Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ՄԱՐԴՈՒՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՍՏԻՊՈՒՄ Է ՇՏԱՊԵԼ

Մայիս 23,2009 00:00

Շտապողականությունը մի կողմից օգնում է ճիշտ կառուցել կյանքը, մյուս կողմից խանգարում՝ մարդուն դարձնելով ժամանակի գերին:

Կա՞ աշխարհում այնպիսի մեկը, ում ժամանակը չհետաքրքրի եւ օրվա ընթացքում գեթ մեկ անգամ ժամին չնայի: Պարզվում է՝ կան. ասում են՝ երջանիկներն ու հաջողակները երբեք ժամին չեն հետեւում…

Ամեն օր ժամացույցը մեզ իր ծառայություններն է մատուցում՝ ուղղորդելով մեր անելիքների հերթականությունը: Նախկինում մեծ մասսայականություն էին վայելում գրպանի ժամացույցները: Տարիներ անց դրանց փոխարինելու եկան ձեռքինները: Իսկ բջջայինների ասպարեզ գալուց հետո ժամացույցի պահանջարկը պակասեց, որովհետեւ բջջային հեռախոսի ֆունկցիաներից մեկը փոքրիկ էկրանին ժամը ցույց տալն է:

Որպես ի՞նչ է ծառայում ժամացույցը հայերի համար, այն գնելիս գնորդներն ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում: Այս առիթով «Առավոտը» շրջեց քաղաքում գործող մի քանի ժամացույցների վաճառասրահներով:

Արդեն շուրջ 7 տարի Երեւանում գործող շվեյցարական «Franck Muller» ֆիրմայի նույնանուն խանութ-սրահի խորհրդատուն մեզ հետ զրույցում նշեց. «Չնայած հայերի անճշտապահությանը` ժամացույցները այստեղ մեծ պահանջարկ ունեն»: Իսկ թե ժամացույց ընտրելիս ինչի՞ն են ուշադրություն դարձնում, մեր զրուցակիցը թվարկեց. «Հայերի ճաշակը ժամացույցների ընտրության առումով բավական բարձր է: Ժամացույց ընտրելիս հիմնականում ուշադրություն են դարձնում տվյալ ժամացույցի շքեղությանը: Քանի որ մեր ընկերությունը առաջարկում է դասական ոճի ժամացույցներ, ըստ այդմ՝ մեր գնորդների ընտրությունն էլ է դասական: Այսինքն՝ մեր սրահ այցելողները նախապես տեղեկացված են լինում, որ այստեղ իրենք կգտնեն դասական ոճի մոդելներ: Բայց դա չի նշանակում, որ մեր գնորդները զուտ դասական ոճին հարող հայերն են՝ պաշտոնյաներ, գործունյա անձինք: Ճիշտ է, գերմանացիների ճշտապահությունը չունենք, բայց ժամացույցի նկատմամբ հայերիս հետաքրքրությունը երեւի թե սահմանափակվում է աքսեսուարի շրջանակներում: Այստեղ ժամանակը ճիշտ ընկալելու եւ գնահատելու խնդիրն է: Շատերի կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ շատ այլ ազգերի համար ժամացույցը ժամանակը ճիշտ կառավարելու միջոց է: Հայերիս մոտ «ժամանակ» հասկացության ընկալումն այլ է. ժամանակը հասկանում եւ գնահատում ենք այլ կերպ: Եթե սերունդների միջեւ տարբերակում անեմ՝ երիտասարդների շրջանում ժամացույցը ծառայում է նախ որպես զարդ, հետո նոր որպես ժամանակացույցի միջոց: Սակայն սա էլ միանշանակ չի եւ ոչ բոլորի համար»:

«AWI» hայկական ժամացույցների սրահի վաճառողուհի Լիլիթի խոսքով՝ հայերը ժամացույց ընտրելիս ուշադրություն են դարձնում ոչ թե տեսքին, այլ գնին. «Հայերի համար ժամացույցի նշանակությունն այդքան էլ մեծ չէ: Այսինքն՝ հայերը ժամացույց գնում են ոչ թե օրվա ընթացքում ժամանակին հետեւելու համար, այլ, որ վերջինը իրենց բնութագրող հատկանիշներ բացահայտի շրջապատում, հասարակության շրջանում: Այստեղից կարելի է ենթադրել, որ այն ծառայում է որպես զարդ: Բայց ասածս վերաբերում է զուտ երիտասարդությանը: Լուրջ, գործունյա մարդկանց համար հակառակն է. ժամացույցը ծառայում է նախ որպես ժամանակացույց, հետո նոր՝ աքսեսուար: Միջին սերնդի ներկայացուցիչները ժամացույց ընտրելիս մեծ ուշադրություն են դարձնում տեսքին, մոդելի նորաձեւ լինելուն, ինչպես նաեւ գնին, այսինքն՝ որքան թանկարժեք լինի, այնքան իրենց մասին կողքինի կարծիքը մեծ կլինի»:

«Tissot» եւ «Swatch» շվեյցարական ֆիրմաների ժամացույցների խանութի վաճառողուհի Նատալյայի փոխանցմամբ էլ՝ ժամացույցը մարդուն բնորոշ աքսեսուարներից է. «Ժամացույցը չի կարող որպես աքսեսուար չդիտվել: Բոլոր ժամանակներում այդ երեւույթը եղել է եւ բնական է, որ այսօր եւս այդպես է: Հայերի՝ մասնավորապես երիտասարդ տղաների շրջանում ժամացույցների նկատմամբ ուշադրությունը, հետաքրքրությունը վերջին շրջանում մեծացել է: Հետաքրքիրն այն է, որ մեծ մասսայականություն են վայելում լուրջ ֆիրմաների գործերը: Օրինակ, մենք ներկայացնում ենք 1853-ից արտադրվող «Tissot» ֆիրման: Եթե մեկ օր անցկացնեք մեր սրահում, կտեսնեք, որ յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ, որը մտնում է սրահ, ուղիղ մոտենում է «Tissot»-ի տաղավարին: Եվ հետո տղամարդկանց ճաշակը, ի տարբերություն կանանց, տարբեր է՝ ավելի դասական, լուրջ, խիստ: Վերջերս նորաձեւության մեջ մտան մեծ, կլոր, սպորտային ժամացույցները: Երիտասարդությունը, օրինակ, նախընտրում է կիսասպորտային ոճը: Քանի որ շուկայում հայտնվեցին բջջային հեռախոսներ, ժամացույց ունենալու պահանջը կարծես թե նվազեց: Բայց շատ ժամացույցներ, օրինակ՝ «Swatch»-ի ժամացույցները, հանդիսանում են նաեւ զարդ»:

Մարդու կյանքում ժամացույցի կարեւորության, այն որպես աքսեսուար կրելու հայկական մոտեցման, ժամացույցի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին խոսեցինք նաեւ հոգեբան Լիլիթ Գարգրցյանի հետ: Ըստ նրա, ժամանակն անբացատրելի ֆենոմեն է. «Երբեմն ուսանողները հարց են տալիս՝ ո՞վ է մտածել տարիք հասկացությունը: Ես պատասխանում եմ՝ տարիք հասկացությունը եկել է ժամանակ հասկացությունից: Դարեր ի վեր մարդիկ ինչ-որ ձեւով չափել են ժամանակը: Հետաքրքիր մի կարծիք կա. ասում են՝ ժամանակն իրականում մի թակարդ է՝ մարդկության կողմից հորինված: Մարդկությունն իր համար հորինել է այդ թակարդը եւ չի կարողանում երբեք դուրս գալ այդտեղից: Ժամացույցը կապելով ձեռքին, մենք մեզ գցում ենք այդ թակարդի մեջ, այդպիսով գտնվելով անընդհատ ժամանակի սահմանների մեջ: Ժամացույցը ձեռքին կապելով՝ մարդն ինքնաբերաբար անընդհատ շտապում է եւ մտածում՝ կհասցնե՞մ անել այս կամ այն… Այդ շտապողականությունը մի կողմից մարդուն օգնում է ճիշտ կառուցել կյանքը, մյուս կողմից էլ խանգարում՝ մարդուն դարձնելով ժամանակի գերին: Սա շատ փիլիսոփայական հարց է: Մարդուն թվում է, թե ժամանակը անկառավարելի է, բայց իրականում այն կառավարելի է: Ժամանակի ոչ արդյունավետ օգտագործումը մարդու կողմից՝ բերում է սթրեսի առաջացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել