Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ «ԿԵՆԳՈՒՐՈՒԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Մայիս 23,2009 00:00

ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի կարծիքով՝ ոչ բոլոր դպրոցներն էին ճիշտ ընկալել մրցույթի էությունը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Էռնա Պետրոսյանը ճանաչվել է մարտի 19-ին ՀՀ-ում անցկացված «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթող: Անցյալ շաբաթ մասնակից բոլոր 570 դպրոցներին ուղարկվել են ամփոփ հաշվետվություններ՝ տվյալ դպրոցի երեխաների արդյունքների վերաբերյալ: Իսկ երեկ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ-ում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն ու ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը խոսեցին ստացված արդյունքների մասին: Մրցույթում հաղթող ճանաչված Էռնան այս տարի կմեկնի եվրոպական երկրներում կազմակերպվող ամառային միջազգային ճամբար: Եվս երկու աշակերտի էլ կտրվի այդ հնարավորությունը, ուստի հունիսին կկազմակերպվի մրցույթ «լավագուններից լավագույնների» միջեւ: «Կենգուրու» մրցույթի արդյունքում 111 երեխա ցույց է տվել լավագույն արդյունք, 355-ը արժանացել է հատուկ մրցանակների, 478-ն էլ դպրոցում է ցուցաբերել լավագույն արդյունքներ: Լրագրողներին հետաքրքրեց, թե արդյունքները ցածր չե՞ն: Դ. Սահակյանը պատասխանեց. «Սա մրցույթ է, իսկ դա ենթադրում է, որ պետք է լինեն հատուկենտ երեխաներ, որ կկարողանան լուծել բոլոր խնդիրները: Ի տարբերություն օլիմպիադաների, գրեթե չպիտի լինեին երեխաներ, որ ոչ մի խնդիր չեն լուծել: Դրա համար էլ խնդիրները սկսվում են շատ հեշտերից եւ վերջանում բարդերով: Եվ, բնականաբար, սա ավարտական քննություն չէ, ինչը ենթադրում է, որ ուսումնական ծրագիրն անցնելուց հետո երեխան պիտի պատրաստ լինի բոլոր հարցերին պատասխանելու»: Դ. Սահակյանը վկայակոչեց այլ երկրների ցուցանիշներ. «Վրաստանում անցյալ տարի մասնակցած 16 հազար երեխաներից հաղթող չի գրացվել, ՌԴ-ում հաղթողների թիվը ավելի մեծ է, բայց մասնակցությունը 1.6 միլիոնից ավելի է: Այնպես որ, տոկոսային իմաստով մեկ երեխան 30 հազարի մեջ այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Ակնկալում էինք 1-3 երեխա, անցանկալի կլիներ, եթե ընդհանրապես հաղթող չլիներ, բայց նաեւ կասկածելի կլիներ, եթե հաղթողների թիվը լիներ 10-ին մոտ կամ ավելի. դա կնշանակեր՝ արտագրություններ կամ օգնություններ»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե գուցե այն, որ հաղթող է ճանաչվել ընդամենը մեկ երեխա, պայմանավորված է այն հանգամանքով, որ մրցույթի անցկացման դեպքում անհավասար պայմաններ էին ստեղծվել երեխաների միջեւ. օրինակ՝ 3-րդ, 4-րդ դասարանցիները լուծում էին նույն խնդիրները, 5-6-րդը՝ նույնը, Դ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Քանի որ խնդիրները դպրոցական ծրագրից չեն, այլ տրամաբանական են, այդ դեպքում այնքան էլ ճիշտ չէ խոսել անհավասարության մասին: Մյուս կողմից էլ մրցույթն իրականացվում է ամեն տարի, եւ եթե այսօր երեխան 3-րդ դասարան էր եւ ինչ-որ առումով իր իրավունքները ոտնահարված են, հաջորդ տարի նա կունենա առավելություն, քանի որ լինելով 4-րդ դասարանցի, լուծելու է նաեւ խնդիրներ՝ նախատեսված 3-րդ դասարանցիների համար»: Արա Ավետիսյանն էլ նշեց, որ մրցույթի արդյունքները չեն ցանկանում կապել դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակի հետ՝ փաստելով, որ իրենք «Այբ» կրթական հիմնադրամից դպրոցների մասնակցության մասին պատմող թվերից բացի, այլ թվեր չեն պահանջում: Հետո էլ հավելեց. «Ի տարբերություն մեզ համար մինչ այժմ ճանաչելի միցույթների, «Կենգուրուում» առանձնահատուկ մոտեցում կա: Այն երեխայի ունակությունների, կարողությունների ինքնաարտահայտման, դրսեւորման եւ ինքնագնահատման հնարավորություն է տալիս: Երեխան չի մրցում մեկ ուրիշի հետ, ինքն իր կարողություններով մրցում է ինքն իր հետ: Այս մոտեցումը շատերի համար նոր է: Այնինչ, շատ ծնողների թվում է, թե իրենց երեխան պիտի հաղթի մեկ ուրիշին»: «Առավոտը» հարցրեց, թե հնարավոր չէ՞ իրավիճակը վերահսկել, որպեսզի իրոք բոլոր երեխաները ունենան դրսեւորվելու հնարավորություն, քանի որ «Կենգուրուի» մասնակցության հայտերի ընդունման փուլում շատ դպրոցներում ուսուցիչները ոչ բոլոր երեխաներին էին գրանցում, որպեսզի մասնակցեն միայն գերազանց առաջադիմություն ունեցողները եւ դպրոցի պատիվը բարձր պահեն: Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Իսկապես, որոշ դպրոցների ուսուցիչներ ճիշտ չէին հասկացել մրցույթի գաղափարախոսությունը, դրա համար էլ անտեղյակ մարդիկ այդպիսի մոտեցումներ էին դրսեւորել: Ուստի նրանց մրցույթի մասին իրազեկել է պետք: Մյուս կողմից էլ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չեն կարող լինել այդպիսի շեղումներ»: Իսկ 2010-ին «Այբ» կրթական հիմնադրամը աշխատանքներ կտանի, որպեսզի ներգրավի նաեւ Ջավախքը, որ այնտեղ մրցույթին մասնակցեն հայերեն, մրցույթը կիրականացվի նաեւ Արցախում: Իսկ առաջիկայում «Այբ»-ի աշխատակիցները կշրջեն մարզից մարզ եւ կպարգեւատրեն բոլոր մրցանակակիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել