Ռուսաստանում հայտնաբերվել է խոզի գրիպով վարակված 2-րդ մարդը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նշենք, որ վիրուսով վարակված տղամարդը օրերս ՌԴ է եկել Դոմինիկյան Հանրապետությունից: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Բժիշկների հսկողության տակ է գտնվում նաեւ հիվանդի կինը:
Բարեբախտաբար, մեր երկրում այդ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել: Ինչպես Panorama.am-ին հայտնել է առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը՝ Հայաստանում իրավիճակը վերահսկելի է: Նրա խոսքերով, այն, որ վարակն արդեն Ռուսաստանում է, ավելորդ անհանգստության պատճառ չպետք է դառնա: Ա. Վանյանի հավաստմամբ, տարբերություն չկա, դեպքերը եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում են գրանցված. միեւնույն է՝ բոլոր երկրներից էլ Հայաստան ելումուտ լինում է: «Մեզ մոտ մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման եւ տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Մենք, ինչպես միշտ, ուժեղացված վերահսկողություն եք իրականացնում: Կատարում ենք նախատեսված բոլոր միջոցառումները ոչ միայն օդանավակայանում, այլեւ՝ բոլոր սահմանային անցակետերում: Եթե նկատում եք՝ վերջերս հիմնականում գրանցվում է հիվանդության թույլ տեսակը»,- ասել է Ա. Վանյանը:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի հավաստմամբ, հարկավոր չէ խուճապի մատնվել, քանի որ գրանցված մահվան դեպքերն այնքան էլ շատ չեն: Նա նկատել է, որ երբեմն սովորական, սեզոնային գրիպից մահացություններն ավելի շատ են գրանցվում: Ա. Վանյանը վստահեցրել է, որ Հայաստանում այժմ դեղորայքի անհրաժեշտ պաշար կա. «Վերջերս ԱՀԿ-ն առողջապահության նախարարությանն է տրամադրել 5 200 անձի համար նախատեսված ավելի քան 50 հազար կապսուլա, որով հնարավոր կլինի պայքարել հիվանդության դեմ»: Բացի այդ, նա նշել է, որ լաբորատորիաները հագեցած են թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան թեստերով, այնպես որ, հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում հնարավոր կլինի հստակ պարզել՝ հիվանդի մոտ H1N1 է, թե՝ ոչ: