Հաճախ է պատահում, որ մարզական այս կամ այն պայքարը որոշ ժամանակով կանգ է առնում՝ մարզաձեւի ամենամոլի երկրպագուի պատճառով:
Բոլորովին վերջերս ֆուտբոլում, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, հանդիպման գլխավոր մրցավարին մարզասերների ռասիստական պահվածքի համար խաղը կանգնեցնելու, անգամ դադարեցնելու իրավունք վերապահվեց: Բայց դա ընդհանուր քաղաքականություն է: Մեր ասածը վերաբերում է անակնկալներին, որոնք մարզասերները զանգվածներին մատուցում են միայն ու միայն սեփական նախաձեռնությամբ:
Շատերը հաստատ չեն կարող հիշել, որ թեկուզ հեռուստաէկրանի առջեւ, ամենակարեւոր հանդիպման ժամանակ, ինչ-որ մի մարզասերի՝ մորեմերկ վիճակում խաղադաշտ ներխուժելու ականատեսն են եղել: Բայց նման բան կա: Ու տեղի է ունենում շատ հաճախ: Ինչո՞ւ: Ի՞նչ նպատակով: Միանշանակ պատասխան ոչ ոք չունի: Մեկը չի կարողանում զսպել թիմի կամ մարզական աստղի հանդեպ ունեցած երկրպագության իր աստիճանը, մյուսը Եվայի զգեստով մրցասպարեզ է ներխուժում ինքնահաստատման, սեփական PR-ի համար, իսկ երրորդը, պարզապես, ցանկանում է կրել իր գրազը:
Ո՞րն է առաջնայինը: Մենք չդատենք: Բայց, որ ամեն դեպքում նման տեսարանները հետաքրքիր են, կասկած չկա: