Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԻՆ՝ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Մայիս 26,2009 00:00

Հանցավոր խմբի պարագլուխները ոստիկաններ էին

\"\"\"\"
Ամբաստանյալները, ի տարբերություն մեր ճաղավանդակների, «թաքնվում» էին ապակեպատ խցում:
Մեղադրող Գալինա Կարպովան՝ միջնորդության պահին:

\"\"\"\"

Մեր հայրենակիցները՝ տուժողներ:
Դատավոր Պյոտր Շտունդերը հրապարակեց դատավճիռը:

Օրեր առաջ Մոսկվայի քաղաքային դատարանում ավարտվեց 7 հոգուց բաղկացած բանդայի դատավարությունը: Նրանք կատարել էին 10 սպանություն եւ 18 ավազակային հարձակում: Խմբի անդամների մեջ կան ոստիկանության նախկին եւ ներկա աշխատակիցներ: Նրանց մի մասը դատապարտվեց 9-26 տարվա ազատազրկման, իսկ բանդան ղեկավարող ոստիկանության նախկին աշխատակիցներ Դմիտրի Սյոմինին եւ Եվգենի Ֆեոդորովին Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ նրանք 2004 թվականի նոյեմբերի 1-ին մեր հայրենակիցներ Արմեն Խոջոյանի եւ Իգոր Առուշանյանի ավտոմեքենան կանգնեցրել էին Մոսկվա քաղաքում: Վերջիններս րոպեներ առաջ էին դուրս եկել բանկից եւ իրենց մոտ ունեին բավականին մեծ գումար: Հանցագործները ստուգել էին փաստաթղթերը, ասելով, որ ինչ-որ խնդիրներ կան փաստաթղթերում, Արմենին ու Իգորին ուղեկցել էին դեպի իրենց ավտոմեքենան, ձեռնաշղթայել էին նրանց եւ տարել անհայտ ուղղությամբ:

Անտառում մեր հայրենակիցներին նրանք դուրս էին բերել ավտոմեքենայից, ծեծել, կտտանքների ենթարկել, թալանել նրանց ու գրեթե մահամերձ թողել այնտեղ, հույս ունենալով, թե արնաքամ կլինեն: Սակայն նրանց գտել էին եւ տեղափոխել Ձերժինսկ քաղաքի հիվանդանոց: Այժմ 33-ամյա Արմեն Խոջոյանն առաջին կարգի հաշմանդամ է: Հիշեցնենք նաեւ, որ բանդայի անդամներին բավականին ժամանակ հնարավոր չէր բռնել: 2007 թ. Մոսկվայի Կրասնոխոլմսկի կամրջի վրա նրանց արագ սլացող «Ջիպ» ավտոմեքենան կանգնեցրել է պետավտոտեսչության աշխատակից Դմիտրի Ժուչկովը: Նրանք ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ: Երբ Ժուչկովը հանցագործների ավտոմեքենայում նկատել է ձեռնաշղթայված մի մարդու՝ պահանջել է փաստաթղթեր: Նրանք, կրակ բացելով Ժուչկովի վրա, սպանել են նրան: Այս դեպքից հետո իրավապահ մարմինները լուրջ ջանքեր սկսեցին գործադրել՝ բանդային հայտնաբերելու համար:

Դատավճիռը կարդալու ժամանակ մեղադրյալները ծածկել էին իրենց դեմքերը թերթերով: Դատավոր Պյոտր Շտունդերը գրեթե երկու ժամ կարդաց մեղադրական դատավճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել