Բանաստեղծուհի Հռիփսիմէն մտահոգված է
Մայիսի 16-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ հանրապետության նախագահի 2008թ. մրցանակների հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ մրցանակներ չտրվեցին բժշկագիտության, հումանիտար գիտությունների, «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր», ինչպես նաեւ երիտասարդական մրցանակների «Գրականության» բնագավառներում: Առավոտը այս եւ Գրողների միությունում ստեղծված իրավիճակի թեմայով զրուցեց «Ցոլքեր» հ/կ-ի նախագահ, համանուն ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի Հռիփսիմէի հետ:
– Տիկին Հռիփսիմէ, ինչո՞ւ էիք նախկինում խուսափում հարցազրույցներից եւ ինչո՞ւ հիմա սիրով համաձայնեցիք:
– Ինքնաթոթափման պահանջ ունեմ, մտածեցի՝ խոսեմ, կթեթեւանամ: Ես միշտ դեմ եմ եղել գրական ընտանիքի գաղտնիքները տան պատերից դուրս հանելուն, բայց, ցավոք, ներսի աղմուկը, իրարանցումը, անարդարությունները չկարողացան սքողել մեր գրական հարկի խժդժությունները… Քաոսը արդեն չես թաքցնի: Անգամ խանութպանը կամ բակի մածուն վաճառողը հարց է տալիս՝ ի՞նչ է եղել Գրողների միությունում: Պատասխանում եմ՝ ոչ մի արտառոց բան, բայց գիտեմ, որ ցեցակիր ենք ներսից, դրսից էլ՝ քարկոծված… Հայհոյախառն հոդվածները, անթույլատրելի վիրավորանքները, ներսի ժանգի դուրսնետումները գրողական մեր վարքագծի կորը իջեցնում են ցած: Ու պղտոր ջրերում ձուկ որսացողները իրենց կարթը հարմարեցնում են իրավիճակին…
– Այնուամենայնիվ, «կբացե՞ք փակագծերը»:
-Ծաղկաձորյան հերթական երիտասարդական հավաքում իմացա, որ նախագահի մրցանակ՝ երիտասարդական գրականության ոլորտում չի տրվել… մնացել է օդում: Նույն բանը տարիներ առաջ կատարվեց ավագների հետ եւ մինչեւ օրս չի ներվում պոեզիայի՝ կուտ գնացած այդ հացը: Երբ իմացա ժյուրիի կազմը, ալեկոծվեցի. բոլոր մրցանակները համտեսած, նույն սպասումի մեջ մշտարթուն Էդուարդ Միլիտոնյանը եւ Փարիզի ու Երեւանի միջով հեռակայող Ալիկ Թոփչյանը դեմ են եղել մրցանակին: Նույն կազմից Արքեմնիկ Նիկողոսյանը եւ Հրաչյա անունով ինչ-որ երիտասարդ, որը Արա Աբրահամյանի մրցանակ է ստացել՝ պատկառելի մի գումարաչափով իր անտիպ վեպի համար, չեն առարկել… Իսկ ինչո՞ւ է ժյուրիի կազմից դուրս մնում «Ցոլքեր» կազմակերպության ղեկավարը, որը շուրջ 10 տարի գրական-երիտասարդական կենտրոն է տնօրինում: Հասկանալի է պատճառը՝ Ո՛Չ ԸՆԴՎԶՈՂԻՆ: Համազգայինի կողմից ֆինանսավորված «18-33» խորագրով անթոլոգիան, որտեղ արդի արձակի ջահելներն են, նրանցից եւ ոչ մեկը չխրախուսվեց, իսկ խմբագիրը նույն Արքեմնիկն է…
– Խոսեցիք երիտասարդների մրցանակներից, ի՞նչ կասեք ավագների մասին:
– Կան մրցանակակիր գործեր, որոնք որքան էլ շուռումուռ տաս, լավուվատ անես, չես կարող գտնել քոնը… Հաճախ տաղանդավոր գրողը չի փորձում այդ հորձանուտը մտնել՝ քաջ գիտենալով, որ ափեզրի բախտախնդիրն է դրության տերը… Հակագրական այս քաղաքականությունը խորը արմատներ ունի, համահարթեցման, գազոնային վիճակների պտուղները ուշ են երեւում…
Անձամբ ես, լինելով 15 գրքի հեղինակ, երբեք գործերս չեմ ներկայացնում այդ դատաստանին, տարածքը թողնում եմ առավել «ճարպիկներին»: Թեեւ նրանց մեջ էլ երբեմն-երբեմն հայտնվում է արժանավորը… Ես ոչ մեծարանքի, ոչ էլ մրցանակի կարիք ունեմ, անում եմ իմը, չեմ սիրում հանդիսախոսություններ, բեմ, մեծարում, թեեւ, ի՛նչ թաքցնեմ մեղքս, կուզենայի փոքրիկ մրցանակ՝ մի օժտված երիտասարդի ժողովածուն տպագրելու համար:
– Համագումարի շեմին եք, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխի այն գրողների կյանքում:
– Մեծ հեղաշրջման մասին պատկերացում անգամ չունեմ, բայց տրամաբանությունը գոնե ենթադրում է նոր կառույցի ծնունդ: Իսկ եթե նախագահության կազմը պիտի ժառանգի նախկին ընկերական, բարեկամական, համախոհների խումբը՝ դիրիժորական փայտիկին նայող, ապա կարելի է անդամատոմսը ցած դնել-հեռանալ որոշ ժամանակով: Կարծում եմ՝ առողջացման, նոր ենթաշերտերի բացման ժամանակն է: Շատ մաքուր, գրական ստեղծագործական միջուկ պիտի ստեղծվի, որը պիտի ունենա իր որոշումների ծրագիրը, գույնը, ձայնը, իր թելադրանքը: Երրորդ ուժի առկայությունն այսօրվա հրամայականն է ու պահանջը. Գրողների միության կառույցի ներսում պիտի ստեղծել նոր օազիս՝ ոչ թունավոր, այլ թթվածնով լի:
Այսօր կան ստեղծագործողներ, որոնք վիրավորված են ու Գրողների միության շենք չեն մտնում: Հավաքական այդ ուժն էլ ի զորու է ինչ-որ բան անել… Թե չէ՝ կոտրվում է գրականության ողնաշարը, մի բան, որ շատերի համար շահեկան է: Դրության տերը էլի մնում է ճահճի երեսին ծաղկող տեսակը՝ իր ծավալումների մեջ հեռագնա ու հավատավոր…
– Ինչո՞ւ անուններ չեք տալիս:
– Վախենում եմ ինչ-որ անուն մոռանամ…: