Հունիսի 2-ին Քրեական վերաքննիչ դատարանում կսկսվի սուտ մատնության համար 3 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
Իսկ երեկ Սարգիս Հացպանյանն «Առավոտին» է ուղարկել իր հետեւյալ հայտարարությունը. «2008 թ. նոյեմբերի 7-ից ի վեր ԿԳԲ-ի մութ սենյակներում կայացված անհեթեթ ու ապօրինի մի որոշման զոհը դառնալու պատճառով բանտարկված եմ։ Այս ամբողջ ժամանակահատվածում գտնվածս ԿԳԲ-ի պադվալում, թե «Վարդաշեն»-ում, Հայաստանում կալանավորված անձանց համար նախատեսված բազմաթիվ իրավունքների մեծ մասից զրկված լինելով, մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորող քստմնելի բոլոր երեւույթների դեմ ինչքան որ ուժս պատել է՝ դիմադրել, պայքարել եմ։
2009 թ. մայիսի 14-ից ի վեր ինձ արգելել են նաեւ հեռախոսազանգեր տալ, եւ բանտի վարչակազմն ամեն ինչ անում է արտաքին աշխարհի հետ կապս խզելու համար՝ ինձ տոտալ մեկուսացման ենթարկելով։ Նրանց հլու- հնազանդ ծառայող մի քանի տեսուչի միջոցով անընդհատ փորձում են սադրանքների դիմել ինձ հավասարակշռությունից հանելու համար, որն էլ հաճախ իրենց հաջողվում է, դժբախտաբար։
Ըստ իս՝ տխրահռչակ 1937 թվականից շատ բանով չենք տարբերվում, սակայն գիտակցում եմ նաեւ, որ 21-րդ դարի պայմաններում գործող հայաստանյան ԶԼՄ-ներից շատերը մեր երկրում տիրող անմարդկային երեւույթների դեմ իրենց ձայնը բարձրացնելու քաջությունն ունեն։ Ապավինելով համամարդկային նման պատվաբեր արժանիքներից գիտակցաբար չհրաժարված բոլոր մարդկանց զգոնությանը՝ սպասում եմ, որ ճնշված եւ իրավազուրկ մարդկանց «նորօրյա փոքր սուլթանների» կամայական-ապօրինի բոլոր տեսակի ոտնձգություններից պաշտպանելու համար իրենք ձայն կբարձրացնեն։ Վստահ եմ, որ Հայաստանում 4-րդ իշխանության ներկայացուցիչներն իրենց մասնագիտական կոչմանը համարժեք բարձրության վրա կգտնվեն՝ բանտարկված լինելու պատճառով իրենց ճիչը դրսում գտնվող հասարակությանը հասցնելու գործում մեծ դժվարություն ունեցողներիս աջակցելու համար»: