Եվ երեքն էլ՝ արդարադատության հետ որեւէ առնչություն չունեցող
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեցին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի դատավարությունները: Գ. Ոսկերչյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով: Հարցաքննվեցին մի քանի վկաներ: Արիստակես Վարդանյանը, ում հարցաքննությունը կիսատ էր մնացել նախորդ դատական նիստի ժամանակ, այս անգամ ներկայացել էր իր փաստաբանի՝ Ավագ Լալայանի հետ միասին: Մեղադրող Աշոտ Նադոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքը, նշելով, որ վկա Ա. Վարդանյանի՝ դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ հակասություններ կան: Ոսկերչյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը առարկեց մեղադրողի ներկայացրած միջնորդությանը, նշելով, որ նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպան Հրանտ Գեւորգյանի հարցին, թե՝ նախաքննության ընթացքում ցուցմունքը գրվել է ինքնուրո՞ւյն, թե՞ քննիչի թելադրանքով, վկան պատասխանել է, որ ցուցմունքի որոշ մասը քննիչի թելադրանքով է գրվել: Ապա Մ. Շուշանյանը միջնորդեց՝ հիմք ընդունելով ՔՕ 104-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, վկա Ա. Վարդանյանի նախաքննական ցուցմունքի՝ որպես ապացույց օգտագործումը ճանաչել անթույլատրելի: Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը թույլատրեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, որից հետո մեղադրող Նադոյանը վկային հարցրեց առկա հակասությունների մասին: Վերջինս նախաքննական ցուցմունքի մասին ասաց, որ մինչեւ 2008 թ.-ի փետրվարի 3-ը իր ներկայացրածն է, իսկ մնացածի մասին ասաց. «Ստիպված եմ գրել, որ էլ չկանչեն, տանում, 5-6 ժամ նստացնում էին մի սենյակում, փակված: Նոր էի հիվանդանոցից դուրս եկել, ինֆարկտ տարած մարդը հնարավո՞ր է, որ ավտոբուս վարի: Ինչ գրել եմ, սուտ է: Քյալլից դուրս գրել եմ, էլի…»: Ա. Վարդանյանը նաեւ ավելացրեց, որ մինչեւ փետրվարի 3-ն է 2 անգամ 5000-ական դրամ ստացել՝ գազ լցնելու համար: Նա նաեւ նշեց, որ նախորդ անգամ տված վկայությունից հետո զանգ է ստացել, թե ինչո՞ւ է ինքը վկայություններ տալիս, բայց չի իմացել, թե ով է եղել զանգահարողը:
Դատական այս նիստը հետաձգվեց մինչեւ այսօր՝ ժամը 12-ը:
Դատական մեկ այլ սրահում վկայություն էր տալիս Մյասնիկ Մալխասյանի գործով վկա Գագիկ Ավդալյանը: Նա, հրաժարվելով իր տված ցուցմունքներից, նշեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունում դիմակավորված ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել. «Ես մենակ կինոյում էի այդպիսի բան տեսել, ասում էին՝ չե՞ս հիշում էն սովի, ցրտի տարիները, ասում եմ՝ ընդամենը 28 տարեկան եմ ու չեմ հիշում»: Վկայի խոսքերով՝ իրեն նախ ծեծում էին ցույցին մասնակցելու, իսկ հետո նաեւ՝ ցուցմունք գրելու համար: Նա նաեւ պատմեց մանրամասները. «Թելադրում էին, ես գրում էի, եթե մի պահ ասում էի, ախր, էս սենց չի, ո՞նց գրեմ, մեկ էլ կատաղած շների նման հասնում էին վրես»: Վկան մի քանի անգամ պնդեց, որ իր կամքով մի բառ անգամ չի գրել: Նա նաեւ նշեց, որ ամեն օր մեքենաներով գալիս, վախեցնում են հարազատներին:
Մինչ Մ. Մալխասյանի դատական նիստը շարունակվում էր, միջանցքում հավաքված մարդիկ ականատես եղան, թե ինչպես են մի քանի ոստիկաններ փորձել բերման ենթարկել կամ առեւանգել Հակոբ Հակոբյանի գործով վկա Մուշեղ Անտոնյանին: Վերջինս ինքնակամ ներկայացել էր դատարան՝ պաշտպանի հետ միասին, թեեւ մինչ այդ դատավորը նրան բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Հավաքվածները, շրջափակելով վկային, չթողեցին, որ Մուշեղ Անտոնյանին տանեն: Սակայն մեղադրողի խնդրանքով մինչեւ ժամը 15.00-ը հետաձգված նիստը սկսվելուն պես դատավոր Գ. Ավետիսյանը կրկին հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է մինչեւ այսօր, ժամը 12.30-ը: Այս առնչությամբ պաշտպան Մելանյա Առուստամյանն ասաց. «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ դատավորը իրականացնում է գլխավոր դատախազի՝ Աղվան Հովսեփյանի հրամանը»: Այս ընթացքում դրսում հայտնվել էր մեկը (վերջինս չէր ներկայանում), որը եկել էր բերման ենթարկելու վկա Մուշեղ Անտոնյանին: Հավաքվածները, շրջապատելով Մ. Անտոնյանին, չթողեցին, որ նրան տանեն, քանի որ վերջինս բերման ենթարկելու իրավունքի թուղթ չներկայացրեց: Իսկ վկայի անվտանգությունը ապահովելու համար լրագրողները որոշեցին, որ վերջինիս տանեն «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն: