Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Մայիս 26,2009 00:00

\"\"Բայց մտահոգվելու տեղիք, այնուամենայնիվ, կա

Օրերս Ծաղկաձորում կայացավ «Թմրամիջոցների գործածման առաջնային կանխարգելումը ԶԼՄ-ների միջոցով» դասընթաց, որն իրականացվեց ՄԱԶԾ կողմից եւ ԵՄ ֆինանսավորմամբ: Դա Հարավային Կովկասում Թմրամիջոցների հակազդման ծրագրի (ՀԿԹՀԾ) 5-րդ փուլն էր: Այս ծրագիրն ընթանում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Արդեն պատրաստ է Թմրամիջոցների վերաբերյալ 2008թ. ազգային զեկույցը, որն ամփոփում է 2007-ի տվյալները:

Հայաստանի ծրագրի ղեկավար Գրիգորի Մալինցյանը հայտնեց, որ 2009-2012 թթ. ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը ՀՀ արդարադատության նախարարության կողմից դրվել է շրջանառության մեջ: Թմրամիջոցներին առնչվող համաճարակաբանության եւ տեղեկատվական համակարգի հարցերով ազգային փորձագետ Արթուր Պոտոսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի՝ թմրամոլության նոր ալիք կսկսվի, ինչին պիտի Հայաստանը պատրաստ լինի հակազդելու. մանավանդ՝ տարածաշրջանում վիճակն ավելի վատ է, քան մեր երկրում:

Նշենք, որ բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի եւ ծխախոտի տարածվածության վերջին հետազոտությունը Հայաստանում իրականացվել է 4 տարի առաջ, մասնակցել է 3892 բնակիչ: «Երբեւէ գործածե՞լ եք թմրամիջոցներ» եւ «Արդյոք ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր թմրամիջոց են օգտագործում» հարցերից առաջինին աննշան թվով դրական պատասխան է ստացվել: Մինչդեռ այլ հարցերի շնորհիվ պարզվել է, որ համեմատաբար բարձր է այն հետազոտվածների տոկոսը, ովքեր ճանաչում են կանեփից ստացված թմրամիջոց գործածող անձանց (5,4%)՝ ի համեմատ 0,9%-ի՝ կոկաին գործածող անձանց դեպքում եւ 0,6%-ի՝ հերոին գործածող անձանց դեպքում (գործածել է նաեւ մարիխուանա, 0,9%-ը՝ այլ թմրամիջոցներ, 17,1%-ը՝ ինհալանտ միջոցներ, իսկ 0,4%-ն ալկոհոլը զուգակցել է դեղահաբերի հետ):

2007թ. ՀՀ-ում իրականացվել է դպրոցականների առողջության վարքագծի ուսումնասիրություն 60 հանրակրթական դպրոցներում, հարցմանը մասնակցել է 12-17 տարեկան 1206 դպրոցական:

Հարցվողների 2,4%-ը երբեւէ գործածել է որեւէ տեսակի թմրամիջոց: Նրանցից 0,9%-ը եղել են աղջիկներ, 4,9%-ը՝ տղաներ: Տղաների 10%-ը եւ աղջիկների 20%-ը հրաժարվել են լրացնել հարցաթերթը, ինչը կարող է նշանակել, որ նրանք վախեցել կամ ամաչել են խոստովանել:

Բարեբախտաբար, Հայաստանը դեռահասների կողմից թմրամիջոցների գործածման առումով հարաբերականորեն ավելի բարվոք վիճակում է, քան եվրոպական երկրները: 2007 թ. նարկոլոգիական կլինիկայի էլեկտրոնային տվյալների բազայում գրանցվել է 83 թմրամիջոց գործածող հիվանդի տվյալներ (1 կին եւ 82 տղամարդ), մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն, 2007 թ. 122 հիվանդ է բուժում ստացել, որոնցից 79-ը՝ առաջին անգամ: Բուժում ստացած հիվանդների միջին տարիքն է 35-ը: Նրանց մեծամասնությունը (53,0%) որպես հիմնական թմրամիջոց նշել է «չերնյաշկան»:

Ծաղկաձորյան միջոցառման մասնակիցները փաստեցին, որ ներկայումս Իրանում կա շուրջ 2 մլն ներարկային թմրամիջոց գործածող, Վրաստանում՝ 25-30 հազար, Ադրբեջանում՝ 130 հազար, Առողջապաhության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանում կա 7-13 հազար ներարկային թմրամիջոց օգտագործող: Խոսք գնաց նաեւ այն մասին, թե ինչպես են 2005թ. Հայաստան ներմուծվել սրվակներով թմրամիջոցներ, այնպիսիք, որոնք ծանոթ չեն եղել «տեղական» թմրամոլներին, ու վերջիններս, ճիշտ չհաշվարկելով «դոզան», մահացել են: Ասվեց նաեւ, որ նման մահերը սովորաբար «գրվում» են ինֆարկտ-ինսուլտի անվան տակ եւ երբեք չի գործածվում գերդոզավորում եզրույթը:

Հայաստանի բժիշկ-գիտնականների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կարծիք հայտնեց, որ երբեմն «կանչող» անուններով որոշ ակումբներ գուցե թե երիտասարդների շրջանում կասկածելի հաճույքների հեռանկարներ են «խոստանում»: Զրուցեցինք դրանցից երկուսի՝ «Էքստազիի» եւ «Ամստերդամի» ներկայացուցիչների հետ: «Առավոտի» դիտարկմանը, որ ակումբի անունը ասոցացվում է թմրամիջոցի եւ դրա օգտագործումից բխող «հետեւանքների» հետ, «Էքստազի» ակումբի բարմեն Սամվելը չհամաձայնեց. «էքստազի նշանակում է անհայտ հաճույք… Մենք ոչ մի վատ բան նկատի չունենք, որովհետեւ դիսկոտեկ ենք ու կարաոկե…»:

«Ամստերդամ» ակումբի մենեջեր Ռիման էլ նշեց, որ ակումբի անունը պայմանավորված է սեփականատերերից մեկի՝ Ամստերդամի քաղաքացի լինելով: «Ճիշտ է, մեր մատուցողների հագուստների վրա մարիխուանայի նշան կա, բայց տակը գրված է, որ չունենք»,- հավելեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել