Ճակատագիրը ոստիկանների ձեռքերում է
«Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանի հայտարարությունները՝ ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ պետեկամուտների կոմիտեին, ըստ երեւույթին, այնքան էլ լուրջ չեն ընդունվել եւ դրանք մնացել են անպատասխան: Ավելին, ոչինչ չի ձեռնարկվել հայտարարություն անողի անվտանգությունն ապահովելու նպատակով: Երկու անչափահաս երեխաների մայրը հուսահատությունից ելնելով դիմել էր խմբագրությանը, հայտնելով, որ եթե իր հայտարարությունն այստեղ էլ անհետեւանք մնա, կդիմի ծայրահեղ քայլի՝ ինքնասպանության: Ի՞նչ է կատարվել իրականում: Անցյալ տարվա նոյեմբերին «Ջեներալ Փրինթ Հոլդինգ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ամլիկյանը հայտարարություն է տալիս ոստիկանության քաղաքային վարչություն, հայտնելով, որ գլխավոր հաշվապահ Նարինե Գրիգորյանը հափշտակել է 3 միլիոն 900 հազար դրամ գումար: Հարուցվում է քրեական գործ: «Ես ներկայացա վարչություն: Քննիչը սպառնաց եւ հոգեբանական ճնշումների ենթարկեց ինձ, որպեսզի այդ գումարը վերցնեմ ինձ վրա: Ես չէի հափշտակել այդ գումարը: Սակայն քաղաքային վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի քննչական բաժնում ինձ ասացին, որ ուշ է, եւ ես պետք է կալանավորվեմ, կամ էլ համագործակցեմ իրենց հետ, որպեսզի ՍՊԸ-ի տնօրենի վրա գործ բացվի՝ որպես տնտեսական հանցագործ»,- ասում է Ն. Գրիգորյանը: Վերջինս, չկարողանալով դիմանալ հոգեբանական ճնշումներին, ինչպես ինքն է ասում, համաձայնում է գրել այն, ինչ թելադրում են:
«Այդ օրվանից ես սկսեցի պարել քննիչների նվագի տակ: Որպեսզի ազդեն ինձ վրա, իմ ներկայությամբ մարդկանց էին կալանավորում: ՍՊԸ-ի վրա այնպիսի բաներ էի գրում, որոնք իրականում չէին համապատասխանում իրականությանը, ոչ էլ ընկերության շրջանառությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ներկայացնում է ՍՊԸ գլխավոր հաշվապահը: Ի դեպ, այդ ՍՊԸ-ն սպասարկում է «Մարիաննային», «Չանախին», «Ոսկե պինգվինին», «Կուբանսկի արեւածաղկին», «Ասային»…
Այդ ընթացքում տնօրենը հաշվապահական ելքնումուտքը վերահաշվելիս գտնում է ՍՊԸ կորած այն գումարը, որի համար ստիպված էր եղել հայտարարություն տալ ոստիկանությանը: Հ. Ամլիկյանը դիմում է քննչական վարչությանը, որ Ն. Գրիգորյանը կապ չունի հափշտակության հետ, սակայն գործը չի կարճվում:
«Ինձ վախեցնում են: Մի՞թե մարդը պետք է ստի, որ իրեն չկալանավորեն: Մի՞թե չկա այլ ճանապարհ, որ ես դուրս գամ այս ճահճուտից»,- հարցնում էր Ն. Գրիգորյանը:
Վերջինիս նկատմամբ բողոքը ՍՊԸ տնօրենը ետ է վերցրել, սակայն գիշերվա ժամերին գլխավոր հաշվապահի տուն են գալիս ոստիկանները, վախեցնում, թե կձերբակալեն նրան «սուտ ցուցմունք» տալու համար, որոնք թելադրել են իրենք:
«Ես ամեն օր ապրում եմ վախի մեջ: Ես եւ իմ տնօրենը կնքել ենք հաշտության համաձայնագիր, ես պատրաստ եմ իմ հաշտությունը պահել մինչեւ վերջ: Հովհաննեսն իմ դեմ բողոք չունի, ես էլ հրաժարվում եմ կեղծ ցուցմունքներ տալուց»,- հավելում է զրուցակիցս: Ի դեպ, վերջինիս օրեր առաջ ընդունել է Երեւանի դատախազ պարոն Բադալյանը: «Դատախազության աշխատասենյակում ինձ ասացին, որ ճակատագիրս իրենց ձեռքերում է: Եթե չօգնեմ իրենց՝ իմ կամքով կորոշեմ երեխաներիս ու իմ ճակատագիրը»,- ասաց Ն. Գրիգորյանը: