Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ՈՒ ՀԱՍԿ-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ԿԾԼԻ ՈՒ ԿԾԱՂԿԻ

Մայիս 23,2009 00:00

\"\"Նրանց ուշացած խոստումներն իրենց առատությամբ չեն զիջում մնացած կուսակցությունների տված խոստումներին

Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից դեռ 25-30 օր առաջ առաջադրված բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերն արդեն հրապարակել էին: Եվ միայն «Հայ ազգային կոնգրեսն» (ՀԱԿ) ու «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն» (ՀԱՍԿ) էին նրանցից հետ մնացել: Ընտրություններից ընդամենը 10-15 օր առաջ նրանք էլ ներկայացրին իրենց ծրագիրը:

Իր ծրագրի սոցիալական հատվածում «Հայ ազգային կոնգրեսը» խոստանում է՝ հողհատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը եւ այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը բացառել: Նրանք հավաստիացնում են, որ իրենց օրոք Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները՝ քաղաքացիներին հաշվետու:

ՀԱԿ-ը «բոլոր առանցքային փաստաթղթերը, այդ թվում՝ Երեւանի հատակագիծը, յուրաքանչյուր քաղաքացու համար կդարձնի մատչելի»: Նրանք կճանաչեն նաեւ 10 եւ ավելի տարի հողը եւ դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ եւ անընդմեջ օգտագործած քաղաքացու, մասնավորապես՝ նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը: ՀԱԿ-ը չի մոռացել նաեւ իրացված եւ իրացվող տարածքների բնակիչներին, որոնց խոստանում են արդարացի փոխհատուցում՝ հատուցման կարգը համաձայնեցնելով տուժողների հետ: Կոնգրեսը խոստանում է նաեւ երիտասարդների համար կառուցել թաղամասեր, որտեղ, բացի մատչելի բնակարաններից, կլինեն նաեւ համապատասխան ենթակառուցվածքներ՝ (կինոթատրոն, մշակույթի կենտրոն, գրադարան, մարզահրապարակներ), երիտասարդ ընտանիքների հոգսերը թեթեւացնող բազմազան ծառայություններ՝ մանկապարտեզ, զվարճանքի, երեխաների որակյալ խնամքի կենտրոններ:

«Քաղաքաշինություն եւ տրանսպորտ» ենթավերնագրի տակ ՀԱԿ-ի ծրագրի հեղինակները գրել են. «Վերջին տարիներին Երեւանի կենտրոնում կառուցապատումն իրականացվել է ոչ թե քաղաքաշինական նորմերին համապատասխան, այլ «Էլիտար սանձարձակության» սկզբունքով, անթույլատրելի խտությամբ եւ բարձրությամբ, ընդհանուր օգտագործման եւ բակային տարածքների հաշվին, ինչի արդյունքում աղավաղվել է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը, վերացել է արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունը: Կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսեւորումների եւ օդի աղտոտվածության»: Ստեղծված վիճակը շտկելու համար նրանք ծրագրել են մայրաքաղաքի բնակչության եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել կառուցապատմանն առնչվող բոլոր ծրագրերը եւ գոտիավորման նախագծերը: ՀԱԿ-ը խոստանում է ստեղծել պուրակներ, հանգստյան գոտիներ, ջրավազաններ, մանկական տարբեր խաղահրապարակներ: Անդրադառնալով տրանսպորտին, խոստանում են վերանայել Երեւանի տրանսպորտային երթեւեկության սխեման՝ ուղեւորների համար այն դարձնելով առավել հարմարավետ:

Ըստ ՀԱԿ-ի՝ պետք է ավարտել մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաեւ նախաձեռնում են կառուցել Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս-Մալաթիա-Չարբախ երթուղին: Նրանք նաեւ փողոցների ասֆալտապատման որակին են հետեւելու, ուստի խոստանում են բացառել փողոցների ամենամյա վերանորոգման արատավոր ավանդույթները: Անդրադառնալով բնապահպանությանը՝ Կոնգրեսը ասում է, որ պետք է անհապաղ վերականգնվեն Երեւանի «թոքերը» հանդիսացող տարածքները՝ Նորք, Հրազդանի կիրճ, Դալմայի այգիներ, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ՝ կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան ներառելով առնվազն 200 հեկտար: Այդ նպատակով կվերականգնեն ու կընդլայնեն մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Պատշաճ ուշադրություն կդարձնեն Բուսաբանական եւ Կենդանաբանական այգիներին: Բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, մատչելի դարձնելու համար ՀԱԿ-ն առաջարկում է Երեւանում ներդնել անվճար բուժօգնությունից օգտվելու եւ անվճար դեղորայք ստանալու հնարավորություն՝ էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի միջոցով:

Իսկ ահա ՀԱՍԿ-ի նախընտրական ծրագիրն առաջարկում է Երեւանի ավագանուն տալ օրենսդրական նախաձեռնության իրավունք, քաղաքապետարանին օժտել առավելագույն ինքնակառավարման իրավասություններով: Նրանց կարծիքով, քաղաքապետարանում պետք է ստեղծել համապատասխան իրավասություններ ունեցող արդյունաբերության բաժին, որը կուսումնասիրի Երեւանի տարածքում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների ներկա վիճակը եւ կառավարության հետ համատեղ կմշակի ու կիրագործի նրանց արդյունավետ գործնեության կազմակերպմանը օժանդակող կոնկրետ ծրագրեր: Նրանք ծրագրում են առավելագույնս օժանդակել երեւանցիներին՝ արժանապատիվ աշխատանքով եւ արժանապատիվ աշխատավարձով ապահովելու գործում: Հստակեցնելու են Երեւանի բյուջեի ձեւավորման եւ վերահսկման մեխանիզմները: ՀԱՍԿ-ը ցանկանում է հնարավորինս օժանդակել սոցիալապես անապահովներին՝ արագ, որակյալ եւ մատչելի բժշկական օգնություն ստանալու հարցերում, բուժհիմնարկներն էլ ապահովել ժամանակակից սարքավորումներով եւ տրանսպորտով: Նրանք նաեւ հստակեցնելու են համատիրությունների դերը, աշխատանքների կազմակերպման ձեւերը եւ տնօրինման ոլորտները, ուշադրության կենտրոնում են պահելու բնակֆոնդի պահպանության խնդիրները, ինչպես նաեւ տրանսպորտի բաժնի միջոցով արագորեն կարգավորելու են Երեւանի տրանսպորտային խնդիրները՝ քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ: Կանոնակարգելու են Երեւանի փողոցներում, շուկաներում, անցումներում կատարվող առեւտուրը, տոնավաճառները վերցնելու են քաղաքապետարանի վերահսկողության տակ: Նրանց համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանը պետք է մշակի եւ իրականացնի հատուկ ծրագիր՝ նորաստեղծ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու համար, հաշմանդամների համար ստեղծելու է կյանքի եւ աշխատանքի հարմարավետ պայմաններ: ՀԱՍԿ-ն ասում է, որ բնապահպանական խնդիրները պետք է գտնվեն քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել