Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն ունի «ցմահների խնդիր»

Մայիս 26,2009 00:00

81 դատապարտյալ առաջարկել է

\"\"Մայիսի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կիրականացվի համաներում: Մինչ այդ ճշտվում է «համաներման տակ ընկնողների» հնարավոր ցանկը: Մասնավորապես, ասվում է, որ համաներումը կտարածվի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալների, նաեւ՝ տնտեսական եւ ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտվածների վրա:

Հայտնի է, որ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում է 81 ցմահ ազատազրկման դատապարտված: Նրանցից 40-ը նախկինում դատապարտվել էր մահապատժի, 2003թ. հետո նրանց պատիժը «մեղմացվեց»:

Երեկ ցմահ ազատազրկման դատապարտվածները «Առավոտի» հետ հեռակա զրույցի ժամանակ հեռախոսով տեղեկացրին, որ դիմել են Ազգային ժողով՝ «Ցմահականների օրենսդրական փոփոխության առաջարկի մասին» դիմումով:

«Հայաստանում գոյություն ունի ցմահների խնդիր: Բազմաթիվ են կասկածելի, հաճախ նաեւ ամբողջությամբ անարդարացի պատիժ կրողները»,- ասում են նրանք, որոնց կարծիքով՝ իրենց առաջարկը կկասեցնի «ցմահների խնդրի խորացումը»: Ըստ պատժի առավելագույն չափի դատապարտվածների՝ ցմահ ազատազրկումն այսօր պատիժ է, որը նշանակում է, որ դատապարտվածն իրավունք է ստանում վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնել 20 տարի փակ ռեժիմի կալանք կրելուց հետո միայն: Հաճախ դատավորը 15 տարի ազատազրկումն անբավարար է համարում, իսկ 16-ը կամ 17-ը՝ բավարար, բայց քանի որ նման պատժաչափ Հայաստանում գոյություն չունի, ստիպված է անձին ցմահ ազատազրկման դատապարտել: Բարձրացնելով 15 տարվա պատժի սահմանագիծը, ցմահներն առաջարկում են այն դարձնել 20 տարի, կարծելով, որ «դրանով կնվազեն Հայաստանի դատարաններում չափազանցումները»: Նրանք նշում են ԱՊՀ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Վրաստանի քրեական օրենսգրքերը, որոնք «սրբագրվել» են, այսինքն՝ անձինք դատապարտվում են 16, 17, 18… տարվա ազատազրկման, բայց շատ հազվադեպ՝ ցմահ ազատազրկման:

Ցմահականներն ասում են, որ գործող Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերով հստակ չի բնորոշվում «ցմահ ազատազրկում» բառակապակցությունը: Մասնավորապես, չի նշված, թե ո՞ր դեպքերի համար է այն նախատեսված:

Ցմահ դատապարտվածներն առաջարկում են 15 տարի պատիժը կրելուց հետո թույլ տալ, որպեսզի դատապարտյալն իրավունք ունենա դիմելու վաղաժամկետ ազատման համար, քանի որ «չի կարելի բացառել դատապարտյալի ուղղումն ու հասարակության համար վտանգավոր լինելու հանգամանքի վերացումը»:

Դատապարտյալները ԱԺ ուշադրությունն են հրավիրում Քրօրենսգրքի 39-րդ հոդվածի վրա, որում սահմանված են համակատարողներն ու համակատարողների հանցագործությունները: «Այս հոդվածը նախատեսված է «վհուկների որսի» համար եւ հետապնդում է քաղաքական հաշվեհարդարներին օրենսդրական շպար տալու նպատակ: Նման հոդվածների գործարկման միջոցով, դատախազությունը ու դատարանները կարող են հանցանքը կոնկրետ կատարած անձից բացի, մեղադրել հանցանքի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքացիների՝ նրանցից սուտ ցուցմունքներ կորզելու նպատակով կամ դատապարտել նույն հանցանքի համար»,- «Առավոտին» փոխանցեցին ցմահ ազատազրկվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել