Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ մեղադրողը կորավ

Մայիս 23,2009 00:00

«7-ից» անջատված գործերով անցնողները «կորելու» հակվածություն ունեն

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ կիսատ էր մնացել Ոսկերչյանի գործով վկա Վահագն Մանուկյանի հարցաքննությունը: Վերջինս նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ իրեն երկու անծանոթ մարդիկ են խնդրել, որպեսզի նա գրի, որ իրեն ԱԱԾ-ում ծեծել են։ Սակայն պարզվել է, որ Մանուկյանն իր երկրորդ նախաքննական ցուցմունքում ասել էր, որ իրեն համոզողները եղել են իր համագյուղացի Հայկ Մարտիրոսյանը եւ եւս երկու մարդ: Դատարանի դահլիճում, սակայն, վկան ասում է, որ չի հիշում, որ Հայկի հետ խոսել է, ինչպես նաեւ չի հիշում իր տված ցուցմունքը: Այս ամենն ի նկատի ունենալով՝ պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել Մանուկյանի նախաքննական ցուցմունքի այդ հատվածը, իսկ դատավորը բավարարեց այդ միջնորդությունը: Ոսկերչյանի գործով հաջորդ վկան՝ Արիստակես Վարդանյանը, հարցաքննության ժամանակ նշեց, որ անձամբ չի ճանաչում Գրիգոր Ոսկերչյանին, եւ նրա կողմից զանգվածային անկարգություններ հրահրելը չի տեսել:

Պաշտպանական կողմի այն հարցին, թե Վարդանյանն անձա՞մբ է գրել իր ցուցմունքը, թե՞ նրան թելադրել են, վկան պատասխանեց, որ ե՛ւ ինքն է գրել, ե՛ւ իրեն թելադրել են: Այդ ժամանակ մեղադրող դատախազ Աշոտ Նադոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ընդմիջել դատական նիստը 30-40 րոպեով, քանի որ ինքն այդ ժամին մեկ այլ դատական նիստում ներգրավված է որպես մեղադրող կողմ:

Պաշտպանական կողմն էլ հայտարարեց, որ իրենք մտահոգություն ունեն, որ սա արվում է վկայի վրա այդ ընթացքում ճնշում գործադրելու համար, հակառակ դեպքում մեղադրողը կարող էր ավելի վաղ տեղյակ պահել, որ ինքը մասնակցելու է մեկ այլ դատական նիստի: Պաշտպանական կողմը նաեւ դատավորից պահանջեց, որպեսզի ընդմիջման ժամանակ վկային չուղեկցեն ոստիկանները, դատավորն էլ ասաց, որ վկան ազատ կարող է տեղաշարժվել դատարանի տարածքում։

Այնուհետեւ դատավորը բավարարեց մեղադրողի միջնորդությունը եւ հայտարարեց մեկ ժամ ընդմիջում: Նշենք, որ ընդմիջման ժամանակ վկան հրաժարվեց սպասել վկաների համար նախատեսված սենյակում եւ սպասեց դատարանի ընդհանուր սրահում, որտեղ Ոսկերչյանի հարազատները, պաշտպանները եւ լրագրողները ողջ ընթացքում հետեւում էին, որպեսզի այս վկային եւս չառեւանգեն, ինչպես դա տեղի էր ունեցել նախկինում: Ընդմիջումից հետո դատական նիստին մեղադրողը չներկայացավ, դատավորը եւս 10 րոպե ընդմիջում հայտարարեց, բայց մեղադրողը դրանից հետո էլ չհայտնվեց դատարանի դահլիճում, ուստի դատավորը որոշեց հետաձգել դատը մինչեւ մայիսի 25-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Գլխավոր դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ հարուցվել է քրեական գործ «Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն հարկադրելու» մեղադրանքով: Պատճառաբանվում էր, թե իբր նախկին «7»-ի գործով անցնող վկաներին սպառնում են (ակնարկվում էր, թե իբր դա անում են քաղբանտարկյալների կողմնակիցները) հրաժարվել իրենց նախնական ցուցմունքներից, այլապես հաշվեհարդարի կենթարկվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել