե Մխիթարյանը, իսկապես, կյանք էր ճանապարհում հասուն մարդկանց: Նրանցից մեկն էլ Ալավերդու ֆուտբոլային կյանքում հանրահայտ ռմբարկու Սարգիս Քեֆիլյանն է, ով գալիքի եւ իր առաջիկա անելիքների մասին ասաց. «Դպրոցից հեռանում եմ հուզված, 11 տարի նույն դպրոցում սովորելն ու հեռանալը մի քիչ տխրեցնող է: Բայց նաեւ ուրախ եմ, որ կյանք եմ մտնում, հասկանում եմ, որ կյանքիս ավելի պատասխանատու շրջանն է սկսվում: Նախապատրաստվում եմ ընդունվել ԵՊՀ-ի արեւելագիտության բաժին: Երազանքներիցս մեկն է՝ եթե հասնեմ հաջողության, հարկ եղած դեպքում օգնեմ նաեւ այն ընկերներիս, ովքեր ինձ հետ են եղել 11 տարի: Ֆուտբոլի հարցում էլ ես ընկերներիս եւ ծնողներիս խորհրդով հասկացա, որ դա ինձ համար կարող է զբաղմունք լինել եւ ոչ ընտանիք պահելու միջոց: Քանի որ մեր երկիրը դեռ այնքան զարգացած չէ, որ ֆուտբոլիստին տրամադրի այդ հնարավորությունը»:

Տաթեւիկ Պապոյանը իր ուսումնառության 11 տարիների մասին ասաց. «Այդ տարիներն աննկատ անցան, հատկապես վերջին տարին դասարանում ավելի համախմբված էինք, ավելի շատ էինք իրար սիրում, գիտակցված ընկերություն էինք անում: Դժվարություններ կյանքում անպայման կհանդիպեն: Բայց ես կհաղթահարեմ դրանք: Հիմա մեծ եռանդով պարապում եմ, որպեսզի ընդունվեմ Պետական մանկավարժական ինստիտուտ, ուզում եմ դառնալ մաթեմատիկայի ուսուցչուհի: Հարգում եմ մեր դպրոցի բոլոր ուսուցիչներին, սակայն իմ անմոռանալի ընկերն ու բարեկամը կլինի դասղեկս՝ ընկեր Մխիթարյանը»:

Մեծ նպատակներով է կյանք մտնում շրջանավարտ Արամ Գրիգորյանը. «Կընդունվեմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, իմ աշխատանքով կնպաստեմ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, եթե ինձ հաջողվի՝ երազում եմ մեր հանրապետությունը ներկայացնել միջազգային ասպարեզում»:

Շրջանավարտ Սամվել Զալինյանն ու Լեւոն Աղաբեկյանը կյանք մտնելուն պես նախապատրաստվելու են Հայաստանի բանակում ծառայելուն: Նրանք բանակ են զորակոչվելու 2010-ի հենց առաջին զորակոչին: «Դպրոցն ավարտելուց հետո ավտոդպրոցում կսովորեմ, որ բանակում վարորդ լինեմ: Նախապատրաստվում եմ ծառայել բանակում»,- ասաց Սամվել Զալինյանը: Լեւոն Աղաբեկյանն էլ ասաց, որ համակարգչի վրա աշխատել է սովորելու՝ բանակում այդ գործով զբաղվելու համար: Իր միակ որդու հետ կյանք մտնող բոլոր 28 շրջանավարտների համար անհանգիստ, երջանիկ եւ մտահոգ էր Սարգիս Քեֆիլյանի մայրը՝ տիկին Լիանան, որը մայրական գորովագութ հայացքով ու բարի մաղթանքներով էր կյանք ճանապարհում բոլոր շրջանավարտներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել