Ադրբեջանի ԱԳ նախարարը հուսահատ հայտարարում է, որ ԼՂ հարցում ինքը գլուխ գովելու ոչ մի պատճառ չունի:
«Այնպես որ, ինչպես սկզբում ես շատ ոգեւորված չէի լավատեսների հայտարարություններով, այնպես էլ հիմա այդպես դժգոհ չեմ կամ էլ հիասթափված չեմ հոռետեսների հայտարարություններով»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Խորվաթիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂՀ հիմնախնդրին վերաբերող հարցերին: Ի դեպ, այս ասուլիսում Սերժ Սարգսյանի պատասխաններն ուղղակի մոլորեցնում են նրանց, ովքեր համոզված էին, թե շուտով Ղարաբաղը «ծախելու են», կամ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են Արցախի հաշվին: Ասուլիսում եղել է հարց՝ ճի՞շտ է, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ԼՂՀ հարցում: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը, ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»: Իսկ այն, որ Հայաստանի դիրքորոշումը ամենեւին էլ դուր չի գալիս ոչ Ադրբեջանին եւ ոչ էլ Թուրքիային, վկայում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հարցազրույցը ադրբեջանական լրատվամիջոցին: Day.az-ին տված հարցազրույցում Մամեդյարովը հայտարարում է, որ Հայաստանի այսօրվա իշխանության հետ հնարավոր չէ ոչ մի ադրբեջանանպաստ համաձայնություն կամ պայմանավորվածություն, եւ այս հարցում մինչ այժմ ինչ եղել է, եղել է նախորդ իշխանության օրոք. «Խաղաղ գործընթացում մենք Հայաստանի նախորդ վարչակազմի հետ (Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ) հասել ենք ամեն ինչի, բայց Հայաստանի այսօրվա վարչակազմի հետ ոչնչի չենք հասել: Ես, որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող գլուխ գովել, թե առկա հարցերում անգամ չնչին առաջընթաց ենք գրանցել»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, միաժամանակ հատուկ ընդգծելով, թե Սերժ Սարգսյանի՝ իշխանության գալուց հետո իրենց երազած սցենարով ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Թերեւս ժամանակն է, որ ադրբեջանական կողմը հասկանա՝ կա մի անձեռնմխելի սահման, որը հայկական կողմը, անկախ նրանից, թե ով կներկայացնի Հայաստանը այդ պահին, երբեք չի անցնի:
Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հուսահատ հայտարարությունն անուղղակիորեն հաստատում է, որ ԼՂ հարցով բանակցային գործընթացում նախագահ Սերժ Սարգսյանը հետեւողականորեն պաշտպանում է մեր երկրի մոտեցումները (հայտնի երեք նախապայմանները, որոնք բազմիցս նշել է նախագահ Սերժ Սարգսյանը), իսկ ադրբեջանական կողմը իր այս կարգի հայտարարություններով կարծես մտադիր է տապալել բանակցային գործընթացը՝ մեղքը փորձելով բարդել Հայաստանի վրա: Առաջիկայում սպասվում է երկու երկրների նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Գուցե այս հանդիպումից հետո առավել հստակ կերեւա Ադրբեջանի դիրքորոշումը: