Դատարանը մերժում էր միջնորդությունները
«Նոր ժամանակները» հետեւում է «Հայկական ժամանակին»:
Փաստաբանը ինքնաբացարկի առաջարկ է անում:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է փետրվարի 6-ին «ՀԺ»-ում տպագրված այն հոդվածը, համաձայն որի՝ նա Դուբայում ոստիկանների կողմից ձերբակալվել է եւ տարվել տեղի բաժին: Նախագահի որդին թերթից պահանջում է 16 մլն 200 հազար դրամ փոխհատուցում: Նախորդ դատական նիստին թերթի լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանը ինքնաբացարկի առաջարկ էր արել դատավորին, որը երեկ մերժվեց եւ սկսվեց գործի քննությունը:
Տիգրան Աթանեսյանը պահանջեց, որպեսզի դատարանի միջոցով Ազգային անվտանգության ծառայությունը տրամադրի իրեն Լեւոն Քոչարյանի դիվանագիտական անձնագիրը. «Հայցվորը դատարան ներկայացրած անձնագրով չի կարող պնդել, որ երբեւէ չի գտնվել որեւէ պետությունում, մասնավորապես՝ ԱՄԷ-ում: Կամ երբ է 2007թ.-ից հետո հայցվորը լքել ՀՀ-ն եւ որ երկրներն է այցելել, համարում եմ մեզ համար հիմնավորող ապացույց»:
Փաստաբանն ասաց, որ դիմել է ԱԱԾ-ին, սակայն ստացվել է պատասխան, որ այդ տեղեկատվությունը հայցվորի՝ Լեւոն Քոչարյանի անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվություն է:
Փաստաբանը պահանջեց, որպեսզի ԱԱԾ-ն պատասխանի, թե 2007թ. հունվարի 1-ից Ռոբերտ Քոչարյանի որդին քանի անգամ է բացակայել հանրապետությունից, ինչ ժամկետով: Օրաթերթի փաստաբանը չբացառեց, որ հայցվորն ունենա 3-րդ անձնագիր էլ՝ սովորական եւ դիվանագիտական անձնագրից բացի: ԱԱԾ-ից նշված տեղեկությունը ստանալու միջնորդությունը դատարանը մերժեց:
Լեւոն Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը հիշեցրեց, որ վիճարկվող հրապարակումը վերաբերում է 2009թ. փետրվարին, որտեղ նշված է, որ «Ձերբակալությունը տեղի է ունեցել Ամանորից օրեր առաջ»: Տիգրան Աթանեսյանը խնդրեց երկու ամիս ժամանակ, հայտնելով, որ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ դիվանագիտական ճանապարհով ստանալու Դուբայի ոստիկանության պատասխանը:
Լեւոն Քոչարյանի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը, որի դատական ծախսը գնահատվել է 3 մլն դրամ, ներկայացրեց ԱՄԷ հյուպատոսական վարչության կողմից 20.04.2009թ. պաշտոնական պատասխանը. «Պատիվ ունենք հայտնելու, որ ստուգման արդյունքներով համապատասխան համակարգերում Լեւոն Քոչարյանի նկատմամբ որեւէ արգելանք, իրավունքի հետապնդում չի եղել»: Դատարանը մերժեց նաեւ այն միջնորդությունը, որով արդարադատության նախարարությունից պետք է ստանար պատասխանը:
Այդ փաստաթուղթը նույնպես չբավարարեց օրաթերթի ներկայացուցչին՝ Տիգրան Աթանեսյանին, որը դատավորին բացարկ հայտնելու համար կրկին ժամանակ խնդրեց: Նա ասաց, որ դատավորը կողմնակալ է եւ իրեն զրկում է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Դատավորը դատական հաջորդ նիստը նշանակեց մայիսի 26-ին: