Շաբաթ օրը կայացած «Հայկական ընտրություն» կուսակցության հիմնադիր ժողովի նախաձեռնող խմբի անդամներից են «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանը եւ «Միացում» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը, ով պատասխանեց «Առավոտի» հարցերին:
– Ո՞րն էր եւս մեկ կուսակցություն հիմնելու անհրաժեշտությունը:
– Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում առկա են ավելորդաբար բազում կուսակցություններ: Տարրական քաղաքագիտական տրամաբանությունն անգամ հուշում է, որ դրանց թիվը պետք է առնվազն մի քանի անգամ նվազ լիներ: Հայաստանյան քաղաքական դաշտը՝ ողջ ներքին պառակտվածությամբ եւ թվացյալ բեւեռացմամբ հանդերձ, նույնական է Հայոց պետականության եւ ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրների նկատմամբ որդեգրած հայեցակարգային բովանդակազրկությամբ եւ գաղափարական սնանկությամբ: Եզակի կուսակցություններ, այն էլ՝ լրջագույն վերապահումներով հանդերձ, կարող են դիտարկվել որպես կուսակցություն՝ բառիս դասական իմաստով: Իրականում կուսակցությունների մեծագույն մասը մեկ կամ մի քանի անձի՝ անհատական կամ խմբակային շահեր սպասարկելու համար ստեղծված գրպանային կառույցներ են: «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովում զեկուցողները մատնանշել են, որ ներկայիս քաղաքական համակարգը իսպառ չի համապատասխանում ՀՀ առջեւ ծառացած առանցքային մարտահրավերների լուծմանը:
– Ի՞նչ պետք է անեք դուք, ինչը չեն անում այլոք:
– Մենք հավակնում ենք միավորել պետականակենտրոն եւ ողջամիտ ազգայնական կողմնորոշում ունեցող անձանց եւ շրջանակներին՝ Հայոց պետականության պահպանման գերխնդրի շուրջ: Մեզ համար Հայոց Հայրենիքն իր քաղաքակրթական, պետական եւ տարածքային դրսեւորումներում գերագույն կարգի բացարձակ սկզբունք է: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ ուժ, որը հանդգնում է կեղծ իրապաշտական նպատակահարմարության պատրվակով կասկածի տակ առնել այդ սկզբունքի բացարձակությունը, պետք է անդառնալիորեն դուրս մղվի Հայոց քաղաքական դաշտի լուսանցք: ՀՀ ազգային անվտանգության շահը բացառում է ազատագրված տարածքների զիջման եւ հայ-թուրքական «մերձեցման» ուղղությամբ տարվող քաղաքականությունը՝ որպես անմիջական կործանարար հետեւանքներով հղի անպատասխանատու արկածախնդրություն: Մենք ունենք հստակ եւ մասնագիտորեն փաստարկված սկզբունքային մոտեցումներ Հայաստանի տնտեսական դաշտն ու սոցիալական խնդիրները կարգավորելու իմաստով՝ ազգային-պետական շահերի եւ տեղական առանձնահատկությունների գերակայությամբ:
– Դուք մերժում եք ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությո՞ւնը:
– Մենք ոչ թե մերժում ենք ներկա իշխանությունն ու ընդդիմությունը, այլ արձանագրում ենք վաղուց ի վեր ակներեւ մի ճշմարտություն՝ այժմյան քաղաքական դաշտն անընդունակ է դիմագրավելու Հայաստանին գոյացապես սպառնացող մարտահրավերներին: Այսօր Հայաստանում շատերը խոսում են «երրորդ ուժի» ձեւավորման մասին, եւ բոլորս զարմանում ենք, թե ինչո՞ւ այն չի կայանում: Մենք գտնում ենք, որ «երրորդ ուժը» պարզապես չի կարող գոյություն ունենալ, քանզի բուն քաղաքական այլընտրանքը կարող է գոյանալ միայն միմյանցից իրապես տարբերվող պետականակերտ մոտեցումների պարագայում: Այս պահին մենք չենք կամենում գերագնահատել մեր ուժերը եւ միայն մեզնով հավակնել իրական երրորդ բեւեռ դառնալու: Մենք համոզված ենք, որ միայն հստակ, սկզբունքային եւ հայակենտրոն պետականաշինության հրամայականի գիտակցումը կարող է հանգուցալուծել քաղաքական դաշտի այժմյան լճացումն ու անարդյունավետ ամլությունը: Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց մեծագույն մասը քվեարկել է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ՝ մեկի կամ մյուսի դեմ: Պետք է շնորհել հանրությանը ոչ թե Սերժ Սարգսյանին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանով պատժելու հնարավորություն, այլ ազգային պատասխանատվության անհատական գիտակցմամբ՝ Հայոց պետականության ապագան յուրաքանչյուրիս համեստ ներդրմամբ կերտելու վճռականություն: Բոլորս պետք է ուժ գտնենք արժանապատվորեն թերթելու Հայոց անկախության առաջին 20-ամյակի ոչ միայն քրեաօլիգարխիկ խայտառակությամբ, այլեւ մեծագույն հաղթանակներով լի էջը:
– Ժիրայր Սեֆիլյանը, ում հետ համագործակցում եք «Միացում» նախաձեռնության շրջանակներում, շարունակում է մնալ առաջին նախագահի կողքին:
– Ժ. Սեֆիլյանը ոչ միայն նորագույն Հայոց ռազմական պատմության իրական հերոսներից է, այլեւ իր առօրյա կյանքում համեստ, նվիրյալ եւ ազնվագույն մարդ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժմանը նա միացել է անկեղծ համոզմամբ, որ դա է ճիշտ մարտավարությունը՝ երկրում «սահմանադրական օրինականությունը վերականգնելուց հետո» ազգային պետականությունը կերտելը: Սեֆիլյանի եւ Տեր-Պետրոսյանի տեսակետների միջեւ առկա տարաձայնություններին անուղղակի անդրադարձել է անձամբ Լ. Տեր-Պետրոսյանը՝ մի շարք հանրային ելույթներում: Այս հարցում մենք ունենք սկզբունքորեն այլ մոտեցում: Անձամբ ինձ համար ներկայիս վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած կեղծպետական համակարգի օրինաչափ արտադրանքն է, ուստի այդ միեւնույն բեւեռի անձնապես պառակտված երկու հատվածների միջեւ որեւէ մարտավարական ընտրություն կատարելը համարում եմ միանգամայն անիմաստ: