Երեկ Հայաստանի փրկարար ծառայությունից հայտնեցին, որ ժամը 18-ի սահմաններում կրկին հրդեհ է բռնվել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի տարածքում: Այդ առիթով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը: Ըստ ծառայության պատասխանատուների, պոլիէթիլենի արտադրամասում այրվել են պոլիէթիլենային իրեր՝ 36 քմ մակերեսով:
Փրկարար ծառայության տարածած այս հաղորդագրությունից անմիջապես հետո, հետեւեց «Նաիրիտ» գործարանի պատասխանը: Գործարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ «Նաիրիտում» բռնկված նոր հրդեհի մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ որ հրդեհը տեղի է ունեցել ոչ թե «Նաիրիտ» գործարանի տարածքում, այլ 1 կմ հեռավորության վրա եւ գործարանի հրդեհային անվտանգության վրա որեւէ ազդեցություն չունի:
Երեկ «Առավոտը» փրկարար ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հրդեհը գործարանի տարածքում է եղել: Ծառայության լրատվական բաժնից հաստատեցին իրենց տեղեկատվությունը, հայտնելով, որ երբ իրենց հրշեջները հասել են՝ հրդեհն արդեն մարված է եղել տեղի ուժերով, իսկ հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում իրականացվել են հովացման աշխատանքներ:
Բացի այդ, դեպքի մասին տեղյակ են պահել ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը եւ Երեւան քաղաքի «1-03» ծառայության հերթապահներին: