Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՀՈՂԱԶԱՎԹՈՒՄ, ԱՅԼ՝ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆ

Մայիս 23,2009 00:00

«Առավոտի» մայիսի 22-ի համարում «Հազարավոր հողազավթումներ Տավուշում» հրապարակմամբ անդրադարձել էինք մարզի գյուղատնտեսական հողատարածքների փաստաթղթային եւ իրական չափերի տարբերությանը: Այս հրապարակմանը արձագանքել է Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Տավուշի մարզխորհրդի մայիսի 19-ի նիստում քննարկվել է «Սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված հողամասերի մակերեսի չափի եւ սեփականության իրավունքով փաստացի օգտագործվող հողամասերի մակերեսի չափի տարբերությունների վերացման ուղղությամբ համայնքների կողմից իրականացվող աշխատանքների մասին» հարցը:

2001 թվականին պետական գրանցման վկայականներ տրամադրելու նպատակով համայնքներում կատարվել են քարտեզագրման աշխատանքներ: Սեփականության վկայականներ ստանալուց հետո պարզվել է, որ փաստացի օգտագործվող եւ վկայականներում նշված հողամասերի մակերեսների չափերը միմյանցից տարբերվում են: Դրանք ընդամենն անճշտություններ են, որոնք շտկելու նպատակով ՀՀ կառավարությունը նոր գործընթաց է սկսել՝ հանձնարարելով մարզպետներին համայնք առ համայնք ներկայացնել դրանց թիվը: Հիմք ունենալով այդ տեղեկատվությունը՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2009 թվականին սկսել է զբաղվել վերոնշյալ անճշտությունների շտկման աշխատանքներով: Տեղեկացնում ենք, որ դեռեւս ուսումնասիրություններն ավարտված չեն, սակայն արդեն պարզ է, որ անճշտությունները հնարավոր են երկու տարբերակով էլ. մի դեպքում վկայականում հողամասի մակերեսի չափը փաստացի օգտագործվողից ավելին է, մեկ այլ դեպքում օգտագործվում է ավելի շատ, քան արձանագրված է վկայականում: Երկու դեպքում էլ որեւէ մեկի կողմից հողազավթում չի կատարվել. սեփականատերերն օգտագործում են այնքան տարածքով հողամաս, որքան նրանց հատկացվել է սեփականաշնորհման ժամանակ (կան համապատասխան որոշումները): Այնպես որ, բոլորովին տեղին չէ այստեղ խոսել հողազավթումների մասին, ինչպես որ վերնագրվել էր «Առավոտ» թերթի մայիսի 22-ի համարում հրապարակված տեղեկատվությունը: Խոսքը քարտեզագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների մասին է, որոնք պետք է շտկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել