Միջազգային տնտեսական ճգնաժամը մոտեցել է իր անկումային «պիկին» եւ սպասվում է, որ 4-րդ եռամսյակում տնտեսական վերելք կլինի։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսության վերաբերյալ նման կանխատեսում արեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ կարծես թե Հայաստանն էլ մեկ քայլ առաջ է գնում եւ այս տարվա 4-րդ եռամսյակից հետո նաեւ մեզ մոտ տեղի կունենա այդ առողջացումը. «Կարծում եմ, որ Հայաստանը, ԱՊՀ երկրների նման, այս տարվա վերջում արդեն դուրս կգա ճգնաժամի փուլից, եւ կսկսվի տնտեսական զարգացումը»:
Պարոն Մինասյանը վստահեցրեց, որ ճգնաժամի ազդեցության հետեւանքով բյուջեի սեկվեստր չի լինի, քանի որ նման գործընթաց սկսվում է այն դեպքում, երբ պետական եկամուտները 25% պակաս են լինում։ Անդրադառնալով Ազգային ժողովում քննարկվող «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին, ըստ որի՝ նախատեսվում է խոշոր տնտեսվարողների օբյեկտներում հարկային տեսուչ նշանակել, Գ. Մինասյանը նշել է. «Դա անհրաժեշտ է, որպեսզի ապրանքների արտադրության ծավալները հստակեցվեն, որին կհետեւի բացթողնման գների ու փաստաթղթաշրջանառության խնդիրների լուծումը: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները դժվարությամբ էին կատարում փաստաթղթավորման պարտավորությունները՝ պատճառաբանելով, որ խոշոր բիզնեսը չի փաստաթղթավորվում, ուստի այս կերպ դա վերահսկվի»: