Եկող շաբաթ այս օրն արդեն ամեն ինչ ավարտված կլինի, նախընտրական կրքերը՝ հանդարտված, եւ հաղթողներն ու պարտվողները՝ հայտնի:
Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում կփորձենք ամփոփել կուսակցությունների վարքը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, նրանց որդեգրած նախընտրական սկզբունքների ազդեցությունը ընտրողների վրա: Ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը մոտ 25 օր թաղ առ թաղ հանդիպումներ էին կազմակերպում՝ փորձելով նոր համակիրներ ձեռք բերել եւ համախմբել իրենց ուժերը: Սակայն դասական իմաստով քարոզարշավ, մայիսի կեսերից սկսած, վարում էին թերեւս երեք քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ որոշ հարցումների՝ հենց այս տեսքն է կրում ֆավորիտների եռյակը: Քանի որ այս ընթացքում լուսաբանել եմ ԲՀԿ-ի քարոզարշավը, այսօր կանդրադառնամ միայն այս կուսակցությանը: ԲՀԿ ներկայացուցիչները շատ են հպարտանում այն փաստով, որ քվեաթերթիկում իրենց կուսակցությունը համար առաջինն է: Նրանք այբբենական այս դասավորության մեջ նախախնամություն են տեսնում: Օրերս էլեկտրոնային նամակ էի ստացել ԲՀԿ-ից (նամակը ուղարկվել էր հարյուրավոր այլ հասցեներով եւս), որով բարգավաճականները հորդորում են ընտրել հատկապես իրենց կուսակցությունը: Եվ բացատրում էին, թե ինչու՝ բարգավաճ Երեւան եւ բարգավաճ Հայաստան ունենալու համար: Էլեկտրոնային քարոզչության այս ձեւը այլ կուսակցություն կարծես դեռ չի օգտագործել:
Թե ինչպիսին կլինի Երեւանի ավագանու կազմը, պարզ կդառնա հունիսի 1-ից ոչ շուտ, բայց արդեն իսկ պարզ է, որ անկախ ԿԸՀ-ի կողմից ներկայացվելիք վերջնական թվերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանիում ունենալու է վճռորոշ դերակատարում, չի բացառվում նաեւ, որ հենց ԲՀԿ-ն դառնա քաղաքի կոալիցիոն իշխանության առանցքը՝ Հանրապետականի հետ: Դեռ մայիսի 2-ից սկսած՝ «Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավն իրականացնում էր հաղթողի կեցվածքով եւ բացարձակապես չէր խոսում քաղաքականությունից, այն դեպքում, երբ ՀԱԿ-ը, ի սկզբանե, փորձում էր առավելագույնս քաղաքականացնել ընտրությունները, իսկ ՀՀԿ-ն, որպես ընդգծված իշխանություն, փորձում էր ընտրությունները պահել կոմունալ-կենցաղային հարթությունում եւ դարձյալ չէր խոսում քաղաքականությունից: Իսկ թե ինչ էին անում ՕԵԿ-ը կամ Դաշնակցությունը, դա մեկ այլ վերլուծության թեմա է:
ԲՀԿ-ի համար շահեկան էր նաեւ այն, որ ընտրություններից հինգ րոպե առաջ ընդդիմություն դարձած Դաշնակցությունը, որը փորձում էր ընդդիմադիր-քննադատական ելույթներով կաշառել ընտրողին, մարդկանց մեջ մի միտք էր առաջացնում, որ, ի տարբերություն այլոց, ԲՀԿ-ն ընդդիմադիր խաղեր չի տալիս իրենց ձայնը ստանալու համար, իրեն պահում է անբռնազբոս: Չմոռանանք, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում, լինելով նորաթուխ եւ անփորձ, «Բարգավաճ Հայաստանը» հավաքեց մեծ թվով ձայներ: Թեպետ անցած երկու տարիների ընթացքում երկրում եւ հասարակության մեջ լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, այնուհանդերձ, ԲՀԿ-ն կարծես դեռ չի արել քայլեր, որոնք կթուլացնեին նրա դիրքերը: Իսկ որոշ հարցերի շուրջ կուսակցության դիրքորոշումը (ՀԴՄ-ներ, մանր-միջին բիզնես) միայն հօգուտ այս կուսակցության է խոսում եւ համակիրների ռեսուրս խոստանում:
«Բարգավաճ Հայաստանի» ընտրազանգվածը այն մարդիկ են, որոնք իշխանության մեջ չեն տեսնում միայն վատը, իսկ ընդդիմության մեջ չեն փնտրում միայն թշնամիների: Հանրահավաքներում մեր մասնավոր զրույցները ընտրողների հետ հիմք տալիս են այս ենթադրությունն անելու:
ԲՀԿ-ի հավաքած ձայները ցույց կտան, թե որքանով է հասարակությունը պատրաստ հրաժարվել ծայրահեղ մոտեցումներից:
ԲՀԿ-ի հանրահավաքները եւ հանդիպումները լուսաբանելիս՝ արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ այս կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կառուցել էր Գագիկ Ծառուկյան բրենդի վրա: Գագիկ Ծառուկյանը մասնակցել է իր կուսակցության բոլոր հանրահավաքներին եւ հանդիպումներին: Եվ եթե «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքներն ու հանդիպումները աննախադեպ մարդաշատ էին, ապա դա առաջին հերթին պայմանավորված էր Ծառուկյանի անձով: Մենք արդեն գրել ենք, թե ինչպես էին մարդիկ իրենց կոտորում ԲՀԿ նախագահին մոտիկից տեսնելու, ձեռքը սեղմելու եւ նամակներ հանձնելու համար: Գագիկ Ծառուկյանին ընտրարշավի առաջին կեսում կարծես հաջողվեց, առանց սրելու հարաբերութունները որեւէ ուժի հետ, ցույց տալ հանրությանը, որ ԲՀԿ-ն բավականաչափ անկախ է եւ առաջնորդվում է իր ծրագրերով: Հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշում էր, որ ԲՀԿ-ում հաջողության հասնելու մի ճանապարհ կա՝ անհատական հատկանիշներ, նվիրվածություն, պատրաստվածություն: «Ծանրություն բարձրացնելու» մասին պարոն Ծառուկյանի ակնարկները կարծես առավել ընդունելի են երիտասարդ բարգավաճականների համար, եւ նրանցից ոմանք մեզ հետ զրույցներում չեն էլ թաքցնում, որ ոգեւորված են այս կուսակցությամբ եւ իրենց համար ԲՀԿ-ի կազմում մեծ հեռանկար են տեսնում:
Ավելի հեռուն գնացող կանխատեսումներ, թերեւս, չարժե անել, մանավանդ՝ կանխատեսումները անշնորհակալ գործ են: Մնացել է մի քանի օր, եւ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, կտեսնենք, թե ով որքան ձայն է հավաքել, եւ թե ընտրությունները որքանով էին արդար: Սակայն այս պահին երկու պնդում կարելի է անել առանց մտավախության. անկախ վերջնական թվերից՝ ԲՀԿ-ն հանդիսանալու է Երեւանի ապագա իշխանության առանցքային ուժերից մեկը, եւ երկրորդ՝ գրագետ եւ զուսպ ընտրարշավի արդյունքում Գագիկ Ծառուկյանին հաջողվեց նաեւ մայրաքաղաքում մեծ թվով նոր համակիրներ ձեռք բերել: