Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին զանգի» հայկական տարբերակ

Մայիս 23,2009 00:00

ՀՀ-ում ավարտական հանդեսին պատրաստվում են գումարներ հավաքելով եւ խնջույքի «մենյուն» որոշելով

Այսօր «վերջին զանգ» կհնչի ՀՀ շուրջ 48 000 շրջանավարտի համար՝ մոտ 12 հազարը՝ Երեւանից: Երեկ որոշ դպրոցներում արդեն կատարվել է «վերջին դաս» կոչված արարողությունը: Կրթական ոլորտի պատասխանատուներն ամեն տարի հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ այդ արարողության համար գումարներ հավաքվեն, վերջին տարիներին էլ առաջ քաշվեց այն թեզը, թե շրջանավարտների ավարտական միջոցառումը ոչ թե կլինի «վերջին զանգ», այլ «վերջին դաս», որը տեղի կունենա ոչ թե հատուկ վարձակալված դահլիճում, տարբեր ճոխություններով համեմված, այլ կլինի փոքրիկ ավարտական ցերեկույթ: Վերջին տարիներին նաեւ ավանդույթ է դարձել այն, որ տարբեր քաղաքական գործիչներ դպրոցներում «վերջին դասին» հանդիպում են շրջանավարտներին, նրանց տալիս կյանքի դասեր: «Առավոտի» հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի ինչ-որ հատուկ նորամուծություն չկա, բայց հսկողություն սահմանվելու է, քանի որ զգուշացվել եւ հանձնարարականներ են տրվել բոլոր դպրոցների ղեկավարներին:

«Վերջին զանգի» արարողությունից ամիսներ առաջ շրջանավարտները նախապատրաստվում էին. գումարներ էին հավաքվում մի քանի ուղղություններով՝ բուն «վերջին զանգի» արարողության, ավարտական խնջույքի եւ քննությունների համար: Վերջինին առանձին հոդվածով կանդրադառնանք առաջիկա համարներում, բայց ահա «վերջին զանգի» արարողության համար հավաքվում է 30-70 հազար դրամ. օրինակ, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում՝ 40 հազար դրամ, թիվ 131-ում՝ 50 հազար դրամ, որը ներառում է քննությունների եւ ավարտական խնջույքի ծախսերը եւս, թիվ 122 դպրոցում «վերջին զանգի» արարողության համար հավաքվում է 30 000 դրամ եւ այն աշակերտները, որոնք չեն «մուծել» գումարը, հնարավորություն չեն ունենա մասնակցել արարողությանը: Իսկ ահա Բելգիայում բնակվող մեր ընթերցողներից մեկը «Առավոտի» ինտերնետային քննարկումների բաժնում անդրադառնալով մեր թերթի մայիսի 21-ի առաջնորդողին՝ «Վերջին զանգը՝ որպես հայելի», գրում է. «Թեման տեղին է ու ժամանակին: Իմ մտահոգությունները կապված են մարդկանց մտածելակերպի հետ՝ «Բա ինչ, «վերջին զանգը» կյանքում մեկ անգամ է լինում»: Արդյո՞ք հարցը արարողությունն է, իսկ երեխանե՞րը: Իրո՞ք մեր երեխաներն այդ աստիճանի ուրախ եւ անհոգ են: Եվ նրանց հետաքրքրությունները սահմանափակվում են «լիմուզինների» երկարություններո՞վ: Այս տարի որդիս ավարտում է դպրոցը՝ Բելգիայում: Պատմեմ, թե նրանք ինչպես կազմակերպեցին իրենց «վերջին զանգը»: Առանց օրական 10-12 ժամանոց դասերից կտրվելու, ապրիլի շաբաթ օրերին ներկայացման փորձեր արեցին, մի մեծ դահլիճ վարձեցին, տոմսեր վաճառեցին, ներկայացումը կայացավ, ստացված հասույթով կազմակերպեցին իրենց ուրախությունը, դեռ մի քիչ գումար էլ դպրոցին մնաց: Գլխավորը՝ ոչ մի «ակտիվ ծնող» մեջ չընկավ, իրենք իրենց դպրոցով կազմակերպեցին, ներկայացումը խաղացին»: Մեկ այլ ընթերցող էլ գրում է. «Ես դպրոցն ավարտել եմ 13 տարի առաջ, այն ժամանակ էլ էր նույնը կատարվում, շարունակվում է մինչեւ հիմա ու ավելի զարգանում: Բայց սա մեր ժողովրդին հատուկ հատկանիշ է: Մի՞թե նույնը չենք անում հարսանիքների ժամանակ կամ Նոր տարուն»:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ այսօր, ժամը 20-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի տոնական համերգ, քաղաքապետն էլ հատուկ ուղերձ է հղել բոլոր դպրոցներին: Քանի որ անցյալ տարի տոնական համերգից հետո շրջանավարտները տուն հասնելու հետ կապված խնդիրներ էին ունեցել, Ս. Աչոյանից հետաքրքրվեցինք՝ փոխադրամիջոցներ հատկացվելո՞ւ են: Նա ասաց՝ ոչ, պատճառաբանելով, որ շրջանավարտները կարող են զբոսնելով տուն գնալ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել