Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԲԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Մայիս 23,2009 00:00

\"\"Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է բռնցքամարտի աշխարհի անդրանիկ պատանեկան առաջնության կազմկոմիտեի եւ ԱԻԲԱ-ի ներկայացուցիչների առաջին մամուլի ասուլիսը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արման Մուրադյանը, նրա առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, ԱԻԲԱ-ի տեխնիկական պատվիրակ Օսվալդո Բիսբալը եւ ԱԻԲԱ-ի Մրցության ժյուրիի նախագահ Թերրի Սմիթը:

Արման Մուրադյանը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, տեխնիկական հարցերը՝ ամբողջությամբ լուծված, եւ պատրաստ են աշխարհի առաջնությունը լիարժեք դիմավորել: «Մասնակից երկրները հերթով ժամանում են Երեւան, -ասել է նա:- Մենք նրանց դիմավորում ենք օդանավակայանում, ուղեկցում հյուրանոցներ: Բոլոր հավաքական թիմերին կցված են կամավորներ»:

ՀԲՖ-ի նախագահի հավաստիացմամբ, չնայած ֆեդերացիայի թարմացված աշխատակազմն, ըստ էության, աշխատել սկսել է հունվարից, այդուհանդերձ, այս կարճ ժամանակաընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարել:

«Տեխնիկական բոլոր տեսակի հարցերը լիովին լուծված են,- ասել է տեխնիկական տնօրեն Օսվալդո Բիսբալը:- Առայժմ միայն գեղեցիկ պահերի ենք ականատես եղել: Հուսանք, որ մինչեւ վերջ այն շարունակվելու է: Վստահ եմ, որ Հայաստանն ի վիճակի է հյուրընկալել նաեւ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ»:

Օսվալդո Բիսբալը դժվարացել է հստակ պատասխանել լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են առաջնությունը վերջին պահին բաց թողնել Իտալիան, Իսպանիան եւ Ֆրանսիան, որոնք նախապես մասնակցության հայտ ներկայացրած են եղել:

Իսկ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ Ադրբեջանը պաշտոնական հրավեր ստացել է առաջնության կազմկոմիտեից եւ միջազգային ֆեդերացիայից: Սակայն հարեւան երկիրը առանց պատճառաբանության որոշել է չմասնակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել