Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ ՈՒ «ՑԻՍՏԵՌՆՆԵՐ» Է ԴՆԵԼՈՒ

Մայիս 23,2009 00:00

ՕԵԿ-ը նախատեսում է երեւանցիներին էժան տաք ջուր եւ հոսանք մատակարարել

Այս օրերին Երեւանի ավագանու համար կուսակցությունները պայքարում են՝ ով ինչպես կարող է՝ թաղային «ռազբորկաներով», «գլուխ գովելով», բայց այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն մոռացել նաեւ նախընտրական ծրագրեր կազմել: Բոլոր կուսակցություններն անխտիր վստահեցնում են, որ, տիրապետելով քաղաքային իշխանությանը, իրենք Երեւանը շատ կարճ ժամկետում կդարձնեն տնտեսապես ու սոցիալապես կայուն ու զարգացած մայրաքաղաք: Սակայն նրանք, որպես կանոն, չեն մատնանշում, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում ի՞նչ կերպ են զարգացնելու մայրաքաղաքի տնտեսությունը:

ՕԵԿ-ի ավագանու թեկնածուներն իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտում են, որ իրենց ծրագիրն ուրիշ է, ոչ մեկի ծրագրի նման չէ, եւ այն իսկապես հնարավոր է իրական դարձնել: Չնայած ՕԵԿ-ի ծրագիրն ուրիշ է, բայց մի հարցում բոլոր կուսակցությունները նույնն են ասում՝ կայուն տնտեսական զարգացման ապահովում, աշխատատեղերի ստեղծում, փոքր եւ միջին գործարարության զարգացման ուղղությամբ նպատակային պետական աջակցություն: «Առավոտը» փորձեց ՕԵԿ-ի ավագանու թեկնածուների ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսագիտական գիտությունների դոկտոր Գրիգորի Վահանյանից ճշտել, թե գործնականում ի՞նչ են նախաձեռնելու, որպեսզի քաղաքում նոր աշխատատեղեր բացեն: Թեկնածուի ներկայացմամբ, իրականում աշխատատեղեր բացելը շատ հեշտ է, օրինակ՝ կարելի է 60-ն անց մարդկանց կամ ուսանողներին ու կարիքավորներին քաղաքի այգիներից, ամեն մեկին, մի 100-200 քմ տարածք տալ, որպեսզի խնամեն ու աշխատավարձ ստանան. «Դա աշխատատեղ չի՞: Սա շատ հասարակ բան է»: Ինչ վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկոթյունների (ՓՄՁ) զարգացմանը, պարոն Վահանյանն ասաց. «ՓՄՁ-ն պետք է այնպես խթանենք ու զարգացնենք, որ նրանք լուծեն քաղաքի խնդիրները: Իսկ հիմա ՓՄՁ-ն ուզում է ընդամենը իր բիզնեսն առաջ տանի. բանկից գումար է վերցնում, կես տարի աշխատում է, հետո փակվում, ինքն իր խնդիրները լուծում է ու վերջ: Իսկ եթե ՓՄՁ-ն աշխատի այն ոլորտում, ուր պահանջարկ կա, ինքը կես տարով չի աշխատի: Օրինակ՝ մեր բակերում, շենքերի մուտքերում լինի ավտոմատ համակարգ, որ ժամը 8-ից հետո հոսանքը անջատվի, իհարկե՝ բնակարաններինը չէ, իսկ առավոտն էլ՝ ավտոմատ միացվի: Նաեւ կխնայենք էլեկտրաէներգիան: Առավոտյան 7-ին դուրս ենք գալիս՝ որոշ տեղերում լույսը միացրած է, դա ավտոմատ պետք է անջատվի: Այսինքն՝ ՓՄՁ-ին ներգրավենք այնպիսի ծրագրերում, որ քաղաքի զարգացմանը մասնակցեն: Մրցույթ կհայտարարվի, հաղթողը բյուջեի հաշվին նմանատիպ գործեր կանի»:

«Մայրաքաղաքի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների վերագործարկման եւ զարգացման համար նպատակային ծրագրերի ներդրում». սա եւս ՕԵԿ-ի ծրագրից մի հատված է: Այն իրականություն դարձնելու համար, ընտրվելու դեպքում, ՕԵԿ-ի ավագանին պատրաստվում է մայրաքաղաքի բոլոր աշխատող եւ չաշխատող խոշոր ձեռնարկություններում ստուգայց անցկացնել. «100-ից ավելի արդյունաբերական գործարաններ կան, որոնք սեփականաշնորհվել են, ամեն մի գործարքը ունեցել է համապատասխան ծրագիր: Պետությունը ոչ միայն վաճառելու ֆունկցիա ունի, այլեւ վերահսկելու, թե ինչպես են կատարում իրենց ծրագրով ստանձնած պարտավորությունները: Նայում ենք, տեսնում, եթե սեփականացվել է եւ օբյեկտիվ պատճառներով ծրագիրը չի իրականացրել, սա մի կողմ ենք թողնում, իսկ եթե կան սուբյեկտիվ պատճառներ, որ գործարանի շենքը դատարկ է կամ փակված՝ ուրեմն պետք է պարզել պատճառը: Կարող է ասեն՝ շահույթ չի բերել, իսկ եթե շահույթ չէր բերելու՝ ինչո՞ւ է գնել: Այդ դեպքում պետք է վերանայել պայմանագիրը ու նորից հարցը դնել քննարկման: Բայց այդ սեփականատերը պետք է մեր պետությանը փոխհատուցի այն գումարները, որոնք չեն տրվել»: Պարոն Վահանյանը Երեւանին առաջարկում է «անձնական» բանկ ունենալ. «Մեր կարծիքով, քաղաքը պետք է բանկ ունենա, եւ այդ բանկը պետք է համապատասխան վարկեր տա ՓՄՁ-ին, որպեսզի զարգացնեն քաղաքը: Ասենք, ինքը գումար է տալիս ծրագրի համար, դա իրականացվում է, վերջում արտադրանքը սպառողին է հանձնվում, ստացված եկամուտը վերադարձնում է վենչուրային ֆոնդին, սա իրական ծրագիր է: Ընդամենը համապատասխան գիտելիքներ է պահանջում»:

ՕԵԿ-ն իր հավակնոտ ծրագրով ուզում է նորամուծություններ մտցնել մեր մայրաքաղաքում՝ տեղեկատվական քաղաքային միջավայրի ձեւավորում, նորարարական նախաձեռնությունների, հետազոտությունների աջակցություն՝ ներդրման եւ համագործակցային դաշտի ապահովման բնագավառներում: Կուսակցության նախընտրական ծրագրի այս հատվածն իսկապես ուրիշ է: Թե ինչպե՞ս պետք է այն իրականացնեն, պարոն Վահանյանն այսպես մեկնաբանեց. «Կարելի է արեւային համապատասխան էներգետիկ կայաններ տեղադրել շենքերի տանիքներին, որոնք հնարավորություն կտան ամբողջ ցերեկը հեռուստացույցը կամ մնացած սարքերը գրեթե անվճար օգտագործել: Դա կապված է ոչ թե հսկայական ծախսերի, այլ պարզապես գիտական կառավարման հետ: Նույնը շենքերի ջեռուցման հարցն է, շատ երկրներում շենքերի տանիքներում կան հատուկ «ցիստեռններ», «ակումուլյատորներ» դնենք շենքերի տանիքներին կամ ցիստեռններ, որ ջուրը հավաքվի, արեւի տակ տաքանա, ու մարդիկ էժան տաք ջուր կունենան: Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական քաղաքի ձեւավորմանը, ապա ասեմ, մենք ունենք մոտ 200 դպրոց ու միլիոնավոր դոլարներ են ծախսված, բայց դպրոցների 70%-ը ինտերնետին միացված չէ: Սա նշանակում է, որ ոչ միայն երեխաներն են զրկված ինտերնետից ու նորություններից, այլեւ՝ ուսուցիչները: Նրանք չեն կարողանում այսօրվա պահանջարկին համապատասխան գիտելիքներ մատուցել: Որպեսզի այդ բոլոր դպրոցները միացվեն ինտերնետին՝ պահանջվում է համարյա նույն գումարը, որը ծախսվում է թափառող շներին ոչնչացնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել