2008-2009 ուսումնական տարվա ավարտի հետ կապված՝ երեկ ՀՀ ոստիկանությունում հրավիրվել էր հանդիպում լրատվամիջոցների հետ: Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը հրապարակեց հայտարարություն: «Խնդրում ենք եւ պահանջում բոլոր վարորդներին՝ ցուցաբերել բարձր կարգապահություն, առավել հարգանք հետիոտնի եւ զբոսնող շրջանավարտների նկատմամբ, որոնք իրենց հերթին պետք է խմբային զբոսանքները կատարեն միայն մայթերով եւ հետիոտնի համար նախատեսված վայրերով՝ չզբաղեցնելով երթեւեկելի մասը:
Զգուշացնում ենք բոլոր ծնողներին՝ ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցները չտրամադրել վարելու անչափահաս երեխաներին: Ցանկացած նման դեպք չի վրիպելու ճանապարհային ոստիկանության տեսադաշտից, եւ նման ավտոմեքենաները բերման են ենթարկվելու ճանապարհային ոստիկանություն»,- հայտարարեց նա: