Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն գեղեցիկ է եւ անվտանգ»

Մայիս 23,2009 00:00

Ասում է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախագահ Ռիչարդ Նայը

Ապրիլի 29-ին Արարատի մարզում մեկնարկեց «Ճանաչեք հայկական հուշարձանները» խորագրով ծրագիր, որի շրջանակներում Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղադրվեցին Արմաշի, Ուրանոցի, Լիճքի, Նորաշենի եւ Նորավանքի կիրճում բնակվող թռչունների մասին պատմող տեղեկատվական վահանակներ: Ծրագիրն իրականացվեց AMAP «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպության նախագահ Ռիչարդ Նայի խոսքով, «Թռչունների արահետը» ամբողջ մշակութային ծրագրերից միայն մեկն է. «ԱՄԱՓ-ի նախաձեռնած ծրագրի շրջանակներում Հայաստանի պատմամշակութային ժառանգության վայրերում տեղադրվելու են բացօթյա բազմալեզու վահանակներ, ինչպես նաեւ ճանապարհային ուղեցույց-ցուցանակներ: Ծրագիրը միտված է Հայաստանում զարգացնել էկոտուրիզմը, Հայաստան այցելող զբոսաշրջիկներին եւ տեղի հայերին վահանակների միջոցով ներկայացնել այն ժառանգությունը, ինչ ունի տվյալ մարզը, վայրը»: Ինչպես նշում է Ռ. Նայը, բացատրական վահանակները պատրաստվում են 5 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն:

Մեր զրուցակիցը հայտնեց. «Գաղափարը ծնվեց 10 տարի առաջ, երբ ես Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող «Տուր Արմենիա» գիրքս գրելու համար ուսումնասիրում էի Հայաստանի բնաշխարհը, պատմությունը, մշակույթը, պատմամշակութային ժառանգությունը: Դեռ այն ժամանակ էի հասկացել, որ գործ ունեմ այնպիսի լեռնաշխարհի հետ, որն ունի մեծ ու հարուստ ժառանգություն, ինչի պահպանման, ճանաչման ու այդ մասին տարբեր ազգերին իրազեկելու խնդիր կա: Երկու տարի առաջ մտահղացմանս մասին պատմեցի ընկերոջս՝ «Armenia Now»-ի գլխավոր խմբագիր Ջոն Հյուզին: Նա հավանություն տվեց գաղափարիս եւ որոշեցինք հիմնել մի կազմակերպություն, որը կիրականացնի տեղեկատվական եւ ճանաչողական ծրագրեր: Կազմակերպության հիմնադրման եւ ծրագրերի իրականացման հարցում մեզ աջակցեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, USAID/ CAPS-ը եւ Գյումրիում՝ Իտալիայի հյուպատոսարանը»: Ամերիկացի Ռ. Նայն արդեն շուրջ 17 տարի ապրում է Հայաստանում, հայերեն դեռ լավ չի խոսում, բայց սիրում է մեր երկիրը:

«Նախքան ճանաչումը, հուշարձանների պահպանման հարցում Հայաստանում մեծ խնդիրներ, խոչընդոտներ կան: Եթե խոսեմ զբոսաշրջիկի տեսանկյունից, այդ ամենի մասին ինֆորմացիա ստանալը դժվար չէ. միայն այցելիր տուրիստական կազմակերպություն, եւ Հայաստանի բնաշխարհի, պատմամշակութային կոթողների մասին տեղեկություններ կստանաս: Սակայն դու, լինելով զբոսաշրջիկ, չես բավարարվի միայն չոր տեղեկություններով: Նույն այդ տեղեկություններում չես գտնի ինֆորմացիա տվյալ հուշարձանի հետ կապված պատմությունների, առասպելների մասին: Մի քանի օր առաջ Տաթեւում էի, որտեղ պատրաստվում ենք հերթական մեր ծրագիրն իրականացնել: Մեկն ինձ հարցրեց՝ ինչո՞ւ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջիկների համար: Ես պատասխանեցի՝ տեսնո՞ւմ ես Տաթեւի վանքը: Համամիտ եմ, որ նման հնագույն տաճարներ կարելի է տեսնել նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, բայց այնտեղ դրանք շրջապատված են քաղաքով՝ սրճարաններ, վաճառասրահներ եւ այլն: Միայն Հայաստանում է պատմամշակութային կոթողը՝ չքնաղ բնության գրկում»:

Խոսելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին՝ պարոն Նայը հույս հայտնեց, որ ինքնաթիռ տոմսերի եւ հյուրանոցային համակարգերի գների իջեցման դեպքում՝ Հայաստանը տարեկան 3-4 միլիոն զբոսաշրջիկ կարող է ընդունել. «Հայաստանն ունի աշխարհի ամենահյուրասեր ժողովուրդը, ազատ է եւ, ամենակարեւորը՝ անվտանգ»:

Առաջիկա ծրագրերի մասին էլ Ռ. Նայն ասաց. «Ունենք մի շարք ծրագրեր՝ «Ծաղիկների արահետ», «Մետաքսի ճանապարհ», հատուկ ծրագիր՝ կույրերի, վատ տեսնող այցելուների համար, որը նորույթ է Հայաստանում. հայկական հուշարձանների տարածքներում տեղադրվելու են վահանակներ՝ բրայլյան այբուբենով: Իսկ արդեն մայիսի 27-ին Տաթեւի կիրճում եւ վանքում կկայանա տեղադրված տեղեկատվական վահանակների շնորհանդեսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել