Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԲԱՍՏԻԼԻ ԱՄՐՈՑ

Մայիս 23,2009 00:00

Ընդդիմությունը համարում է, որ Կենտրոնը մտավորականության Բաստիլն է

Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանդիպում-հանրահավաքը Կենտրոն համայնքի բնակիչների հետ տեղի ունեցավ Խանջյան փողոցին հարակից տարածքում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Բազմամարդ այս հանդիպումը վարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե Կոնգրեսը շարունակում է քաղաքական պայքար վարել, իսկ նրա մրցակիցները՝ իրար ծեծել. «Ամեն ինչ շատ նորմալ ընթանում է: Ընտրություններին մնացել է մոտ 10 օր, եւ կարծում եմ, որ 10 օր հետո մենք բոլորս միասին տոնելու ենք շատ լուրջ հաղթանակ»: Միայն «հաղթանակ» բառը բավարար էր, որ մարդիկ ոգեւորվեին ու տեւական ժամանակ վանկարկեին «Հաղթանակ» կարգախոսը, իսկ Կոնգրեսի երիտթեւի ներկայացուցիչները խփեին թմբուկները: Ա. Զուրաբյանը ասաց նաեւ, որ հաղթանակը լինելու է երկարատեւ գործընթացի սկիզբը, որովհետեւ երկրում սահմանադրական կարգի եւ օրինականության հաստատման ճանապարհը երկար է լինելու: Նա նաեւ հույս հայտնեց, որ այդ վերջնական հաղթանակը Կոնգրեսն ու մեր հասարակությունը տոնելու են այսօրվա քաղբանտարկյալների հետ միասին:

Խոսեց նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ու նկատեց, որ ընդդիմության մրցակցի թիմն ամբողջությամբ այնքան գիրք չի կարդացել, որքան գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու, նկատի ունենալով այն, որ Կենտրոն համայնքում է կենտրոնացած մտավորական, մշակութային, բարոյական, կրթական ուժը, հայտարարեց, թե Կենտրոնը պարտավոր է առավելագույն ձայները՝ 80% մյուսներից ավելի ապահովել Լ. Տեր-Պետրոսյանի համար: Ա. Մանուկյանը շեշտեց, որ հակառակ դեպքում Կենտրոնի հզոր «Բաստիլը» եթե իր ուժը ցույց չտա, ուրեմն մենք պարելու իրավունք էլ չունենք»: Նա էլի խնդրեց ընտրողներին պասիվ չլինել, չալարել եւ գնալ ընտրության, որովհետեւ 2008թ. նախագահական ընտրություններում որոշ տեղերում պարտվել կամ պակաս թվով ձայներ են հավաքել հենց ընդդիմության համակիր, բայց պասիվ ընտրողի պատճառով: Նա համոզմունք հայտնեց, որ գործող իշխանական որեւէ կուսակցություն հաղթելու շանս չունի, որովհետեւ Երեւանում չկա մի քաղաքացի, ով իր կամքով ձայն է տալու իշխանության որեւէ թեկնածուի, ու դրա համար է, որ նրանք պատռվում են մեջտեղից ու գործի են դրել իրենց վարչական լծակները՝ թաղապետարանները, համատիրությունները, որպեսզի մի քանի օրում պետբյուջեի հաշվին ասֆալտ անեն, վարձավճար զիջեն, վերելակ նորոգեն, որ ինչ-որ տոկոս ձայն հավաքեն: Բայց, ըստ ՀՀՇ ներկայացուցչի, իզուր է լինելու նաեւ դա, որովհետեւ մրցակից կուսակցություններում եղած «առողջ ուժերը օգնում են ընդդիմությանը, տեղեկություններ են տալիս ու տակից աշխատում են մեզ համար»: Նաեւ հայտարարեց, որ այն ընտրողը, ով 31-ին չգնաց ընտրության, բայց տանը նստած, սուրճ խմելիս, բողոքեց իշխանություններից ու Սերժ Սարգսյանից, ուրեմն՝ նա դավաճան է:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, դիմելով Կենտրոնի բնակիչներին, ասաց, որ այն թեկնածուները, ովքեր այս օրերին հայտարարում են, թե գալիս են կանաչապատելու քաղաքը, վերացնելու քաղաքաշինական անճաշակությունը, խոսում են Կենտրոնում արած իրենց աշխատանքի մասին, իրենց ներդրումների մասին՝ հենց այն մարդիկ են, ովքեր Կենտրոնում մարդկանց իրենց տնից հանել ու անճաշակ էլիտարներ են կառուցել, կանաչ տարածքներ են չորացրել:

Ա. Սարգսյանն ասաց, թե այսօր կա երկու թեկնածու՝ ընդդիմության եւ իշխանության. «Պատահական չէ, որ մենք այդ թեկնածուներին առանձին-առանձին չենք անդրադառնում, որովհետեւ մենք անհատների ու նրանց ունակությունների հետ խնդիր չունենք: Մեր մրցակիցը համակարգն է: Այդ թեկնածուներն իրար հետ կռվում են, իրար ծեծում են, բայց դրանցից որեւէ մեկին ոստիկանություն չեն տանում: Հետեւաբար՝ նրանք այդ նույն համակարգի, նույն ծառի պտուղներն են: Ուստի, եթե դուք փոփոխություններ եք ուզում, ապա դրանք փոփոխություններ բերող չեն, նրանք նույնն են, բոլորն իշխանություն են, ու այն, ինչ այսօր ունենք՝ նրանց ձեռքի գործն է: Նրանց մնալու դեպքում ամեն ինչ նույնն է մնալու: Միայն մեր հաղթանակի պարագայում է, որ կարող է փոփոխություն լինել, որ կարող է ծնվել հույս ու վստահություն»: Նա հիասթափված ու հուսալքված երեւանցիներին դիմելով՝ ասաց, թե նրանց հուսալքությունը շարունակվելու է, եթե իշխանության ղեկին մնան քաղաքային այս իշխանությունները, ուստի կոչ արեց նախընտրել փոփոխություններն ու քվեարկել Կոնգրեսի օգտին:

Ա. Սարգսյանը կոչ արեց նաեւ իշխանություններին՝ հանուն Հայաստանի ապագայի եւ նրան սպառնացող վտանգներին դիմակայելու, համախմբել մեր ժողովրդին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ գոնե մեկ անգամ ապահովել արդար ընտրություններ, եւ դա հասարակությունը կգնահատի:

Կենտրոն համայնքում երեկվա հանդիպումը եզրափակվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Նա խոսեց վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տնտեսության աղետալի վիճակի՝ գահավիժող անկման, արտաքին քաղաքական խնդիրների՝ հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂ հակամարտության կարգավորում, նաեւ՝ ներքաղաքական խնդիրների մասին: Նա համարեց, որ իշխանությունների օտարումը ժողովրդից եւս լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար՝ առավել եւս արտաքին մարտահրավերների համատեքստում: ՀՀ առաջին նախագահի դիտարկմամբ, այս պայմաններում գործող իշխանությունը փոխանակ այդ մարտահրավերներին դիմակայելու համար դաշնակիցներ փնտրի, «այս հիմարագույն իշխանությունը կորցնում է իր ամենահիմնական ու լավագույն դաշնակցին՝ սեփական ժողովրդին, այն մարդկանց, ովքեր արյուն են հեղել Ղարաբաղի պատերազմում: Դու թշնամացնում ես քո հիմնական դաշնակցին եւ մեր ձեռքերով գնում ես օտար դռները թակելու: Ի՞նչ ես ստանալու այդ դեպքում, ո՞վ է քեզ մարդու տեղ դնելու, ո՞վ չգիտի, թե քեզ ինչպես են վերաբերվում Հայաստանում»:

Լ. Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ կոչ արեց երեւանցիներին՝ անպայման եւ ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որովհետեւ այդ ընտրությունները դառնալու են նաեւ անվստահության քվե՝ իշխանություններին. «Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում իշխանություններին, նշանակում է՝ նա վստահության քվե է տալիս այսօրվա իշխանություններին: Իսկ ովքե՞ր են այսօրվա իշխանությունները. նրանք, որոնք ուրացան Ցեղասպանությունը: Եթե ժողովուրդը վստահության քվե է տալիս նրանց, ակամա դառնում է Սերժ Սարգսյանի դավաճանության մեղսակիցը»:

Ի դեպ, առաջին նախագահը խոսեց նաեւ այս օրերին ամենաշատ արծարծվող թեմայի՝ Կոնգրեսի հնարավոր պարտության դեպքում ընդդիմության անելիք չունենալու, ընդդիմադիր դաշտը մի ուրիշ ընդդիմության թողնելու մասին: «Այդ մարդկանց մտածողությամբ, քաղաքականությունը ԺԷԿ է, որտեղ մի աշխատողը դուրս կգա, մեկ ուրիշը կգա ու կաշխատի նրա փոխարեն: Քաղաքականությունը բաց է: Մենք ենք ժողովրդի, հրապարակի հետ խոսել եւ ոչ ոք ոչ մի այլ ընդդիմության չի խանգարել նույնն անելու: Թող անեին, ո՞ւր էին մեկուկես տարի: Երկրորդ, ի՞նչ է նշանակում պարտություն ընտրություններում: Միտերանը 1952թ.-ից պայքարել է, 6 անգամ պարտվեց նախագահական ընտրություններում, վերջում երկու ժամկետ նախագահ դարձավ: Այստեղ, ընտրության ցանկացած ելքի դեպքում, պարտություն չկա: Նման բան գոյություն չունի: Պարտությունը լինում է այն ժամանակ, երբ դադարում է պայքարը: Իսկ մենք պայքարը դադարեցնողը չենք»,- վստահեցրեց ՀՀ առաջին նախագահը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ երթ, որն ավարտվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել