Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Մայիս 23,2009 00:00

ՀՀ քաղաքացիները ՀՀ մարզպետներին դիմում են առավելապես սոցիալական հարցերով

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մայիսի 22-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց Թումանյանի տարածաշրջանի համայնքների քաղաքացիների ընդունելություն: Հերթագրվել եւ ներկայացել էր 23 քաղաքացի՝ Ալավերդի, Աքորի, Ախթալա, Արեւածագ համայնքներից, հիմնականում՝ սոցիալական խնդիրներով:

Ալավերդի քաղաքի Սանահին գյուղական թաղամասի բնակիչ Լիզա Ռամազյան. «2008թ. ապրիլի 1-ից 15 000 դրամ թոշակս դարձավ 18 000 ու նպաստ չեմ ստանում, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 1979-ից դիսպանսեր հիվանդ եմ, միայնակ թոշակառու»: «Դուք իրավունք ունեք դիմելու աջակցության խորհրդին՝ ստանալու միանվագ դրամական օգնություն»՝ պարզաբանումից հետո Լիզա Ռամազյանը ասաց, որ դրամական օգնության դիմում արդեն ներկայացրել էր, որին Ալավերդու սոցօգնության ծառայությունում նրան պատասխանել էին, որ իր հերթը հնարավոր է մեկ տարուց հետո գա:

Մարզպետի ընդունելությանը ներկայացած հաջորդ քաղաքացին Ախթալա քաղաքի բնակիչ Ռուզաննա Չիչյանն էր. «Ես Ախթալայից եմ, տանը 3 անձ ենք, ոչ մեկս չենք աշխատում, մեծ աղջիկս՝ 25, փոքրս՝ 23 տարեկան է: Դիմել եմ մեր քաղաքապետին, ասաց, եթե դու աշխատանքի տեղ գիտես, ինձ ասա»: Ռուզաննան պատրաստ է աշխատել անգամ հավաքարար եւ դռնապան եւ ասաց, որ Ախթալայի մանկապարտեզներից մեկի մի հավաքարար 83 տարեկան է՝ թոշակառու է եւ աշխատում է: Մարզպետը խոստացավ հանձնարարել Ախթալայի քաղաքապետ Հ. Խաչիկյանին՝ 83 տարեկան տատիկին թոշակի ուղարկել:

Ալավերդու Սարահարթ թաղամասի բնակիչ Քնարիկ Թունյանը մարզպետից աջակցություն էր խնդրում իր նյարդային ծանր հիվանդության հետեւանքով մեկ ձեռքն ու երկու ոտքը չաշխատող հաշմանդամ աղջկա համար դեղորայք հայթայթելու համար: «50-100 դրամանոց դեղ են տալիս, որը հաշմանդամ աղջկաս չի օգնում»,- ասաց Քնարիկ Թունյանը: Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մարզպետին տեղեկացրեց, որ պահանջված դեղը ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցակում չկա, ուստի չեն կարող օգնել նրան: Մարզպետը խոստացավ դրամական օգնություն ցուցաբերել:

Ռոզա Հովհաննիսյանը շատ էր ուզում, որ մարզպետը լուծի հարսի հետ իր բնակարանային վեճը: Բայց դա մարզպետի իրավասությունը չէ:

Աքորի գյուղի բնակիչ Անգին Վարդեւանյանի բողոքը գյուղապետ Կամո Սիմոնյանից էր: Անգինը Կամոյին աջակցել է ընտրությունների ժամանակ, սակայն գյուղապետը գրադարանավարի կրթություն ունեցող Անգինին այդպես էլ չի վերականգնում իր աշխատանքում:

Արեւածագ գյուղի գյուղապետարանի գանձապահ-հարկահավաք Սուսաննա Մելքոնյանը եւ ամուսինը բողոքում էին իրենց գյուղապետից՝ ամուսնու եւ գյուղապետի տեղակալի վեճից հետո գյուղապետը կրճատել է Ս. Մելքոնյանի հաստիքը: Մարզպետը խոստացավ հանձնաժողով ուղարկել խնդիրը տեղում ուսումնասիրելու համար:

Ալավերդու քոլեջի ուսուցչուհի Սոֆյա Փարսադանյանը քոլեջի տնօրեն Արամ Պետրոսյանի դեմ է բողոքում. «Քոլեջում աշխատում եմ 13 տարի, 24 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: 13 տարի տառապել եմ այս տնօրենի ձեռքին: Ինքը եթե իմանա ձեզ մոտ եմ եկել՝ դա էլ ինձ վրա էժան չի նստի: Հայոց լեզվի մասնագետ եմ, ԵՊՀ-ն եմ ավարտել, ինձ երգի ու ֆիզկուլտուրայի ժամեր է տալիս, մեր քոլեջն ավարտածին տվել է մանկավարժության դասաժամեր: Դա տղամարդու արա՞րք է»: Մարզպետի հանձնարարությամբ, մարզպետարանի կրթության վարչությունը կզբաղվի այդ հարցով: Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը խնդրեց մարզպետի աջակցությունը, որ պատկերասրահը հանկարծ չփակվի:

Արամ Քոչարյանը ջանում էր դիմողներին աջակցել, սակայն տարածաշրջանի սոցիալական հիմնախնդիրները վաղուց համակարգային լուծում են պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել