Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ «ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ» ՀԱՐՑԵՐԸ

Մայիս 23,2009 00:00

Ջազային վոկալիստներ ունե՞նք, թե՞ ոչ

Օրերս «Քամելեոն» ակումբում կայացավ երիտասարդ երգիչների «Դեբյուտ» մրցույթը՝ ջազ, ջազ-ռոք, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ, ֆանք, էթնո ջազ, ավանգարդ-ֆոլկ, ուորլդ ֆյուժն եւ հարակից ժանրերում: «Լավագույն դեբյուտ» ճանաչվեց 15-ամյա Մարթա Կիրակոսյանը:

«Առավոտի» հետ զրույցում նախագծի հեղինակ, armjazz.net կայքի գլխավոր խմբագիր Արմեն Մանուկյանը ասաց. «Նախագծի նպատակն է բացահայտել, աջակցել տաղանդավոր սկսնակ երգիչներին, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեության առաջին քայլերն են անում»: Ինչպես տեղեկացանք նախագծի համակարգող, «City FM» ռադիոկայանի տնօրեն Անդրանիկ Համբարձումյանից, «Դեբյուտին» մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 50 կատարող. «Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրական լսումների արդյունքում կիսաեզրափակիչ փուլի համար ներկայացրել էր 15-30 տարեկան 13 մասնակցի, որից եզրափակիչ անցավ միայն 7-ը, հենց նրանց միջեւ էլ վիճարկվելու է մրցույթի գլխավոր «Լավագույն դեբյուտ» եւ Սեդրակ Դավիդյանի անվան «Գեղեցիկ դեբյուտ» մրցանակները: Կա նաեւ հատուկ մրցանակ-պատվոգիր՝ հայկական ջազի վարպետների կողմից»:

Եզրափակիչ փուլի լսումները կայացան պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությամբ, հանդիսատեսի ներկայությամբ: Հայկական ջազի մասին խոսեցինք նախագծի կազմակերպիչների, ժյուրիի անդամների հետ: Ըստ «City FM» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսեր եւ «Դեբյուտի» ժուրիի անդամ Սարգիս Մնոյանի, հայկական ջազը վոկալիստների պակաս ունի. «Այն բարձր հիմքերի վրա է դրված, բայց դրանք պետք է ամրացնել: Ունենք հիանալի պրոֆեսիոնալ երաժիշտներ թե՛ անվանի, թե՛ ավելի երիտասարդ: Ուրախալին այն է, որ այդ դաշտն անընդհատ նորացվում է, ասպարեզ են դուրս գալիս շատ լավ երիտասարդ երաժիշտներ: Այս մասով հայկական ջազը խնդիրներ չունի: Մի քիչ ավելի վատ է դրվածքը վոկալիստների առումով: Չկան պրոֆեսիոնալ ջազային վոկալիստներ»: Ժյուրիի մեկ այլ անդամ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլյանն, ասաց. «Ջազի ասպարեզում երգիչներ չունենք, ահա թե ինչու հայկական ջազը համաշխարհային արենա դուրս չի գալիս: Եթե երգիչներով հանդերձ մեր երաժիշտները ներկայանան համաշխարհային հանրությանը, մենք այս ասպարեզում մրցակիցներ չենք ունենա: Խնդիրն այն է, որ ջազային երգչուհիները, ովքեր քիչ թե շատ փորձել են կայանալ այդ ոլորտում, անցել են փոփին, ինչն այսօր ավելի լայն հնարավորություններ է տալիս գումար վաստակելու համար: Չեմ կարող չնշել ջազ-վոկալի դպրոց չունենալու մասին: Արտասահմանում ջազ-վոկալի դպրոցի հարցը խիստ եւ ամուր հիմքերի վրա է դրված: Մենք դպրոց չունենք, բայց ունենք գիտակներ եւ, ի վերջո, կարելի է, չէ՞, օգտվել նրանց ունակություններից եւ սովորել ջազ երգել»:

«Ջեզլ» եւ «Վաղորդյան կաթիլներ» ջազ-էստրադային վոկալ համույթների գեղարվեստական ղեկավար, ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանն էլ գտնում է, որ հայկական ջազում ոչ մի խնդիր չկա. «Հայկական ջազը՝ թե գործիքային մասով, թե վոկալով, բարձր մակարդակի վրա է: Ջազային երգչուհիների պակաս չունենք, քանի որ կան շատ տաղանդավոր երիտասարդ կատարողներ, որոնք ուղղակի հանրությանը ծանոթ չեն»:

«Լավագույն դեբյուտի» մրցանակակիր Մարթա Կիրակոսյանն էլ համոզված է, որ օրերից մի օր հայկական ջազ երգողները այնպիսի համբավ են ունենալու, ինչպիսին համաշխարհային գերաստղերը. «Ես մանկուց եմ երգում, մի պահ շեղվեցի դեպի փոփ, բայց հասկացա, որ դա իմը չէ: Ջազն ինձ հոգեհարազատ է, այդ ժանրում եմ ես ինձ ազատ զգում: Մենք ջազ երգողներ շատ ունենք, սիրողներ՝ նույնպես: Ուղղակի հնարավորությունները ցույց տալու, ինքնաարտահայտվելու խնդիր կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031