Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 23,2009 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ իններորդ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՔՍԱՆՄԵԿԸ

 

Եվ հենց էդ պահին մեր սեղանին մոտեցան Հրանտ Մաթեւոսյանի Վերժինեն ու Հրանտ Մաթեւոսյանի Դավիթը, ու ես տեղիցս վեր կենալով՝ աթոռս զիջեցի Վերժինեին, եւ մինչ Դավիթն ու ես մեզ համար աթոռ կփնտրեինք, հանկարծ սրճարանով մեկ տարածվեց սրճարանատիրոջ ճվճվոցը, ավելի ճիշտ՝ էդ քաչալ ճվճվացողը ոչ թե էդ սրճարանի տերն էր, այլ՝ աշխատացնողը, ու արդեն մի քանի ամիս կլիներ՝ Ջավախյանն ու ես էդ բացօթյա սրճարանի կանոնավոր հաճախորդներն էինք, ու ամբողջ ամառ էդ սրճարանի սառույցով կոլաներն էինք ըմբոշխնել, ու էդ ամբողջ ամառվա ընթացքում էդ սրճարանում մեր խաթրին կպնող չէր եղել, բայց ահա տոնական էդ իրիկուն էդ քաչալ աշխատացնողը ձենը գլուխն էր գցել եւ հատկապես Ջավախյանի վրա գոռգոռալով՝ մեզ էդ սրճարանից դուրս էր հրավիրում, եւ էդ պահին, եթե շատ ուզեինք, կարող էինք գոռգոռացողի վիճակի մեջ մտնել, որովհետեւ քաչալի ճվճվոցից հետո նկատեցինք, որ ոտքի վրա սպասողները չափազանց շատ են, եւ քանի որ էդ իրավիճակն էդ սրճարանի համար աննախադեպ էր, անակնկալի եկած քաչալը ոգեւորությունից գլուխը կորցրել ու չէր հասկանում՝ ինչ է ասում ու ինչպես է ասում, եւ երբ քաչալն անձամբ Ջավախյանի վրա գոռալով ասաց՝ «էրկու ժամից ավել կըլնի՝ նստած եք. շնորհքն էլ ա լավ բան. ձեր պատճառով առեւտուրս կայնել ա», Ջավախյանը գոռալով քաչալին պատասխանեց ու ասաց՝ «շնորհքն էլ ա լավ բան. սաղ ամառ մեր պատճառով առեւտուր ես արել», եւ քաչալը Ջավախյանին մուննաթով հարցրեց՝ «հիմի շատ ե՞ք նստելու», եւ Վերժինեն Ջավախյանի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «շատ պիտի խնդրեք, որ ձեր սրճարանում նստենք», եւ Դավիթը մորն ասաց՝ «վեր կաց գնանք, մամ», եւ քաչալն ասաց՝ «գոնե բան պատվիրեիք», եւ Վերժինեն արհամարհանքով նայեց քաչալին ու ասաց՝ «թողնում ե՞ք, որ բան պատվիրենք. նոր-նոր էինք նստել, տնաշեն», եւ քաչալը նայեց Ջավախյանին, հետո նայեց ինձ ու Վերժինեին ասաց՝ «իրանք շուտվանից են նստած», եւ Ջավախյանը վրդովված ասաց՝ «կարող ա՞ բան չենք վեկալել», եւ քաչալը Ջավախյանին ասաց՝ «իրեք շիշ կոլա եք վեկալել, բայց էրկու ժամից ավել ա՝ նստած եք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քաչալին ասաց՝ «որ իրեք շիշ ենք վեկալել, իրեք շշի էլ փող կտանք», եւ քաչալը նայեց մեր սեղանի շշերին ու մրթմրթաց՝ «թող վեց շիշ ըլնի», եւ Ջավախյանն արհամարհանքով քաչալին հարցրեց՝ «կոֆեների փողն էլ չես հաշվելո՞ւ», եւ քաչալը նեղսրտած ասաց՝ «իրեք հատ էլ կոֆե եք վեկալել, բայց էրկու ժամից ավել ա՝ նստած եք», եւ Ջավախյանի ախպեր Ռաֆոն ծիծաղելով քաչալին ասաց՝ «որ իմ խմած պիվեն ու կոֆեն էլ չհաշվես, ահագին էժան կպրծնենք, ախպեր ջան», եւ քաչալը մի քիչ մտածեց ու Ռաֆոյին ասաց՝ «հիմի աղջկան կուղարկեմ՝ մեկ առ մեկ կհաշվի», եւ Ջավախյանը քաչալին ասաց՝ «մեկ էլ որ էս կաֆեն ոտ դնենք՝ կըլնի էրկուս», եւ քաչալն ասաց՝ «խնդրող չկա», եւ ես ասացի՝ «քեզ էլ խնդրող չկա, որ էսքան խոսաս. մեր հաշիվը բերեք՝ գնանք», եւ քաչալն ասաց՝ «հիմի աղջկան կուղարկեմ», եւ Դավիթը քաչալին ասաց՝ «հիմի եմ հասկանում, թե ինչի ա էս կաֆեն առավոտից իրիկուն դատարկ», եւ քաչալն ասաց՝ «հեչ էլ դատարկ չի», եւ Ջավախյանն ասաց՝ «էս չորս ամիս ա՝ մենք էինք լցնում», եւ քաչալն ասաց՝ «ձեզ խնդրող չի էղել. կարող ա՞ հատուկ հրավեր ենք ուղարկել», եւ Ջավախյանն ասաց՝ «շատ ես երկարացնում. մեր հաշիվը բերեք՝ մենք գնանք», եւ քաչալը գնաց, մատուցող աղջկան ուղարկեց, ու մենք մեր հաշիվը վճարելով՝ տեղներիցս վեր կացանք, Վերժինեին ու որդուն տուն ուղեկցեցինք, եւ դա բավական երկար տեւեց, որովհետեւ ճանապարհին Վերժինեն Ջավախյանին երկարբարակ հարցուփորձ էր անում իր արծաթե վզնոցի փչացած կապիչը փոխելու հնարավորության մասին, եւ երբ վզնոցի թեման փակվեց, ես Վերժինեին հարցրի՝ «Լեւոնի միջոցառմանը շատ մարդ կա՞ր», եւ Վերժինեն հիացմունքով ասաց՝ «ասեղ գցելու տեղ չկար», եւ Դավիթն ասաց՝ «ամենաքիչը՝ հազար», եւ Ջավախյանը եղբորը կամացուկ ասաց՝ «համ տեսողությունից ես թուլ, համ էլ՝ թվաբանությունից» եւ Վերժինեին հարցրեց՝ «ասում են՝ Լեւոնը ելույթ ա ունեցել, հա՞», եւ Վերժինեն հիացմունքով ասաց՝ «ելույթն է՛ն խոսքը չի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատմելու բան չի. պիտի անձամբ լսեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ չէիք էկել», եւ Ջավախյանը ոտի վրա ստեց՝ «չէին հրավիրել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի մտածել են՝ չեք գա, դրա համար էլ չեն հրավիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իսկական նախագահի ելույթ էր», եւ Դավիթն ասաց՝ «հանպատրաստից ելույթ էր. նախօրոք չէր նախապատրաստվել», եւ Վերժինեն ասաց՝ «բանավոր խոսեց, բայց՝ անթերի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «թեկնածությունը դնելո՞ւ ա», եւ Վերժինեն ասաց՝ «էդ ելույթից հետո շատ զարմանալի կլինի՝ եթե չդնի», եւ Դավիթն ասաց՝ «ճիշտն ասած, ես առաջ մի քիչ կասկածում էի, բայց էս ելույթից հետո հարուր տոկոսով համոզված եմ, որ թեկնածությունը կդնի», եւ Ջավախյանն անսպասելի հարցրեց՝ «յանի խի՞ ա ուզում հետ գա», եւ Դավիթը պատասխանեց ու ասաց՝ «ոչ թե ինքն ա ուզում հետ գա, այլ իրան խնդրում են, որ հետ գա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա խնդրում», եւ Դավիթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հասկացողները», եւ Ջավախյանը հարցրեց՝ «հասկացողներն ո՞վ են», եւ Վերժինեն զարմացած նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «քո խելքի բանը չի, ա՛յ շաշ լոռեցի. ավելի լավ կանես՝ քո արծաթեղենով զբաղվես ու պատմվածքներդ գրես», եւ Ջավախյանը զարմացած նայեց Վերժինեին, բայց ոչինչ չասաց, եւ Դավիթն ասաց՝ «հիմի արդեն բոլորի համար պարզ ա, որ մենակ Լեւոնը կարա Հայաստանի էս վիճակը շտկի», եւ Ջավախյանը Դավիթին հարցրեց՝ «ասում ես՝ բանավոր է՞ր խոսում», եւ Դավիթը պատասխանեց ու ասաց՝ «բանավոր ու հանպատրաստից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդամենը տասնհինգ րոպե խոսեց, բայց իշխանությունների դիագնոզը վերջնականապես տվեց», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բայց ինքը որ նորից գա՝ կարա՞ էս վիճակը դզի», եւ Վերժինեն պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞նց ա դզելու», եւ Վերժինեն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «վաղը որ «Հայկական ժամանակն» էդ ելույթը տպի, կկարդաս՝ կհասկանաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաղը չի տպվի», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «ո՞նց չի տպվի», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էսօր տոն ա. էսօր իրանց խմբագրությունը չի աշխատում», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Ջավախյանն ասաց՝ «աղջիկս էդ թերթի սրբագրիչն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ելույթն ամենաշուտը վաղը չէ մեկէլ օրը կտպվի», եւ Վերժինեն ծիծաղելով ասաց՝ «վաղը չէ մեկէլ օրը կկարդաս ու ամեն ինչ կհասկանաս, շա՛շ լոռեցի», եւ Ջավախյանը ծիծաղելով Վերժինեին ասաց՝ «մեկը որ կողքից լսի, մտքովը չի անցնի, որ լոռեցոնց հարս ես», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «լոռեցիք շատ երջանիկ պիտի լինեն», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «մինչեւ Լեւոնը չգա՝ ո՞նց կարանք երջանիկ ըլնենք», եւ Վերժինեն հարցրեց՝ «ո՞ր Լեւոնը՝ արծաթավաճա՞ռ», եւ Ջավախյանը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «երջանկացնո՛ղ Լեւոնը», եւ Վերժինեն արհամարհանքով նայեց Ջավախյանին ու ասաց՝ «պատմվածքնե՛րդ գրի», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «որ գրելուց խեր ըլներ, Լեւոնը Կիլիկիայի հատորները կշարունակեր. էլ նորից չէր ուզի նախագահ դառնա», եւ Դավիթն ասաց՝ «ինքը չի ուզում. մե՛նք ենք ուզում», եւ Վերժինեն Ջավախյանին ասաց՝ «Կիլիկիայի հատորները գրել պրծել ա, պարոն շաշ լոռեցի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող երրորդ հատորն էլ գրեր», եւ Դավիթն ասաց՝ «գրել պրծել ա. էլ ի՞նչ գրի», եւ Վերժինեն նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «մենակ Արմենի վեպն ա՝ որ չի պրծնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որովհետեւ նախագահ դառնալու վարիանտ չունեմ», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «չի ուզում մեզ երջանկացնի», եւ Վերժինեն ասաց՝ «ընտրությունների օրը խելոք կգնաք՝ ձեններդ կտաք Լեւոնին», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց ինքը դժվար թե թեկնածությունը դնի», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «իզուր հույսեր չփայփայեք. լափ էլ դնելու ա», եւ Դավիթն ասաց՝ «ես էլ էի կասկածում, բայց էսօր վերջնականապես կասկածներս ցրվեցին», եւ Վերժինեն նայեց Ջավախյանին ու ժպտալով ասաց՝ «ընենց որ, խելոք կգնաս, ձենդ կտաս Լեւոնին», եւ ես Վերժինեին ասացի՝ «ով ով, բայց Ջավախյանը դժվար թե Լեւոնին ձեն տա», եւ Վերժինեն զարմացած հարցրեց՝ «խի՞. Լեւոնն իրա աչքը հանել ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Ջավախյանն 96 թվին զաբոռ ջարդողների մեջ էր», եւ Դավիթը ոգեւորված ասաց՝ «զաբոռ ջարդողների մեծ մասն էսօր Լեւոնի կողմն են», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում են նորմալ, գրագետ նախագահ ունենան», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ուզում են երջանկանան», եւ Վերժինեն արհամարհական նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «դու չես ուզո՞ւմ երջանկանաս, ա՛յ շաշ», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «իմ երջանկանալու վախտերն անցել են, հարսիկ ջան», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «մենակ դու չես. մի քիչ էլ էրեխեքիդ մասին պիտի մտածես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրեխեքս առանց իմ օգնության՝ ինքնուրույն են երջանկանում», եւ Վերժինեն հարցրեց՝ «ո՞նց», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ուզեմ չուզեմ՝ աղջիկս Լեւոնին ա ձենը տալու», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դե լավ ա, որ էդքանը հասկանում ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հասկանալուց չի», եւ Վերժինեն հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աղջիկս Նիկոլի թերթի սրբագրիչն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, հեղափոխական միջավայրում ա աշխատում» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «որ վրեն ավտոմատ էլ պահեն, մեկ ա՝ Լեւոնին ա ձենը տալու», եւ Վերժինեն ասաց՝ «դե լավ ա, որ էդքան ինքնուրույն մտածող աղջիկ ունես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքնուրույնը շատ ինքնուրույն ա, բայց ե՛ս եմ Նիկոլին խնդրել, որ սրբագրիչ ա ընդունել», եւ Վերժինեն նայեց Ջավախյանին ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, Նիկոլին պարտք ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Նիկոլին եմ պարտք, ոչ թե Լեւոնին», եւ Դավիթն ասաց՝ «էս պահի դրությամբ իրանք նույնն են», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աղջիկս ձենը կտա Լեւոնին՝ պարտքս կփակի», եւ Վերժինեն խեթ-խեթ նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ուզում ես մի ձենով պրծնե՞ս», եւ Դավիթը մորն ասաց՝ «մի ձեն էլ որ տան՝ էլի լավ ա» եւ մի քիչ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «էս ժողովուրդն ում ասես ձեն ա տալիս, բայց Լեւոնից են ամեն ինչ պահանջում», եւ Ջավախյանը զարմացած ասաց՝ «ա՛յ Դավո ջան, էս ժողովրդին ինչքան հիշում եմ՝ մի գլուխ Լեւոնին ա ձեն տալի», եւ Վերժինեն Ջավախյանին ասաց՝ «դու քո՛ անունից խոսա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես արդեն որոշել եմ», եւ Վերժինեն հարցրեց՝ «ի՞նչ ես որոշել», եւ Ջավախյանը ձեռքերը բարձրացնելով գոռաց՝ «ես է՛լ որոշեցի երջանկանամ, հարսիկ ջան», եւ Վերժինեն շփոթված ասաց՝ «մի գոռա, ա՛յ շաշ. էս ձեր սարերը չեն» եւ մի քիչ մտածեց ու որդուն ասաց՝ «գնանք, տղա ջան. էս լոռեցիք լրիվ խայտառակ են» եւ մի քիչ էլ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «վաղը էդ վզնոցը բերե՞մ՝ կապիչը փոխես», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «աչքիս վրա, հարսիկ ջան», եւ Վերժինեն ժպտալով հարցրեց՝ «էդ կապիչի համար ինչքա՞ն եմ վճարելու», եւ Ջավախյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «լոռեցիք իրանց հարսներից փող չեն վերունում», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «որ էդքան շնորհքով ես, ձենդ հաստատ Լեւոնին կտաս», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «տալը կտամ, բայց վախենամ՝ ձենս չհաշվեն», եւ Դավիթը ոգեւորված ասաց՝ «դու տուր՝ թող իրանք չհաշվեն», եւ Վերժինեն որդուն ասաց՝ «մենակ ինքը չպիտի տա. ամբողջ ընտանիքով պիտի ձենները Լեւոնին տան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տալը կտանք, բայց վախենամ՝ Լեւոնը թեկնածությունը չդնի», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «ինքը խելոք կդնի, դուք էլ խելոք կգնաք՝ ձեններդ կտաք» եւ ժպտալով ավելացրեց՝ «բարի գիշեր», եւ Դավիթն էլ ասաց՝ «բարի գիշեր», եւ մենք ասացինք՝ «բարի գիշեր», եւ երբ իրենք գնացին, Ջավախյանի եղբայր Ռաֆոն եղբորն ասաց՝ «օղբաթ ե՞ս, ադա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «խի՞ եմ օղբաթ», եւ Ռաֆոն ասաց՝ «էն մարդիկ լուրջ բան են խոսում, դու ձեռ ես առնում», եւ Ջավախյանը քամահրանքով նայեց եղբորն ու հարցրեց՝ «օղբաթը ես ե՞մ, թե՝ դու», եւ Ռաֆոն ասաց՝ «ե՞ս խի եմ օղբաթ», եւ Ջավախյանն արհամարհական նայեց եղբորն ու ասաց՝ «ըտենց ուշադիր որ լսում էիր, չհասկացա՞ր, որ իրանք էին ախպորդ ձեռ առնում» եւ մի քիչ մտածեց ու քամահրանքով ավելացրեց՝ «մարդ հաշվել էլ չես կարում, տնաշեն», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մարդ հաշվել», եւ Ջավախյանն ասաց՝ «իրանք ասում են՝ էդ միջոցառմանը հազարից ավել մարդ կար, դու ասում ես՝ հարուր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ հարուրը քիչ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախագահ դառնալու համար շատ քիչ ա», եւ Ռաֆոն արդարանալով ասաց՝ «մի թիքա տեղ էր. հարուր հոգի հազիվ էլ տեղ աներ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու եղբորն ասաց՝ «ժամանակի զգացողություն էլ չունես», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ժամանակի զգացողությո՞ւն խի չունեմ», եւ Ջավախյանն ասաց՝ «իրանք ասում են՝ Լեւոնը տասնհինգ րոպե ա ելույթ ունեցել, դու ասում ես՝ հինգ րոպե», եւ Վահանը ժպտալով ասաց՝ «էնքան հետաքրքիր ելույթ ա էղել, որ հինգ րոպե ա թվացել», եւ Ռաֆոն ասաց՝ «Վահանը ճիշտ ա ասում. շատ հետաքրքիր ելույթ էր», եւ Ջավախյանը եղբորն ասաց՝ «որ էդքան հետաքրքիր ելույթ էր, էդ ելույթից մի հատ միտք ասա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը անկրկնելի ա խոսում. իրա մտքերը կրկնելն անհնարին ա», եւ Ջավախյանը թարս նայեց եղբորն ու քամահրանքով ասաց՝ «հարցնում եմ՝ գրողներից ով կար, էդ էլ մարդավարի չես կարում ասես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեչենի պես նիհար ու սեւ մինը կար», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «որ չեչենի պես ա՝ էդ հըլը չի նշանակում, թե գրող ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մորուքի պես զադ էլ վայթե ուներ», եւ Ջավախյանը ձեռքը թափ տվեց ու հուսահատ ասաց՝ «հինգ րոպե առաջ տեսածդ էլ չես կարում մարդավարի նկարագրես, տնաշեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց, այնուհետեւ նայեց ժամացույցին ու ասաց՝ «արդեն ժամից ավել ա՝ էդ միջոցառումը պրծել ա», եւ Ջավախյանը հիասթափված ասաց՝ «իզուր էլ էդ հրավիրատոմսը տվի», եւ Ռաֆոն ասաց՝ «մինն էլ ա ինձնից հրավիրատոմս չի հարցրել», եւ Ջավախյանն ասաց՝ «կասկածում եմ», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «կասկածող ենք ման գալի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու եղբորը հարցրեց՝ «Լեւոնն Ալավերդի մի հինգ հարուր ձեն կհավաքի՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հինգ հարուր ձեն մենակ իմ կապերով կապահովեմ», եւ Ջավախյանն արհամարհական ասաց՝ «քո կապերը հաշվի առնելով եմ հինգ հարուր ասում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ ա ըլնելու», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞ւմ համար ա լավ ըլնելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հայության համար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու եղբորն ասաց՝ «կարող ա հայության համար լավ ըլնի, բայց քեզ էլի զադ չհասնի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող հայ ժողովրդի համար լավ ըլնի՝ թող ինձ զադ էլ ա չհասնի», եւ Վահանը ժպտալով Ռաֆոյին հարցրեց՝ «բա ախպորդ պաշտոն չեք տալո՞ւ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան մտածում եմ՝ Ալավերդու քաղաքապետարանն իրան շատ հարմար ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մշակույթի գծով», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «գոնե զագսի վարիչ խոստացի, այ անխիղճ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «զագսի վարիչը դժվար թե փոխվի. ինչքան չըլնի՝ ինքն էն առաջին Շարժման լիդերներից ա էղել», եւ Ջավախյանը քամահրանքով հարցրեց՝ «հիմի երկրորդ Շարժումն ա՞ սկսվելու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն սկսվել ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ե՞րբ ա սկսվել», եւ Ռաֆոն նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «մոտավորապես ժամուկես առաջ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բայց Լեւոնը թեկնածությունը դնելո՞ւ ա», եւ Ռաֆոն ասաց՝ «էն կնիկը չասե՞ց, որ հարուր տոկոսով դնելու ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչ կնիկ», եւ Ռաֆոն ասաց՝ «Հրանտ Մաթեւոսյանի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն կնիկն իրա սրտի ցանկությունն էր ասում», եւ երբ Ջավախյանն էդ ասաց, արդեն վերնիսաժի սկզբներում էինք, եւ հենց էդ պահին վերնիսաժի սկզբի բացօթյա սրճարանի ամենախորքից մեզ ձայն տվին ու ձեռքով արին, եւ առաջինն Ալիկ Արզումանյանին նկատեցինք, հետո նոր՝ Մելիսային՝ Ալիկի կնոջը, եւ Պասկեւիչյան Տիկոն ու Սաթոն էլ էին հետները նստած, եւ չորսն էլ ուրախ տրամադրություն ունեին եւ մեզ տեսնելով՝ ավելի ուրախացան, եւ հատկապես Ալիկն ուրախացավ, որովհետեւ ահագին ժամանակ իրար չէինք տեսել, ընդ որում՝ միանգամայն հարգելի պատճառով, եթե, իհարկե, իր կալանավորումն ու փողերի լվացման էդ սարքովի պատմությունը կարելի է հարգելի պատճառ համարել, եւ երբ էդ բացօթյա սրճարանում իրենց տեսանք, շատ ուրախացանք, եւ երբ Ջավախյանի եղբայր Ռաֆոն մեզ հրաժեշտ տվեց ու գնաց, մենք մոտեցանք ու Ալիկի հետ ողջագուրվեցինք, ավելի ճիշտ՝ ես ու Վահանն Ալիկի հետ ողջագուրվեցինք, որովհետեւ, էդ պահի դրությամբ, Ջավախյանն ու Ալիկն իրար ճանաչելու պատիվը չունեին, եւ Ալիկն ուրախանալով՝ մեզ առաջարկեց նստել իրենց հետ, եւ մենք հաճույքով համաձայնվեցինք, եւ իրենց տրամադրությունը շատ բարձր էր, եւ հատկապես Ալիկի ու Մելիսայի տրամադրությունն էր շատ բարձր, եւ իրենց տրամադրության բարձրության պատճառը ոչ միայն նախօրդ օրը Ալիկի՝ կալանավայրից ազատվելն էր, այլեւ՝ առաջին նախագահի ելույթը, որովհետեւ պարզից էլ պարզ էր, որ իրենք էլ էին «Արմենիա-Մարիոթի» էդ միջոցառմանը ներկա գտնվել, եւ եթե Տիկոյի ու Սաթոյի «Արմենիա-Մարիոթ» շտապելը նախորդ՝ մեր ազատած սրճարանից էինք տեսել, Ալիկի ու Մելիսայի՝ էդ միջոցառմանը մասնակցած լինելը կռահելու համար մեզանից առանձնապես խելք չէր պահանջվում, եւ չնայած Ալիկն ու Մելիսան էդ իրիկուն ուրախ լինելու համար էդքան շատ ու լուրջ պատճառներ ունեին, այդուհանդերձ, մեզ տեսնելով՝ ավելի ուրախացան, եւ ես էլ էի շատ ուրախ, որ Ալիկն ազատվել է փողերի լվացման էդ ծիծաղելի պատմությունից, եւ չնայած Ալիկի ազատությունը պահանջող որոշ թղթերի տակ իմ ստորագրությունը դրել էի, այդուհանդերձ, էդ պահի դրությամբ, իր հանդեպ մեջս ահագին մեղքի զգացում կար, որովհետեւ հասկանում էի, որ ազատության մեջ գտնվելով՝ Ալիկի համար ավելին կարող էի անել, մանավանդ որ՝ ներկաներից Տիկոն ու Վահանն էդ ավելին արել էին. Տիկոն ի պաշտպանություն Ալիկի մի քանի հոդված էր գրել, իսկ Վահանը մի հոդված էր գրել ու Վիոլետին էլ հորդորել էր՝ Ալիկի կողակից Մելիսա Բրաունի հետ մի մեծածավալ հարցազրույց անել, եւ ես էդ ամենն ի գիտություն ընդունած՝ սկզբում ինձ լավ էլ անհարմար էի զգում, բայց քիչ անց, երբ արդեն նախկին քաղբանտարկյալ Ալիկը չափազանց բարձր տրամադրությամբ կալանավայրի կյանքից ու օրենքներից էր պատմում, իր հանդեպ իմ էդ մեղքի զգացումներս վերջնականապես էին չքվել, եւ արդեն նախկին քաղբանտարկյալ Ալիկի նորահայտ ժարգոնի էլեմենտներն էի հաճելիորեն որսում, եւ չնայած Ալիկին Շարժման տարիներից գիտեի, այդուհանդերձ, հիմնականում Արշակյան Ազատի տանն էինք իրար հանդիպել, ու էդ հանդիպումների ընթացքում սովորաբար Ազատն իր կալանավայրի կյանքից էր պատմում, եւ Ալիկն ու մյուս սեղանակիցներս համակ ուշադրությամբ լսում էինք, եւ ահա՝ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Ալիկն իր իսկ կալանավորական կյանքից էնքան ոգեւորված ու էնքան հետաքրքիր էր խոսում, որ ներկաներս կլանված լսում էինք, եւ հատկապես ու առանձնապես Մելիսա Բրաունն էր համակ ուշադրություն, ու երեւի Մելիսայի համար էլ էր մեր ներկայությունը հաճելի, որովհետեւ Ալիկի կալանքի էդ մի քանի ամիսների ընթացքում Ալիկի մասին ամենաշատ հոդվածները Տիկոն էր գրել, եւ էդ ընթացքում Մելիսայի հետ ամենածավալուն հարցազրույցը Վիոլետն էր արել, ընդ որում՝ Վահանի հորդորով ու հուշելով, բայց երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Մելիսա Բրաունի երջանիկ ժպիտները ոչ միայն Տիկոյին ու Վահանին էին ուղղված, այլեւ՝ ինձ ու Ջավախյանին, եւ եթե Մելիսան Ջավախյանին ընդհանրապես չէր ճանաչում եւ Ալիկի ազատման հետ կապված Ջավախյանից որեւէ ակնկալիք չէր ունեցել, ապա ինձ հետ կապված էդ ակնկալիքները բավարարված էին էնքանով, որ իր ու Վիոլետի հարցազրույցի ժամանակ կինո «Մոսկվայի» առաջին հարկի սրճարանում հետները մի քանի րոպե նստել ու հետները սուրճ էի խմել, եւ Մելիսան, ըստ ամենայնի, էդ ու էդքանը լրիվ բավական էր համարում, եւ շարունակվող իր ժպիտն ահագին երախտագիտություն էր պարունակում, ինչպես նաեւ՝ ուրախություն ու երջանկություն, եւ էդ երախտագիտության, ուրախության ու երջանկության բուն ակունքն Ալիկն էր, ավելի ճիշտ՝ ազատված Ալիկը, իսկ ավելի ստույգ՝ արդեն քաղբանտարկյալ Ալիկը:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031