Մայիսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Օրվա առիթով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատ» երիտասարդաց միության կազմակերպած միջոցառումը: Առաջին անգամ ելույթ ունեցավ մեկ ամիս առաջ ստեղծված նորաստեղծ «Արարատ» երգչախումբը: Մայիսի 21-ը, բացի Համբարձման տոնից, նշանավորվում է նաեւ որպես Սիսից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայրապետական աթոռի տեղափոխման հիշատակության օր: «Տոնը յուրաքանչյուր հայորդու, հավատացյալի համար կոնկրետ ասելիք ունի: Մենք՝ հավատացյալ հայորդիներս, հավատքի մեջ ամրանալու ցանկություն, վճռականություն պետք է ունենանք: Քրիստոսին կարող ենք տեսնել Հայ առաքելական եկեղեցու միջոցով»,- նշեց «Արարատ» երիտասարդաց միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Համերգի ընթացքում երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգեւոր շարականներ, մեղեդիներ, ինչպես նաեւ սիրված ժողովրդական երգեր, ընտանիքը, ծառը, լեռները գովերգող կատարումներ, որոնք ժողովրդական արտահայտության պատկերներ են ներկայացնում:
Համբարձման օրը ժողովրդի շրջանում տարածված է նաեւ որպես Ջանգյուլումի օր: «Արարատ» երիտասարդաց միությունը, հավատքի մեջ ամրանալու ճանապարհին, ժողովրդական սովորությունների, երգերի միջոցով ներկաներին փոխանցեց Համբարձման տոնին հաղորդ դառնալու եւ մեր կյանքը համբարձման լույսի ներքո արժեւորելու կարեւորությունը: Միջոցառման վերջում եղավ նաեւ վիճակահանություն: Յուրաքանչյուրին սափորի միջից բաժին ընկավ Աստվածաշնչից մեջբերված իր հատվածը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: