«Հաճախ տարածված է այն մտայնությունը, որ հիփոթեքային վարկեր ընդհանրապես չեն տրամադրվում։ Հիփոթեքային վարկերը կան, դեռեւս շարունակում են տրամադրվել, սակայն կան որոշակի խնդիրներ գների անկման եւ այլ խնդիրների հետ կապված, ու դրանք էապես պակասել են։ Հուսով ենք, որ, խթանման որոշակի ծրագրերից ելնելով, հիփոթեքային վարկերի տրամադրումը մոտ ապագայում կսկսի ավելանալ»,- այս մասին երեկ լրագրողներին ասել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: ԿԲ փոխնախագահն ասել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից եւ միջազգային այլ կառույցներից մեր երկրին խոստացված դրամական աջակցության շնորհիվ $2 միլիարդից ավելի միջոցներ կուղղվեն Հայաստանի տնտեսության զարգացմանը: Վ. Գաբրիելյանի կարծիքով, մեր երկրում ընթացիկ տարում տնտեսական աճ չի լինի, դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն 2010-ին: Ըստ ԿԲ փոխնախագահի, այս տարի տնտեսական անկումը կլինի 7-8%:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԿԲ-ն 1%-ով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Լրագրողներից մեկի հարցին՝ այդ երեւույթը չի՞ հանգեցնի մեծածավալ էմիսիայի, ԿԲ փոխնախագահը պատասխանել է. «Տոկոսադրույքի իջեցումն արդեն էմիսիա է։ Պարտադիր չէ, որ կանխիկ փող լինի, դա նաեւ էլեկտրոնային փողերի ավելացում է։ Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ, եթե արվում է չափի մեջ եւ տնտեսական զարգացումներին համահունչ»։
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հավաստմամբ էլ, պետք չէ անտեղի լավատեսություն ունենալ, քանի որ «Հայաստանի տնտեսության մեջ առաջին դրական փոփոխությունները, լավագույն դեպքում, տեղի կունենան 2011 թվականին»: Ըստ Բ. Ասատրյանի, «Մեր տնտեսության կազդուրման համար անհրաժեշտ է կառավարության հստակ հակաճգնաժամային ծրագիր՝ առանց այնպիսի պատրանքային ծրագրերի, ինչպիսիք են տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ստեղծումը կամ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»: