Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԹՈԴ Է ԳՏՆՎԵԼ

Մայիս 26,2009 00:00

\"\"ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը վստահ է, որ գտել է ոչ միայն խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու, այլեւ կառավարության մյուս չիրագործված ծրագրերը իրականացնելու ուղիները:

Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը պայքարում է ստվերային տնտեսության դեմ, սակայն արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն: Վերջերս ոլորտի պատասխանատուները մի քանի օրով պարբերաբար փակում են ստվերում գործող գործարարների խանութներն ու արտադրական օբյեկտերը, անգամ նրանց խոշոր տուգանքների են ենթարկում, սակայն օրենքը շրջանցող ու ստվերում գործող գործարարները դրան ոչ մի նշանակություն չեն տալիս: Իսկ ահա Երեւանի ավագանու համար պայքարող Ժողովրդական կուսակցությունը, իր կարծիքով, հայտնագործել է ստվերային տնտեսության դեմ պայքարի «ամենաարդյունավետ» միջոցը: ԺԿ նախագահ եւ ավագանու թեկնածու Տիգրան Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց մեթոդի շնորհիվ ոչ միայն հնարավոր է պայքարել ստվերի դեմ, այլեւ այն առհասարակ վերացնել: Ըստ Տ. Կարապետյանի՝ փոխանակ խոշոր գործարարների մոտ «հարկային «դեսանտ» ուղարկելու, ավելի լավ է այդ հիմնարկի օգտագործած գազն ու ջուրը չափել. «Եթե գործող, արտադրող հիմնարկ է, ունի հասցե, ապա օգտագործում է էլեկտրականություն, ջուր կամ գազ: Եթե մենք իմանում ենք, թե մեկ միավոր արտադրանքի վրա որքան ջուր, գազ կամ էլեկտրաէներգիա է ծախսվել, ապա կարելի է հաշվարկել, թե որքան արտադրանք ունի տվյալ հիմնարկությունը, եւ ստվեր չի լինի: Անպայման չէ բերել-նստացնել հարկային հսկիչներին, որոնք էլ կհամախմբվեն, ու մենք կունենանք ավելի մեծ ստվեր: Մենք առաջարկում ենք դրսից ստուգել հաշվիչները, որոշել՝ ինչքան ծավալի արտադրանք է տվել, բայց մի պայմանով, որ չկարողանան հաշվիչը կեղծել: Սա ընդունելի տարբերակ է քաղաքի համար»:

Մեր երկրում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ապարդյուն ջանքերը կարող են արդյունավետ լինել, իսկ արդյունքը կապահովի հենց ինքը՝ իր նախընտրական թիմով: Ըստ ԺԿ նախագահի՝ Հայաստանն ու Երեւանը ոչնչով չեն զիջում Երուսաղեմին. «Ի՞նչ կա Երուսաղեմում, որ Հայաստանում չկա, բացի, ասենք, Հիսուս Քրիստոսի գերեզմանից: Մենք ունենք առաքելական եկեղեցի, մենք ունենք հեթանոսական Գառնին, մենք ամեն ինչ ունենք, որ մարդկանց հրավիրենք մեր երկիր: Օրինակ՝ Ռուսաստանում մի գյուղում 600 տարվա պատմություն ունեցող մի եկեղեցի կա, ու այնտեղ 300 տուրիստ էր գնացել, նույնիսկ չգիտեն էլ ինչո՞ւ են գնացել, պարզապես կատալոգներում տեսել են ու գնացել: Այ, դրա համար հարկավոր է պարզապես ցույց տալ, որ Հայաստանում կան արտասահմանցիներին հետաքրքրող բաներ»: Մեր այն դիտարկմանը, թե նշված պատմական կոթողները գտնվում են մայրաքաղաքից դուրս, պարոն Կարապետյանն ասաց. «Իսկ Մատենադարա՞նը: Կոթողներ կան նաեւ Երեւանի շրջակայքում: Պետք է Երեւանում ոչ թե այնպիսի բազա ստեղծել, որ արտասահմանցիները գան մեր աղջիկների հետ ամուսնանալու, այլ փորձենք այնպես անել, որ իրոք մեր հայկական արժեքները ներկայացվեն այդ բազայում: Օրինակ՝ Էրեբունին: Կամ պետք է արժանի հայերին կանչել ու պատվավոր քաղաքացի տալ, որոնք լումա ունեն Երեւանի համար, այլ ոչ թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին կամ Շեւարդնաձեին, որոնք ոչ մի կապ չունեն Երեւանի հետ»:

ԺԿ-ի նախընտրական ծրագրում նաեւ նշված է. «Ձեռնարկատիրության ոլորտում՝ ազատ շուկայական եւ հավասարակշռված մրցակցային պայմանների երաշխավորում»: Այս տողերը պարոն Կարապետյանն «Առավոտին» այսպես պարզաբանեց. «Եթե հարկատուները, իհարկե՝ ոչ խոշորները, ամեն ամիս պարտաճանաչ վճարում են հարկերը, կարելի է օգնել նրանց եւ որոշակի տոկոսով իջեցնել հարկերը: Ամեն տեղ սա կիրառվում է, օրինակ՝ մարդը 4-5 ամիս մշտապես վճարում է իր ջրի վարձը, նրան պարգեւատրում են, դա կխթանի, որ մարդիկ լինեն պարտաճանաչ հարկատու»:

Պարզվում է, որ պարոն Կարապետյանը որոշել է ստանձնել նաեւ կառավարության գործառույթները եւ կանոնակարգել Պետեկամուտների կոմիտեի աշխատանքները. «Շատ դժգոհ եմ մաքսայինի աշխատողներից ու իրենց մոտեցումներից: Մաքսայինը կողոպտում է բնակիչներին, օրինակ՝ քաղաքացին ծանրոց է ստացել, որտեղ օգտագործված բջջային հեռախոս կար, որի համար մաքսատունը 28 հազար դրամ է ուզել, այն դեպքում, երբ հեռախոսը 1 դոլարով է գնված եղել: Ի՞նչ հիմքով են այդպես անում: Ասում են՝ մենք ունենք կատեգորիաներ ու հաշվում ենք»:

Մեր այն դիտարկմանը, թե մաքսայինում որեւէ բան փոխելը ոչ թե Երեւանի ավագանու, այլ կառավարության գործն է, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Շատ սխալվում եք, որովհետեւ Երեւանը չի հավասարվում մարզի կարգավիճակին: Քաղաքն ունենալու է իր բյուջեն եւ իր կարգավիճակից ելնելով՝ պետք է այնպիսի մոտեցումներ ձեւավորվի, որոնք ձեռնտու են Երեւանին: Իսկ քաղաքին ձեռնտու է, ենթադրենք, որ մեկը գալիս է ներդրում անելու, ինքը հնարավորություն ունենա սարքավորում բերի՝ առանց մաքսային վճարների: Ներդրողը չի գալիս, որովհետեւ նրանց ասում են՝ 20 միլիոն կաշառք տուր, քեզ կթողնենք գործ դնես: Հենց Երեւանում են գտնվում բոլոր խոշոր հարկատուները, գերատեսչություններն ու մեծ փողերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել